հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Կրթություն / Բավարարվել ենք ազգային փոքրամասնությունների ֆիզիկական ներկայությամբ

Բավարարվել ենք ազգային փոքրամասնությունների ֆիզիկական ներկայությամբ

Մարդու իրավունքների եզդիական կենտրոնը «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնության հետ միասին իր ֆորմատի մեջ առաջին անգամ քննարկում անցկացրեց Հայաստանի ազգային փոքրամասնությունների իրավունքների և դրանց պաշտպանության թեմայով։ Ոլորտ առ ոլորտ վեր հանվեցին այն հիմնական խնդիրները, որոնք ծառացած են ազգային փոքրամասնությունների առաջ։

Մարդու իրավունքների եզդիական կենտրոնի ղեկավար Սաշիկ Սուլթանյանը անդրադարձավ ազգային փոքրամասնությունների մասնակցության հարցին․ «Ազգային փոքրամասնությունների մասնակցությունը գործընթացներին չպետք է սահմանափակած լինի նրանց զուտ ֆիզիկական ներկայությամբ։ Ցավոք սրտի, անկախությունից ի վեր բազմաթիվ ոլորտներում մենք ունեցել ենք ազգային փոքրամասնությունների ոչ արդյունավետ և ոչ իմաստալից մասնակցություն։ Մասնավորապես՝ մենք խոսում ենք ազգային փոքրամասնությունների համար քվոտավորման համակարգի ստեղծման մասին, պետական կառույցներում նրանց ներկայության մասին, բայց մենք երբեք չենք խոսում, թե իրենք, լինելով այս կամ այն ապարատում, պետական մարմնում, ի՞նչ իրավունքներ ու ի՞նչ պարտականություններ ունեն, և դրանք որքանո՞վ են չափելի, կամ այդ արդյունքները, որոնք նրանք կարող են ստեղծել, որքանո՞վ կարող են ազգային փոքրամասնությունների խնդիրների լուծման հիմք դառնալ։

Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ժաննա Անդրեասյանն իր խոսքում անդրադարձավ ազգային փոքրամասնությունների հասարակական կյանքում տեսանելիության խնդրին․ «Շատ հաճախ մենք նույնիսկ մեր խոսքում կարող ենք չնկատել, թե ինչպես է այդ խոսքը դառնում բացառող այն սովորական թվացող արտահայտություններում, որոնք իրականում առանձնացնում են մեր հասարակության ներսում մարդկանց մի խմբին և անտեսանելի են թողնում մյուս խմբին։ Խոսում ենք շատ առօրյական և սովորական բաների մասին, ինչպես օրինակ հունիսի 1-ի շնորհավորանքն է հայ մանուկներին, մարտի 8-ի շնորհավորանքն է հայ կանանց և նման, շատ հաճախ սովորական թվացող և արդեն իսկ մեր ականջին  խնդրահարույց չթվացող արտահայտությունները»։

«Խիրատ» լրատվական-վերլուծական կենտրոնի փորձագետ Մրազ Ազիզին, խոսելով ազգային փոքրամասնությունների սոցիալ-տնտեսական խնդիրների մասին, նշեց, որ դրանք առավելապես նույնական են այն խնդիրների հետ, որոնք առկա են Հայաստանի բոլոր քաղաքացիների համար, սակայն առանձնացրեց մի շարք դեպքեր, որտեղ այդ խնդիրների ծագումը կարող է պայմանավորված լինել ազգային խտրականության հիմքով։ Մասնավորապես, անդրադարձ կատարվեց Ֆերիկ համայնքի հողերի օտարման դեպքին, տարբեր տարիներին եզդիներից հողերի, արոտավայրերի և այլ սեփականության ապօրինի օտարման դեպքերին։

Մարդու իրավունքների եզդիական կենտրոնի փորձագետ Իսաբել Բրոյանը խոսեց ազգային փոքրամասնությունների կրթական խնդիրներից, առանձնացնելով հանրակրթական դպրոցներից հատկապես եզդի աղջիկ երեխաների դուրս մնալու, ընդհանուր հաճախելիության, եզդիերենը խմբակի տեսքով դասավանդելու և այլ խնդիրներ․ «Մեր ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ շատ դպրոցի տնօրեններ բավարար ջանքեր չեն գործադրում դուրս մնացող երեխաների կրթությունն ապահովելու համար՝ պատճառաբանելով ազգային ավանդույթներն ու սովորույթները»։

Ֆորումի մասնակիցները պատրաստակամություն հայտնեցին ազգային փոքրամասնությունների խնդիրների շուրջ քննարկումները դարձնել առավել հաճախակի։

Մարդու իրավունքների եզդիական կենտրոն