Հայաստանի տարածքից նախկին դատավոր Սամվել Ուզունյանի ելքը կանխելուն ուղղված միջոցառումների պայմաններում Ուզունյանի՝ երկրից մեկնելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել՝ պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական անփութության հատկանիշներով։
Գլխավոր դատախազության հաղորդմամբ՝ Քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի առաջին մասով հարուցված գործն ընդունվել է Հատուկ քննչական ծառայության վարույթ:
Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախկին նախագահ Սամվել Ուզունյանը, հիշեցնենք, մեղադրվում է 51 հազար դոլար կաշառք ստանալու մեջ։ Դեկտեմբերի 23-ին հայտնի դարձավ, որ առանձնապես խոշոր չափով կաշառք տալու դրդչության փորձի և առանձնապես խոշոր չափով կաշառք ստանալու գործով մեղադրյալ, դատավոր Սամվել Ուզունյանն լքել է Հայաստանը։ «Հոկտեմբերի 27»-ի գործը քննած Ուզունյանը, նախնական տվյալներով, մեկնել է Ռուսաստանի Դաշնություն՝ Մոսկվա։
Գլխավոր դատախազի տեղակալը դեռևս դեկտեմբերի 20-ին նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրան ազատությունից զրկելու միջնորդություն է ներկայացրել Բարձրագույն դատական խորհուրդ (ԲԴԽ)։ Նույն օրը ԲԴԽ-ն բավարարել է այն։ Շաբաթ օրը արդեն Հատուկ քննչական ծառայությունը դիմել է դատարան։ Դատարանը բավարարել էր նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը։ Ուզունյանին բերման ենթարկել չէր հաջողվել, քանի որ միջնորդությունների ներկայացման և քննման ընթացքում վերջինս հասցրել էր փախչել Հայաստանից։
Բացի այդ՝ ինչպես հայտնում է Ոստիկանությունը, «Զվարթնոց» օդակայանում հայտնաբերվել է նրա ուղեբեռը, իսկ ուղեբեռում՝ փամփուշտ։ Ինչպես է նման պայմաններում դատավորին հաջողվել գնալ Հայաստանից, Ոստիկանությունը չի պարզաբանում։
Դատավորն այժմ գտնվում է հետախուզման մեջ: