Հայաստաում ոչ որոկյալ կրթությունից հատկապես տուժում են գյուղաբնակ երեխաները, սոցիալապես խոցելի ընտանիքներում ապրող երեխաները և աղջիկները։ Սա արտացոլված է «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» կազմակերպության «Կրթության իրավունքի հասանելիության և հավասարության հիմնախնդիրները ՀՀ հանրակրթության ոլորտում» հետազոտության մեջ։
«Հայաստանյան հանրակրթական համակարգում առկա է անհավասարություն գյուղում և քաղաքում ապրող, ինչպես նաեւ սոցիալապես խոցելի ընտանիքների երեխաների համար՝ կրթական հնարավորությունների հասանելիության առումով: Սովորողների կրթական ձեռքբերումների, ուսման մեջ առաջադիմության, ինչպես նաև հետագայում մասնագիտական կողմնորոշման ու բուհ ընդունվելու հարցում էական դերակատարում ունեն՝
- սովորողների ընտանիքների սոցիալ‐տնտեսական կարգավիճակը,
- ծնողների կրթվածության մակարդակն,
- ընտանիքի բնակության վայրի աշխարհագրական տեղակայումը»։
Առաջարկվում է, որ պետական քաղաքականությունը առանձնահատուկ ուշադրություն դարձնի և մեխանիզմներ ստեղծի այս խմբերի երեխաների լիարժեք ներառումը որակյալ հանրակրթության մեջ ապահովելու համար:
Չնայած որ հանրակրթական դպրոցների շենքային և գույքային պայմաններում խնդիրրներ առկա են թե քաղաքային, և թե մարզային ու գյուղական դպրոցներում, սակայն առավել խոցելի են այս առումով կրկին գյուղական դպրոցները:
2015‐2016 թվականների տվյալներով՝ Հայաստանի դպրոցների մոտ կեսը՝ 48.6%՝ (675 դպրոց) ունեն նորոգման կարիք։ Այդ թվում՝ Երևանում՝ 111 դպրոց, մարզերում՝ 564։ Հանրապետությունում կան 153 դպրոցներ, որտեղ բացակայում է կոյուղին։ Հատկանշական է, որ դրանք միայն մարզերում են․ Գեղարքունիք՝ 19%, Արմավիր՝ 18.2%, Տավուշ՝ 17.3%։ 8 դպրոցում բացակայում է ջեռուցումը։ Բոլոր այդ դպրոցները կրկին մարզերում են․ 4‐ը՝ Շիրակի մարզ, 2‐ը՝ Արարատի մարզ, 1‐ը`Սյունիքի մարզ, 1‐ը` Լոռու մարզ:
Խտրականության տեսանկյունից հայաստանյան դպրոցներում առավելապես խոցելի են աղջիկները։
Հարցվածների հիմնական մասը լավ կրթություն ստանալը ավելի առաջնային է համարել տղաների համար, քան աղջիկների, երբ որևէ պաշտոն զբաղեցնելու հեռանկարն ավելի կարևոր է համարել տղաների համար, քան աղջիկների, և այդպես շարունակ։
Ըստ ուսուցիչների շրջանում հարցումների արդյունքների, 2010 թվականին հարցվածների 2 տոկոսը համարել է, որ աղջիկների համար կարևոր է բարձր վարձատրությամբ աշխատանք ունենալը, այնինչ տղաների համար դա կարևոր է համարել ուսուցիչների 26 տոկոսը։ 2017 թվականի հարցումներով արդեն, բարձր վարձատրությամբ աշխատանք ունենալն աղջիկների համար կարևոր է համարել ուսուցիչների 0,5 տոկոսը միայն, իսկ տղաների համար՝ 27։
2010 թվականի հարցումների արդյունքներով, աղջիկների համար պաշտոն զբաղեցնելը կարևոր է հարցված ուսուցիչների 2 տոկոսի համար, իսկ 2017 թվականին՝ ընդամենը մեկ տոկոսի։ Աղջիկների համար սեփականություն ունենալը 2010 թվականին կարևոր է համարել ուսուցիչների 5 տոկոսը, իսկ 2017-ին՝ 1 տոկոսը։
Սրան զուգահեռ, ըստ հարցմանը մասնակցած ուսուցիչների, աղջիկները պետք է շատ ավելի մեծ սոցիալական ճկունություն ունենան, քան տղաները։ 2010 թվականի հարցումներով, տղաների համար սոցիալական ճկունությունը կարևոր է համարել հարցված ուսուցիչների 20 տոկոսը, իսկ աղջիկների համար՝ 8 տոկոսը։ 2017 թվականին տղաների համար սոցիալական ճկունությունը կարևոր է համարել ուսուցիչների 3,4 տոկոսը միայն, իսկ աղջիկների համար՝ 21,6 տոկոսը։