Home / Բնապահպանություն / Երկաթի գործարանի 400 աշխատողները պարապուրդի մեջ են, արհմիությունը՝ դատերի

Երկաթի գործարանի 400 աշխատողները պարապուրդի մեջ են, արհմիությունը՝ դատերի

Մաքուր երկաթի գործարանը (ՄԵԳ) արդեն երկու ամիս է պարապուրդի է մատնել 400 աշխատողի՝ պատճառաբանելով, թե վերամշակելու հումք չունի: Զանգեզուրի կոմբինատը մոլիբդեն չի մատակարարում` գրել էր Հետքը։ Կոմբինատից առարկել էին՝ երկաթի գործարանը ի՛նքն է հրաժարվել մասնակցել մոլիբդենի գնման վերջին մրցույթին (հրաժարման մասին ծանուցել են դեռև հունվարի 24-ին)։

Մինչ այդ, պարապուրդի մատնված աշխատողները ծանր սոցիալական վիճակում են ու վախենում են զանգվածային կրճատումներից, Epress.am-ի հետ զրույցում հայտնել է Լեռնագործների, մետալուրգների և ոսկերիչների ճյուղային արհմիության ղեկավար Էդուարդ Փահլևանյանը։ Աշխատողների վրա ճնշում են գործադրում, որ դիմում գրեն, դուրս գան։ Մյուսները ստիպված են չսպասել և նոր գործ գտնել։ Փահլևանյանը նշել է, որ ճնշում են հատկապես արհմիութենական աշխատողներին՝ թույլ չտալով մտնել գործարանի տարածք։ Այս առիթով արհմիությունը դատական պրոցեսների մեջ է Երկաթի գործարանի տնօրինության հետ։

Մինչև 2019 թ․ Մաքուր երկաթի գործարանի և Քաջարանի Պղնձամոլիբդենայինի տերերը նույնն էին։ Գործարանը վերամշակում էր ԶՊՄԿ-ի հումքը։ 2019-ին Հայաստանի կառավարությունը ստացավ Քաջարանի կոմբինատի բաժնետոմսերի 21%-ը, գերմանական «Քրոնիմետ» խմբի բաժնեմասերի մեծ մասն էլ անցավ ռուսաստանցի սեփականատերերին։

Երկաթի գործարանի գլխավոր տնօրեն Կարեն Հակոբյանը Սյունիքի նախկին մարզպետ, «Հայաստան» դաշինքի պատգամավոր Վահե Հակոբյանի եղբայրն է: Հակոբյանը 2014-2016թթ. եղել է Զանգեզուրի կոմբինատի ադմինիստրատիվ տնօրեն և գլխավոր տնօրենի առաջին տեղակալ, 2018-2021 թթ.՝ խորհրդի անդամ։ 2016-2018թթ. Սյունիքի մարզպետն էր: Կարեն Հակոբյանին պատկանել է ԶՊՄԿ-ի բաժնեմասերի 2,5%-ը։ Այժմ նրա մասնակցության մասին ԶՊՄԿ հայտարարագրում նշումներ չկան։