Հայաստանում աղքատության պատճառների շարքում առանցքային տեղ են զբաղեցնում արմատավորված գենդերային խտրականությունը և տարածված կարծրատիպերը։ Կանայք Հայաստանում շատ հաճախ ունենում են ավելի սահմանափակ տնտեսական հնարավորություններ, քան տղամարդիկ, ինչը հանգեցնում է ցավալի հետևանքների, նշում են «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության կողմից ներկայացված հոդվածի հեղինակները։
Մասնավորապես, Հայաստանի գյուղական շրջաններից արտագնա աշխատանքի մեկնած տղամարդկանց փոխարեն այդ տնային տնտեսությունների ղեկավարումը ստանձնում են կանայք, որոնք, սակայն, բախվում են գենդերային խտրականության տարբեր դրսևորումների։
Ըստ ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության «Գենդերը, գյուղատնտեսությունը և գյուղական շրջանների զարգացումը Հայաստանում» 2017 թվականի զեկույցի, տղամարդկանց շրջանում երկարաժամկետ աշխատանքային միգրացիայի բարձր մակարդակը մեծացնում է կնոջ գլխավորությամբ տնային տնտեսությունների քանակը, քանի որ կանայք տնային տնտեսությունների գլխավորներ են համարվում, որպես կանոն, միայն տղամարդկանց բացակայության պայմաններում։
Կնոջ գլխավորությամբ տնային տնտեսություններն ավելի հակված են աղքատության մեջ հայտնվելու, քան տղամարդու գլխավորությամբ տնային տնտեսությունները (համապատասխանաբար՝ 31.5% և 29.4%)՝ կանանց սահմանափակ տնտեսական հնարավորությունների, սեռով պայմանավորված անհավասար վարձատրության և, ամենից առավել, այն պատճառով, որ կանանց գլխավորությամբ տնային տնտեսությունները մեծամասամբ մեկ ծնողով տնային տնտեսություններ են, որտեղ տնտեսապես ակտիվ և ընտանիք եկամուտ բերող անդամների քանակն ավելի փոքր է։
Ըստ զեկույցի՝ Հայաստանում կանանց շրջանում աղքատության մակարդակն ավելի բարձր է, քան տղամարդկանց շրջանում (համապատասխանաբար՝ 54.7% և 45.3%), ինչը հետևանք է այն բանի, որ կանայք տղամարդկանց համեմատությամբ ունեն ավելի սահմանափակ տնտեսական հնարավորություններ։
Հայաստանում գյուղական տնային տնտեսություններ գլխավորող կանայք սահմանափակ հնարավորություններ ունեն իրենց գույքը տնօրինելու (հողերը հաճախ գրանցված են լինում տղամարդկանց անունով), տրանսպորտային միջոցները շահագործելու և արտադրական ռեսուրսներից օգտվելու համար։
Ըստ զեկույցում ներկայացվող վիճակագրության, գյուղաբնակ կանանց համար քիչ հասանելի է կամ հասանելի չէ գյուղատնտեսական տեխնիկան՝ տրակտորները, կոմբայնները և հնձիչ մեքենաները: Տեխնիկան կարծրատիպորեն կապված է տղամարդու գենդերային դերի հետ: Գյուղական բնակավայրերում մեքենաների ավելի քան 95%-ի սեփականատերերը, ինչպես նաև մարզերում գյուղատնտեսական տեխնիկա վարողների 100%-ը տղամարդիկ են։
«Աշխատանքի բաշխման, ռեսուրսների հասանելիության, սեփականության և տնային տնտեսության մեջ հսկողության հարցերում գենդերային անհավասարություններն անմիջական ազդեցություն ունեն ողջ ընտանիքի առողջության վրա։ Երբ թե՛ մայրերը և թե՛ հայրերը կիսում են պատասխանատու ծնող լինելու պարտականությունը, բարելավվում են նաև ողջ ընտանիքի առողջությունն ու սնուցումը։ Հետևաբար, գենդերային կարծրատիպերի և խտրականության բացառումը կարող է էականորեն նպաստել աղքատության հաղթահարմանը», ֊ մասնավորապես, ասված է հոդվածում։