Home / Բանակ / Սպանված զինվորի հարազատները ստիպված էին փակել փողոցը

Սպանված զինվորի հարազատները ստիպված էին փակել փողոցը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպեց 26 օր առաջ բանակում զոհված զինծառայող Արթուր Աջամյանի հարազատների հետ, որոնք համագյուղացիների և եզդիական համայնքի ներկայացուցիչներ հետ միասին առավոտից բողոքի ցույց էին անում Կառավարության շենքի մոտ՝ պահանջելով բացահայտել իրենց երեխայի մահվան հանգամանքները։ Աջամյանի հարազատները համոզված են՝ Արթուրին սպանել է վաշտի հրամանատարը, սպանության հոդվածով հարուցված քրեական գործը տեղից չի շարժվում, կան նշաններ, որ քրգործը փորձում են կոծկել և վերավորակավորել իբրև ինքնասպանություն։

Հարազատները վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում էին պահանջում։ Մինև վարչապետի համաձայնելը՝ նրանք փորձեցին մտնել Կառավարության շենք և երկու անգամ մի քանի րոպեով փակեցին Տիգրան Մեծ պողոտան, բայց հանդիպեցին ոստիկանների հրմշտոցներին և անցորդների անտարբերությանը։ Հավաքվածներին զայրացրեց նաև վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը, ով եկավ փոխանցելու, որ Փաշինյանը արդեն գալիս էր հանդիպամն, բայց երբ իմացավ, որ փողոց են փակել, մտափոխվեց և վերադարձավ կաբինետ, հավաքվածների հետ կխոսի օգնականի միջոցով։

Մարդիկ արձագանքեցին․ «Հենց այնպես չենք փակել», «անլուրջ բանի համար չենք անում, 2018-ին էլ ենք փակել», «երեխա են սպանել», «անարդարության դեմ ենք դուրս եկել, որ էլ չկրկնվի»

«Համոզված ենք, որ վարչապետը այս հարցին օբյեկտիվ լուծում է տալու։ Հիմա գնալու ենք տուն և սպասելու ենք արդյունքներին, որովհետև գիտենք, որ պարոն վարչապետը տեղյակ է և խոստացավ, որ անձամբ կհետևի այս հարցին։ Հավատում ենք, որ գործը կբացահայտվի», – Փաշինյանի հետ հանդիպումից հետո ասացին Աջամյանի հորեղբայրը և պապը։

21-ամյա Արթուր Աջամյանը մահացել է 2019թ. դեկտեմբերի 2-ին։ Պաշտոնական հաղորագրության համաձայն, ժամը 06:50-ի սահմանում, Ղարաբաղի Պաշտպանության բանակի հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում նա մահացու հրազենային վիրավորում է ստացել, իսկ զինծառայող, 1999թ. ծնված Դավիթ Հարությունի Մելիքբեկյանը վիրավորվել է:

Թեև դեպքի առթիվ երկու և ավելի անձանց սպանության փորձի հատկանիշներով քրգործ էր հարուցվել, մամուլում շրջանառության մեջ էր դրվել զինվորի կողմից ծառայակցին սպանելու փորձ կատարելու, ապա՝ ինքնասպանություն գործելու վարկածը։

Արթուրի հարազատները, նրանց փաստաբան Հայարփի Սարգսյանը պնդում են՝ սա վկայում է, որ պատկան մարմինները սպանության այս դեպքն էլ են ուզում ձևակերպեկ որպես ինքնասպանություն։

«Մենք ունենք խնդիր։ Կա սխալ լուրերի արտահոսք, իբր ինքնապսանություն է եղել, որից առաջ նա վիրավորել է տղային։ Ունենք փաստ․ քրեական գործ՝ սպանության հոդվածով։ Որքան էլ տեսնենք, որ դա սպանություն է, իրենք տրամադրվածություն ունեն, որ դա ինքնասպանություն է ձևակերպվելու»,- նշում է փաստաբանը։

Նրա խոսքերով, դեկտեմբերի 2-ին զորամասի մարտական դիրքերում սպանված Արթուր Աջամյանից և վիրավորում ստացած Դավիթ Մելիքբեկյանից բացի ևս 5 զինծառայող է եղել։ Դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ արդեն իսկ պարզվել է, որ նրանցից երեքի վրա կան վնասվածքներ (դեմքի ճանկռվածնքեր, արյունազեղումներ), մեկի դեպքում՝ անհայտ վաղեմության ժամկետով։

Աջամյանը, փաստաբանի հաղորդմամբ, ևս վնասվածք է ունեցել՝ ճակատային մասում, իսկ գնդակը դուրս է եկել նրա ծոծրակից` վերևից ներքև ուղղությամբ: «Տրամաբանությունից զուրկ է, որ ինքն իրեն կարող էր այդպես կրակել: Նրան գտել են վիրավոր զինծառայողից 740 մետր հեռավորության վրա՝ փոսի մեջ»,- ասում է փաստաբանը։

Սարգսյանն ակնարկում է՝ ինքնասպանության մասին կեղծ տեղեկությունները գալիս են Պաշտպանության նախարարությունից․ «Ես այս պահի դրությամբ տեսնում եմ, որ Պաշտպանության նախարարն է թելադրում Քննչական կոմիտեին»:

Նրա խոսքերով՝ ՊՆ-ն նույնիսկ վիրավորի հարազատներին է փորձում տրամադրել մահացած զինծառայողի հարազատների դեմ, նաև՝ թաքցնում է Մելիքբեկյանի առողջական վիճակի մասին տեղեկատվությունը․ «Ես այս պահին չեմ կարողանում մտնել հոսպիտալ և հարցնել, թե ինչպես է վիրավորը, որովհետև հրաժարվում են պատասխանել»:

Վերջին տեղեկություններով՝ վիրավոր Դավիթ Մելիքբեկյանը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։ Պաշտպանության նախարարությունից և Զինհոսպիտալից այլ տեղեկություն, այդ թվում նաև՝ գիտակից վիճակում է արդյոք Մելիքբեկյանը, թե ոչ, փաստաբանին և զոհված զինվորի հարազատներին չեն տրամադրում։

«Քննություն է գնում, մինչև հիմա քննչական մարմինները մեզ չեն տեղեկացնում, դաժե զանգում ենք, ժամանակ ա լինում, զանգերին էլ չեն բարեհաճում պատասխանել», – ասում է հարազատներից մեկը։

«Անդրանիկ Քոչարյանն էլ փափուկ բարձ դրեց գլխիս տակ։ Ասեց՝ տիկին ջան, գնա, քո երեխու արարողությունը արա, ես քո հետ կանգնած եմ։ Չարեց։ Հիմա զանգում եմ Անդրանիկ Քոչարյանին, զանգերիս չի պատասխանում», – ասում է զինվորի մայրը։

Վարչապետ Փաշինյանի հետ հանդիպման պահանջին Կառավարությունից արձագանքեցին, նախ, որ վարչապետը նիստի է և կիջնի՝ նիստի ավարտից հետո։ Զինվորի հարազատները համաձայնեցին սպասել։ Նիստի ավարտից հետո Փաշինյանը, սակայն, չիջավ։ Նրանք՝ ի նշան բողոքի, փակեցին Տիգրան Մեծ փողոցը։ Իջավ Փաշինյանի օգնական Նաիրի Սարգսյանը։ Պարզվեց, փողոց փակելու պատճառով վարչապետը մտափոխվել է հանդիպել Աջամյանի հարազատներին։ «Սա վարչապետի հետ հանդիպման մեթոդ չէ», – ասաց Սարգսյանը։ Նա առաջարկեց բոլոր բողոքները փոխանցել իր միջոցով։ Զինվորի հարազատները հրաժարվեցին՝ եթե Փաշինյանը չհանդիպի իրենց, կփակեն նաև իրենց գյուղին հարակից երկաթգիծը։

Որոշ ժամանակ անց վարչապետը համաձայնեց ընդունել ցուցարարներին։ Զոհված Արթուր Աջամյանի մայրը, հորեղբայրը, պապիկը և նրանց ներկայացուցիչ Հայարփի Սարգսյանը գնացին հանդիպման:

https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/499262474044246/