Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը նախատեսում է 6 ամսվա ընթացքում շարունակել ընտանեկան կամ սոցիալական նպաստ տրամադրել ընտանիքներին, որոնց աշխատունակ անդամն աշխատանքի կանցնի։ Նախագիծը հաստատվեց Կառավարության այսօրվա նիստին։
6 ամիս ժամանակ՝ ադապտացվելու համար
«Ընտանիքի աշխատունակ անդամի հետ, որը ունի գործազուրկի կարգավիճակ, Զբաղվածության պետական գործակալության հետ համատեղ աշխատանք պետք է տարվի, և զբաղվածության անցնելու դեպքում ևս 6 ամիս շարունակելու ենք տրամադրել նպաստը», – նշեց նախագծի զեկուցող, Սոցիալական ապահովության և աշխատանքի նախարար Զարուհի Բաթոյանը։
Բաթոյանի խոսքով՝ եթե անձը երկու անգամ հրաժարվի իրեն արված երկու հարմար աշխատանքի առաջարկներից (վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզբանում է՝ դա այն առաջարկներն են, որոնք թույլ կտան վաստակել ավելին կամ առնվազն նույնքան, որքան նպաստի տեսքով տրամադրում է պետությունը), տեղի կունենա անապահովության միավորի կտրուկ նվազում՝ հանգեցնելով նաև նպաստի իրավունքի կորստին։
Նախարարությունն այս նախագծով ակնկալում է նպաստառու ընտանիքների համար ստեղծել ինքնուրույնաբար կայուն եկամտի ձևավորման հնարավորություններ և ապախթանել պետական նպաստը ստանալու հանգամանքը։
Սեզոնային զբաղվածությունը չի հանգեցնի նպաստի կորստին
Կառավարության արդեն իսկ հաստատված որոշմամբ ընտանիքները հնարավորություն ունեն սեզոնային աշխատանքների մեջ ներգրավվելով՝ շարունակել ստանալ նպաստի հնարավորություն։ Այս նախագծով Սոցապ նախարարությունը առաջարկում է ընդլայնել սեզոնային ժամանակավոր աշխատանքների ցանկը՝ ներառելով շուրջ 20 աշխատանքի տեսակ (գյուղատնտեսական սեզոնային աշխատանքներ, ճանապարհաշինարարարկան, ասֆալտապատման, անտառապատման և այլ):
Նախարարի խոսքով՝ այս աշխատանքներում ներգրավվող քաղաքացիները և նրանց ընտանիքները նպաստի իրավունքից ևս չեն զրկվի։
Անապահովության գնահատման ժամանակ հաշվի կառնվեն վարկային պարտավորությունները
Նպաստների վերաբաշխման համակարգը ավելի հասցեատիրական դարձնելու համար նախագծով առաջարկվում է ընտանիքի անապահովության գնահատման համար օգտագործվող բնութագրիչները ավելացնել ևս մեկով և հետագայում (վարկային պարտավորությունների գծով 100 հազար և ավելի դրամի չափով միջին ամսական մարում կատարելու դեպքում) հաշվի առնել ընտանիքի վարկային պարտավորությունների հանգամանքը։
«Նպաստ ստացող ունենք, որ ամիսը 1 միլիոն դրամ վարկ է փակում։ 1 միլիոն, 800 հազար, 500 հազար … Այսինքն` պետությունից որպես անապահով ակնկալում են ամիսը 30 հազար դրամ, բայց ամիսը 700 հազար դրամ վարկ են փակում։ Ասենք, օրինակ` ավտոմեքենա է առել ու վարկ է փակում»,- ասաց վարչապետ Փաշինյանը։
Փոփոխությունները, ըստ նախատեսվածի, ուժի մեջ կմտնեն 2020 թվականի ապրիլի 1-ից՝ Ազգային ժողովի հաստատումից հետո։