Home / Բանակ / Ինքնասպանության վարկածը թող չփորձեն մեզ հետ քննարկել․ զինվորի հարազատները Երևան են եկել

Ինքնասպանության վարկածը թող չփորձեն մեզ հետ քննարկել․ զինվորի հարազատները Երևան են եկել

«Երեկ Արցախում եզդի զինվոր է խրամատում անհայտ պայմաններում զոհվել։ Իմ ազգականներից էր։ Մարտակերտի զորամասում հերթական դեպքերից էր, ու հրամանատարությունը դասեր չի քաղել։ Բառերով անհնար է բացատրել այն անտարբերությունը, որ ունեն քննչական մարմինները ու հրամանատարությունը նման դեպքերի նկատմամբ։ Ոչ մի բացատրություն ու ոչ մի պարզաբանում։

Խաղաղ պայմաններում զոհվածների գործերի բացահայտումից է երևում մեր վերաբերմունքը մեր քաղաքացիների, մեր պետության տեսլականի նկատմամբ», – ֆեյսբուքի իր էջում այս մասին գրել է «Եզդիների ազգային կոմիտե» հասարակական կազմակերպության փոխնախագահ Սաշիկ Սուլթանյանը։

Դեկտեմբերի 2-ի լուսադեմին, դեռևս չպարզված հանգամանքներում, հրազենային վիրավորումից մահացել է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի ժամկետային զինծառայող, ազգությամբ եզդի 21-ամյա Արթուր Իշխանի Աջամյանը։ Պարտադիր ժամկետային զինծառայող Դավիթ Հարությունի Մելիքբեկյանը (ծնված 1999 թ․) հրազենային վիրավորումով տեղափոխվել է հիվանդանոց։ Քննչական կոմիտեից հայտնել էին, որ դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել երկու և ավելի անձանց սպանության փորձի հատկանիշներով: Այլ մանրամասներ քննչական մարմինը դեռևս չի հաղորդում․ «կատարվում է նախաքննություն»։

Ավելի վաղ Հանրապետական դատաբժշկական գիտագործնական կենտրոնի բակում էին հավաքվել մահացած զինվորի հարազատները, Արմավիրի մարզի Արտաշար գյուղից ժամանած նրա համագյուղացիները, եզդիական համայնքի ներկայացուցիչները․ նրանք պահանջում էին, որպեսզի պատկան մարմինները անհապաղ պատասխան տան՝ ինչ պայմաններում է դեկտեմբերի 2-ին զոհվել Ղարաբաղի Պաշտպանության բանակի զինծառայող Արթուր Աջամյանը։

«Սոցիալական ցանցերում ինչ-որ ծալապակասներ տեղեկություններ են տարածել, իբր Արթուրը ինքնասպան է եղել: Լրիվ հիմարություն: Կյանքը սիրող երիտասարդը, բանակից չթռնող երիտասարդը, իր հողն ու ջուրը սիրող երիտասարդը այդ քայլին չէր դիմի:

Ինչ ինքնասպանության մասին է խոսքը, երբ աֆիցեռներից մեզ ասել են, որ մահացու հրազենային վիրավորումը ստացել է թիկունքից: Հստակ հերքվում է այն վարկածը, որ Արթուրը ինքնասպան է եղել:

Մենք գիտենք, Արթուրին էլ հետ չենք բերի: Բայց պահանջում ենք, որպեսզի մեղավորը կամ մեղավորները օրենքի ողջ խստությամբ քրեական պատասխանատվության ենթարկվեն, որպեսզի հետագայում ոչ մի ծնող այն վիշտը չապրի, որ հիմա մենք ենք ապրում: Ավելի դաժան է վիշտը, երբ զինվորը սպանվում է իր ծննդյան օրը [մահվան լուրը Արթուրի հարազատներին հայտնել է նրա ծննդյան օրը – խմբ․]:

Մենք խնդրում ենք վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որպեսզի իր անմիջական հսկողության տակ վերցնի այս դեպքի բացահայտումը: Ուզում ենք հավատալ, որ գոնե այս դեպքի իրական մեղավորները կհայտնաբերվեն ու կպատժվեն: Հակառակ դեպքում՝ եթե իրականությունը չբացահայտվի, մենք մեր ուժերով ենք հետամուտ լինելու, որպեսզի իրական մարդասպանը ի հայտ գա:

Նույնիսկ ուզում ենք հրաժարվել դին տեղափոխել դիահերձարանից, քանի որ երեկվանից ոչ մի հստակ պատասխան չեն տալիս: ․․․Ինքնասպանության վարկածը թող չփորձեն մեզ հետ քննարկել: Մեզ հետ միայն պետք է քննարկվի իրական հանցագործությունը բացահայտելու, մեղավորներին գտնելու և օրենքի ողջ խստությամբ պատասխանատվության ենթարկելու հարցը», – ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում հայտնել են զոհված Արթուր Աջամյանի հարազատները։

Շամշյանի փոխանցմամբ, դատաբժշկական կենտրոնի բակում էր նաև եզդիների ազգային միության նախագահ Ազիզ Թամոյանը, ով ողջ եզդի համայնքի կողմից դատապարտեց կատարվածը ու հույս հայտնեց, որ իրականությունը կբացահայտվի։