Պաշտպանության նախարարության նախագիծը, որով առաջարկվում է հատուցում նախատեսել նաև հակառակորդի նախահարձակ գործողության արդյունքում զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների համար, արժանացավ Կառավարության հավանությանը:
Զինված ուժերի գործունեության ընթացքում, ըստ ՊՆ-ի, եղել են դեպքեր, երբ հակառակորդի կողմից զինծառայողների կյանքին կամ առողջությանը վնասը պատճառվել է այնպիսի պայմաններում, երբ տեղի չեն ունեցել անմիջական մարտական գործողություններ կամ զինծառայողները չեն գտնվել մարտական հերթապահության մեջ և չեն կատարել հատուկ առաջադրանք: Նման դեպքեր, մասնավորապես, տեղի են ունեցել հակառակորդի հեռահար հրետանակոծության կամ առաջնագծից երկրի խորք ընկած տարածքում դիվերսիոն-հետախուզական խմբի գործողության արդյունքում, որոնք սահմանվել են որպես ծառայողական պարտականությունների կատարման շրջանակներում տեղի ունեցած դեպքեր և չեն փոխհատուցվել։
Պաշտպանության նախարարության սոցիալական պաշտպանության ստորաբաժանման կողմից ներկայում հաշվառված է հակառակորդի նախահարձակ գործողության արդյունքում 9 զինծառայողի կյանքին կամ առողջությանը պատճառված վնաս:
Փոխհատուցման մասին նախագիծը ուժի մեջ կմտի Ազգային ժողովի հաստատումից հետո։