Home / Կրթություն / Եզդիերենի ուսուցչի պակասը մնում է արդիական խնդիր 

Եզդիերենի ուսուցչի պակասը մնում է արդիական խնդիր 

Մրազ Շամոյանը Երեսխահուն գյուղի Մարտիկ Գևորգյանի անվան միջնակարգ դպրոցի եզդիերենի միակ ուսուցիչն է: Մասնագիտությամբ իրավաբան Մրազը պաշտոնն անսպասելի է ստանձնել նախորդ ուսումնական տարվա կեսերին, երբ պարզ դարձավ, որ նախկին ուսուցչուհին մեկնում է արտերկիր, և եզդիերերենի խմբակը մնում է առանց ուսուցչի: Եզդիերեն ուսուցիչ աշխատելու առաջարկը նա ստանում է արդեն երկրորդ անգամ:

«2005թ. դեռ դպրոցական էի, – ասում է Մրազը, – 10-րդ դասարանում էի սովորում, եզդիերենի դասագրքերը նոր պետք է ներդրվեին եզդիական համայնքների դպրոցներում: Հետաքրքրվել էին, իմացել էին, որ եզդիերենով ես հետաքրքրված եմ, քիչ թե շատ ինքնակրթությամբ ուսումնասիրել էի, ինձ առաջարկեցին  զբաղվել ուսուցչությամբ, բայց քանի որ ես ուրիշ նպատակներ ունեի կապված իրավաբանության հետ, չհամաձայնեցի. հնարավոր չէր համատեղել: Ուսումնառությունս ավարտելուց հետո որոշ ժամանակ զբաղվել եմ ոչ մասնագիտական աշխատանքներով, վերջին տարիներին նաև իրավաբանական խորհրդատվական աշխատանքներ եմ իրականացնում մեր համայնքում»:

Ու թեև երեխաները Մրազին շատ են սիրում և ինքն էլ մեծ նվիրում է կատարում իր  աշխատանքը, նա նպատակ չունի մնալու այս պաշտոնում երկար. արդեն որոշել է, որ ավարտելու է փաստաբանական դպրոցն ու մարզում փաստաբան աշխատի:

ՀՀ դպրոցներում եզդիերեն լեզվի և գրականության դասավանդումը ներդրվել է 2006-07թթ.: Ինքը Մրազը դպրոցում եզդիերեն չի անցել, լեզուն սովորել է ինքնակրթությամբ, բայց խմբակ վարելուն համար մասնագիտական կրթություն ունենալը պարտադիր չէ, բավարար է առարկայի իմացությունը:

«Ընդհանուր առմամբ ես դրական կգնահատեի եզդիերենի դասավանդումը, – ասում է Մրազը,  – թեև մեծ բացթողումներ, թերացումներ, պետք է նշել, որ կան: Ես հիշում եմ, որ երբ ավարտում էի դպրոցը, այդ ժամանակ շատ էր խոսվում դասագրքերի մշակման մասին: Ես ինքս շատ էի ցավում, որ զրկվում էի այդ հնարավորությունից՝ դպրոցում եզդիերեն ուսունասիրելու: Ես հիմանականում զբաղվել եմ ինքնակրթությամբ, ինքս եմ լեզուն սովորել: Եթե այդ շանսը լիներ դպրոցում սովորելու եզդիերեն, դա կլիներ մեզ համար երանություն»:

1962թ.-ից, երբ հիմնվեց այս դպրոցը, – ասում է Երախսահունի դպրոցի շրջանավարտ Արմեն Ախմեյանը, – դպրոցի տնօրենն իմ հորեղբայրն էր՝ Քյարամ Ախմեյանը: Նա երկար տարիներ դասավանդել է աշխատանքի ուսուցում, երկրաչափություն, հանրահաշիվ: Ահավոր խիստ էր: Նրա ժամանակ եզդիերենը, որ պետք է նոր դասավանդեին դպրոցում, դասերից հաճախ բացակայում էինք, կանչեց մեզ, ասաց՝ ձեր լեզուն է, ձեր ազգը, կգա ժամանակը, կհասկանաք: Հիմա եկել է էդ ժամանակը»:

«Ինձ համար շատ դժվար էր առաջին մեկ-երկու շաբաթվա ընթացքում դաս վարելը, երբ  դեռ նոր էի սկսել մտնել դասարան, – ասում է ուսուցիչ Մրազը, – Տարբեր տարիքային խմբերի հետ աշխատելը սկզբում բարդ էր, երևի նաև այն պատճառով, որ դասավանդումն իմ մասնագիտությունը չէ: Այսինքն, էդ հոգեբանական հնարքներին ինչ-որ ձևով պետք է տիրապետես, որ կարողանաս ղեկավարել դասարանը: Մանավանդ դժվար էր աշխատել ցածր դասարանների հետ: Բայց ընթացքում փորձել եմ այնպիսի հունարքներ գտնել, այնպիսի մեթոդներ, որ կարողանամ երեխաների հետ լեզու գտնել: Դասարանում փորձում եմ այնպիսի մթնոլորտ ստեղծել, որ նրանց համար դասապրոցեսը հաճելի, հետաքրքիր լինի: Ինչ-որ տեղ փորձում եմ նորարարական մեթոդներ կիրառել: Սկզբում չէի հարմարվում, շատ հաճախ մտածում էի՝ չէ՛, երևի թե չշարունակեմ»:

Այնուամենայնիվ, Մրազը (նկարում) խոստովանում է, որ թեև հետամուտ է լինելու իր մասնագիտական կատարելոգործմանը որպես իրավաբան և ուսուցչի աշխատանքը դիտարկում է որպես առաքելություն, նա վճռել է չլքել այն այնքան ժամանակ մինչև համոզված չլինի՝ առարկան հուսալի ձեռքերում է:

Նա եզդիերենի ներդրումը Հայաստանի եզդիական համայնքների դպրոցներում ողջունելի քայլ է համարում, սակայն նշում է, որ խնդիրներ դեռ շատ կան:

Եզդիերենը դասավանդվում է Արմավիրի մարզի եզդիաբնակ համայնքերից միայն 20-ում, որտեղ 2018-2019թթ. տվյալներով սովորում են 1115 ազգությամբ եզդի երեխա: 20-ից միայն Ֆերիկ գյուղի դպրոցում է եզդիերենը ներդրված հիմնական առարկայացանկում՝ ընդհանուր թվով 18 ժամ, մնացածում այն դասավանդվում է որպես ֆակուլտատիվ, ոչ պարտադիր առարկա: Խմբակների ներդրմամբ դպրոցներում ամենաշատ դասաժամերը Երախսահունում են՝ շաբաթական 11 դասաժամ: Երեխաների թվաքանակը Երասխահունում 70 է: Եզդի երեխաների ամենամեծ թվաքանակն Արտաշարում է՝ 96 երեխա: Դասաժամերի թիվն այստեղ 8-ն է: Եզդի երեխաների թվաքանակով պայմանավորված մեծությամբ 3-րդ գյուղական դպրոցն Արևիկում  է՝ 60 երեխա: Այստեղ հատկացված դասաժամերի քանակը 9-ն է:

Մասնագետները նշում են, որ եզդիական համայնքներում ազգային փոքրամասնությունների լեզուներ դասավանդող մասնագետների պակասը դեռևս մնում է սուր խնդիր: Դեռևս չկա այս առարկայի դասավանդման համար մասնագետների վերապատրաստման հստակ համակարգ, իսկ մասնագիտությունը հրապուրիչ չէ երիտասարդների համար, քանի որ այն ցածր է վարձատրվում: Բացի այդ առարկան դպրոցական ծրագրի հիմնական առարկայացանկում չէ, իսկ ուսուցիչը չի համարվում հաստիքային աշախատող և չի օգտվում սոցիալական նույնիսկ այն սուղ երաշխիքներից, որոնք գործում են ուսուցիչների համար: Համեմատաբար ցածր է նաև աշխատավարձը:

«Մենք ունենք ամենալուրջ խնդիրը՝ դասավանդող ուսուցիչների պակաս,  – ասում է «Սինջար» եզդիների ազգային միավորում ՀԿ-ի անդամ Զեմֆիրա Քալաշյանը, –   Կան ուսոցիչներ, ովքեր շատ լավ տիրապետում են իրենց գործին, ովքեր աշակերտներին իրապես մեծ գիտելիքներ են փոխանցում, և աշակերտները շատ սիրով են հաճախում այդ դասերին: Բայց դրա կողքին հսկայական են այն ուսուցիչների ներկայությունը, ովքեր գրեթե չգիտեն, թե ինչ է դասավանդումը, չգիտեն ինչ է ուսուցիչը, ով է ուսուցիչը, ինչ դերակատարում ունի  դասրանում, ինչպես պետք է իրեն պահի, ինչպես պետք է դասավանդել, ինչ սովորեցնել երեխային, ինչը ոչ: Շատ ժամանակ չեն էլ տիրապետում նորմալ այն դասագրքի բովանդակությանը, որը պետք է դասավանդեն: Շատ գյուղերում եմ եղել: Փոխանցում եմ պարզապես երեխաների կարծիքը. Քանի որ մեզ համար ձանձրալի է, մեզ համար անհետաքրքիր է, քանի որ մենք շատ ենք ուզում մեր ազգայինին ծանոթանալ, մեր լեզուն իմանալ, գրել, կարդալ, բայց մենք այդպես էլ չենք սովորում, մենք որոշել ենք ապարդյուն ժամանակ չվատնել այդ դասերի վրա:

«Ցանկացած ազգի գոյապահպանման հենասյունը հենց լեզուն է, – ասում է ուսուցիչ Մրազը, – այսինքն, եթե մենք չպահպանենք լեզուն, մենք կարող ենք ժամանակի ընթացքում ազգային նկարագրի կորստի առջև կանգնել: Առաջին հերթին եզդիերենի դասավանդումն այս խնդիրն է լուծում, և դա արդեն գովելի է: Մնացած առումներով էլ եզդիերեն գրականություն առարկան օգնում է երեխաներին ավելի մոտ լինել ազգային նիստուկացին, ազգային ավանդույթներին, ծանոթանալ ազգի կրոնական և աշխարհիկ տոներին: Թեև դասագրքերը գրականության դասագրքեր են կոչվում, բայց դրանք պարունակում են պատմությանը վերաբերող ինչ-որ նյութեր, թեև դա բավարար չէ: Ցանկալի կլիներ որ լիներ առանձին եզդի ժողովրդի պատմության դասագիրք, որտեղ պատմությունը ներկայացված կլիներ, լավ կլիներ, որ հատկացվեին առանձին դասաժամեր»:

«Եզդիերեն կարողանում են դասավանդել մի շարք երիտասարդներ, – ասում է Զեմֆիրա Քալաշյանը, – ովքեր այսօր համայնքում ակտիվ են, ովքեր տիրապետում են լեզվին, ծանոթ են կրոնին  և մշակույթին, ովքեր կկարողանան երեխաներին ինչ-որ բան սովորոեցնել: Բայց այս երիտասարդներին, ովքեր ապրում են տարբեր բնակավայրերում, հաճախ ոչ եզդիաբնակ գյուղերում, բերել եզդիաբնակ գյուղեր, ստիպել աշխատել ցածր աշխատավարձով մի քանի ժամ, մի քիչ ճիշտ չի լինի, որովհետև նրանք էլ կյանքում լիքը խնդիրներ ունեն, որոնք պետք է լուծեն, և իրենց կյանքը վատնել, ծախսել գյուղից գյուղ գնալու վրա, շատ բարդ է: Մենք տարիներ առաջ մի քանի առաջարկ արեցինք, որով կկկարողանայինք բարելավել վիճակը: Առաջինը մանկավարժական արագացված դասընթացներն են, նաև լեզվի իմացության, որը կօգներուսոցիչներին թե լեզվի իմացությունը բարելավել, և թե հմտանալ որպես մասնագետ: Երկրորդ առաջարկը որ գոնե տրանսպորտի խնդիրը լուծվի, փոխհատուցվի տրանսպորտի ծախսը, որպեսզի կարողանան տեղափոխման հարցը  բացառել և մոտիվացվել աշխատելու համար, և առաջարկեցինք աշխատավարձը բարձրացնել»:

Սակայն «Սինջարի» առաջարկներն այնդպես էլ մնացել են թղթին. ոչ մի փոփոխություն:

«Դասագրքերը բովանդակության առումով այդքան էլ պրակտիկ չեն, – ասում է Շամոյանը, – երեխաներին տարրական գիտելիքներով ապահովելու համար գուցե բավարար են, բայց դասաժամերն անցկացնելու, դասը վարելու համար կարծում եմ, որ այս դասագրքերն այդքան էլ իրենց նպատակին չեն ծառայում: Հնարավոր է, որ դասապրոցեսի կազմակերպումը կամ ժամերի տևողությունը կամ քանակը փոփոխելով՝ հնարավոր լինի ավելի արդյունավետ իրականացնել դասավանդումը: Որովհետև իրականում մեզ հատկացված դասաժամերն ու դասագրքերով նախատեսված բովանդակությունը չեն համընկնում իրար, դասաժամերը չեն բավականացնում: Մեր համայնքում դասաժամերը քիչ թե շատ նորմալ են, բայց կան համայնքներ, որտեղ հատկացված դասաժամերի թիվը շատ քիչ է, և դժվար է պատկերացնել, թե ոնց է հնարավոր առաջինից 12-րդ դասարաններում հասցնել 4 դասաժամում եղած նյութը մատուցել: Այսինքն՝ հնարավոր չի եղած դասաժամերի ընթացքում դասավանդել եղած նյութը, շատ հպանցիկ, արագ-արագ պիտի անցնես: Դրա համար ես շատ չեմ կառչում դասագրքից: Իրենք իհարկե, շատ օգնում են, բայց փորձում եմ դասագրքերից դուրս ոչ ֆորմալ մեթոդներ կիրառել, թեև շատ խնդիրներ են առաջանում: Ինչ-որ մոտիվացնող բաներ եմ մտածում, որ երեխաներին շահագրգռեմ դեպի կրթությունը: Երեխաների հետ խոսելով, շփվելով, հասկանում եմ, որ հետաքրքրությունը առարկայի նկատմամբ մի փոքր կարծես թե մեծացել է»:

Մասնագետները մատնացույց են անում նաև, որ կրթական կարևոր խնդիրներից է այն, որ Արմավիրի որոշ համայնքներում նախակրթարաններ չկան, ինչը նշանակում է, որ տանը մայրենի լեզվով խոսող երեխան դպրոց է հաճախում առանց հայերենի բավարար իմացության, չի կարողանում հաղորդակցվել, չի հասկանում ուսուցչի խոսքը:

«Որպես այդպիսին ուսումնասիրություններ չեն եղել, – ասում է Քալաշյանը, – սակայն այն համայնքներում, որտեղ աշխատել ենք, արձանագրեցինք, որ այն համայքներում, որտեղ չկան նախակրթարաններ, երեխաները տարրական դպրոց գնում են շատ դժվարությամբ: Խնդիրն այն է, որ եզդի երեխաները չեն տիրապետում հայերենին: Գուցե խոսակցական լեզվով հաղորդակցման մեծ դժվարություններ չլինեն կամ գուցե լինեն, բայց դպրոցում կիրառվում է գրական հայերենը: Աշակերտը շատ ժամանակ չի հասկանում, թե ուսուցիչը ինչ է ասում: Եվ սա բնականաբար ազդում է ողջ ուսումնական գործընթացի վրա: Եթե առաջին դասարանում աշակերտը տառերը չսովորեց, 2-րդ դասարանում արդեն վարժ չի կարդա: Շատ բարդ է պատկերացնել, թե հետագայում ուսումնական պրոցեսն ինչպես է ընթանալու, երբ ունակությունները չեն զարգանում, և այդպես առաջանում են մի շարք խնդիրներ: Եթե լինեին նախակրթարաններ, երեխան շատ ավելի պատրաստված դպրոց կգնար: Շատ դեպքերում ոչ միայն եզդի, այլ նաև հայ երեխաներն ունեն տարրական գիտելիքների պակաս: Երեխան դպրոց է գնում, չգիտի տառեր, չգիտի թվեր, չի ճանաչում գույները, տարվա եղանակներն ինչպիսին են, ինչ դրսևորում են ունենում. Տարրական բաներ երեխան չգիտի: Եզդի երեխաների համար դա ևս խնդիր է: Եթե լինեին նախակրթարանները, նախ կապահովվեր երեխաների ընդհանուր զարգացվածությունը, ինչը դպրոցում սովորելն ավելի հեշտ կդարձներ, ինչպես նաև հայերենի իմացությունը, որը մեր համայնքի դեպքում խնդիր չէր առաջացնի»:

Մարիամ Չախոյան

Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ, «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ի կողմից իրականացվող «Տեղեկատվության մատչելիություն և հետաքննական լրագրություն առավել իրազեկված քաղաքացիների համար» ծրագրով տրամադրված ենթադրամաշնորիհի շրջանակում կրում «Թուխմանուկ» իրավապաշտպան և կրթական կենտրոնի» կողմից: Դրա բովանդակության համար պատասխանատվություն է կրում կրում «Թուխմանուկ» իրավապաշտպան և կրթական կենտրոնը» և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության և/կամ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի տեսակետները: