հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Շուկա / Տեսչական մարմնի պետը չի ուզում ֆետիշացնել աշխատողի իրավունքները

Տեսչական մարմնի պետը չի ուզում ֆետիշացնել աշխատողի իրավունքները

Առողջապահության և աշխատանքի տեսչական մարմնի պետը բացահայտ հանդես է գալիս ներդրողների շահերից, տարածելով մի կասկածելի թեզ, որ ներդրողը չի գա այնտեղ, որտեղ պաշտպանված են աշխատողների իրավունքները։ Այս մասին գրել է Հայաստանի Պետհիմնարկների արհմիությունը իր ֆեյսբուքյան էջում, արձագանքելով Լրագիր կայքում՝ տեսչական մարմնի պետ Հակոբ Ավագյանի հետ արված հարցազրույցին։

«Ուշադրություն դարձրեք, որ առողջապահության և աշխատանքի տեսչական մարմնի պետը, ով պետք է հետամուտ լինի աշխատանքային օրենսդրության նորմերի հսկողությանը, ասում է․ «Բայց ես ուզում եմ շեշտել՝ միշտ դժվար է գտնել այն սահմանը, թե որտեղ է վերջանում աշխատողի իրավունքն ու որտեղ է սկսվում բիզնեսինը:

Եթե մենք չենք կարողանում այդ սահմանը գտնել, ապա ավելի լավ է մի փոքր տուժի աշխատողի իրավունքը, քան բիզնեսի, որովհետև դա ուղիղ ազդում է նաև ներդրումների վրա: Երբ շատ է ֆետիշացվում աշխատողի իրավունքը, ներդրողն էլ չի ուզում գալ այդ երկիր, որտեղ իր կյանքը բացի հարկայինից սկսում են ուտել նաև աշխատանքային տեսչությունը և այլ կառույցներ»:

Պետհիմնարկների արհմիությունը պնդում է, որ տեսչական մարմնի պետը բացահայտ հանդես է գալիս ներդրողների շահերից․ «Սահմանները, որի մասին նա խոսում է, շատ պարզ են և օրենքով ամրագրված։ Զարգանում են այն երկրները, որոնց իշխանությունները հարգում են իրենց քաղաքացիների իրավունքները և դրանք չեն ստորադասվում օտարերկրյա ներդրողի շահերին»։

Հիշեցնենք նաև, որ Հակոբ Ավագյանը 2012-2016 թվականներին աշխատել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (EBRD) բիզնես աջակցության գրասենյակում, ապա հիմնադրել «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» հասարակական կազմակերպությունն, իսկ 2018-2019 թվականներին եղել է Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ։