Լրագրող Բորիս Մուրազին ամիսներ շարունակ ապրում և աշխատում է Իրաքյան Քուրդիստանում։ Civilnet.am-ի հետ զրույցում նա պատմել է այնտեղ բնակվող եզդիների վիճակի մասին։ Ներկայացնում ենք հարցազրույցի որոշ հատվածներ․
Իրաքյան Քուրդիստանը գտնվում է աշխարհաքաղաքական խնդիրների կիազկետում, որտեղ բախվում են տարածաշրջանային կարևոր խաղացողների շահերը։ Տարածաշրջանում ապրում է մոտ 5 միլիոն բնակչություն, որի մեծամասնությունը քրդեր են, ապրում են նաև եզդիներ, արաբներ, հայեր և ասորիներ։
2014 թվականին, երբ «Իսլամական պետություն» կոչված ահաբեկչական խմբավորումը ներխուժեց Շանգալ, մոտ 6000 եզդի կանայք առևանգվեցին, տարվեցին տարբեր երկրներ, այդ թվում՝ Թուրքիա և Սիրիա, որտեղ վաճառվում էին ստրկավաճառական շուկաներում։ 2000-ից ավելը հետ գնվեցին իրենց ընտանիքների կողմից, կամ անվերադարձ վաճառվեցին արաբական երկրներում։ Մինչև այժմ մոտ 3000 հազար եզդի կանայք և երեխաների ճակատագիրն անհայտ է։
Եզդիների ցեղասպանության ժամանակ մոտավոր հաշվարկներով 10 հազար մարդ է սպանվել։ Մուրազին նշում է, որ այդ թիվը արժանահավատ չէ, քանի որ ամեն անգամ նոր եղբայրական գերեզմաններ են գտնվում։
Բացի դրանից, մինչև եզդիների ցեղասպանությունը Իրաքյան Քուրդիստանում և Իրաքում կեղծվել են եզդիների թիվը։
2013 թվականի պաշտոնական տվյալների համաձայն՝ ամենամեծ եզդիաբնակ մարզում՝ Շանգալում, ապրել են 150-200 հազար եզդիներ, սակայն 2014 թվականին Շանգալից փախել է 400 հազար եզդի։
Ո՞նց էր մի տարի առաջ այլ թիվը, ցեղասպանության ժամանակ այդքան մարդ փախավ։ Դա հստակ փաստերի կեղծում է և կապված է նաև քաղաքական խնդիրների հետ։ Իրաքի սահմանադրության համաձայն՝ յուրաքանչյուր համայնք ամեն 100 հազար բնակչի դեպքում 1 մանդատ է ստանում Կենտրոնական պառլամենտում, և այս թվերի կեղծումը կապված է նրա հետ, որ եզդիական համայնքի մանդատները քիչ լինեն։
Մուրազին անդրադարձել է նաև եզդիների կոտորածի հանդեպ միջազգային հանրության վերաբերմունքին․
Տարիները ցույց տվեցին, որ միջազգային հանրություն ասվածը մեծ մասամբ թքած ունի փոքր ժողովուրդների խնդիրների վրա։ Միջազգային հանրության աչքի առաջ եզդիները կոտորվեցին։
Այդ խմբավորումները ինչպե՞ ս առաջացան, հենց այդ միջազգային հանրության որոշակի ներկայացուցիչների աջակցությամբ, այդ թվում նաև Թուրքիայի, արևմտյան երկրների։ Ինձ համար միջազգային հանրություն ասվածը միանշանակ չէ, ես չեմ կարծում, որ այն առաջնորդվում է մարդու իրավունքներով։ Կարևոր խաղացողների համար կան շահեր, և դրանք հիմնականում տնտեսական են։ Իսկ այդ շահերը ստանալու ճանապարհին կարող են առաջ գալ խոչընդոտներ, ինչպես եզդիական համայնքն էր։ Եվ ռազմական ուժով կարող են վերացնել այդ խոչընդոտները։
Շանգալը տարածք էր, որ պետք է Մոսուլը և Սիրիան կապեր իրար, և խնդիր կար․ հենց դրա համար ամեն ինչը տեղի ունեցավ։ Այդ կրոնական շղարշի ներքո իրականում այդ ծրագիրն էր իրականացվում։
Կարծում եմ՝ շատ կարևոր կլինի, որ եզդիները գիտակցեն և հասկանան, որ իրականում շատ ճիշտ կլինի, որ իրենց խնդիրները իրենք փորձեն լուծել։ Իհարկե, ոչ միայն իրենցով, այլ նաև փորձեն գտնել աջակիցներ հարևան ժողովուրդների շրջանում։ Եզդիների ցեղասպանության մեջ ոչ միայն «Իսլամական պետությունն» է մեղավոր, մեղավորություն ունի նաև քրդական ինքվարությունը։
Մասնավորապես, 2008 թվականին քրդական ինքնավարությունը զորքեր մտցրեց Շանգալ՝ հայտարարելով, որ կզբաղվի եզդիների պաշտպանությամբ։ Բայց «Իսլամական պետության» հարձակումից ուղիղ մեկ օր առաջ, նրանք իրենց զենքերով դուրս եկան այդ տարածաշրջանից՝ առանց որևէ զինված բախման կամ ժողովրդի պաշտպանության։ Փաստորեն, քրդերն աջակցել են եզդիների ցեղասպանությանը։
Արաբները նույնպես բարեկամաբար չեն տրամադրված եզդիների նկատմամաբ։ Հետևաբար՝ արաբական և քրդական կոնֆլիկտում եզդիները չպետք է դառնան ուղղակի մսաղացի միս, և չխառնվեն այս կոնֆլիկտին որևէ կողմից։
Եզդի քաղաքական գործիչները, մասնավորապես Շանգալի առումով, ոչ թե փորձում են իրենց այս կամ այն քաղաքական ուժին պատկանելու հնարավորությունները օգտագործել եզդի ժողովրդի պաշտպանության համար, այլ իրենք փորձում են եզդի ժողովրդին օգտագործել և այդ քաղաքական ուժից անձնական դիվիդենտներ ստանալ։
Միանշանակ Իրաքում չկա որևէ եզդի առաջնորդ, որն առաջնորդվի համաեզդիական շահերով, ոչ թե իր ընտանիքի կամ ցեղի շահերով։