Gillette ընկերությունն ինչ որ պահից սկսած իր գովազդներում բացահայտ մաչիզմին դեմ է արտահայտվում։ Budweiser գարեջրային ընկերությունը գարեջրի գավաթների հավաքածու է թողարկում ծիածանի բոլոր գույներով՝ ի նշան գենդերային տարբեր ինքնություններ ունեցող անձանց նկատմամբ աջակցության։
Մարկետինգային այս միտումն արևմուտքում woke capitalism է կոչվում, երբ խոշոր կորպորացիաները զգայունություն են ցուցաբերում սոցիալական արդարության, հավասարության նկատմամբ և սկսում են այդ մոտիվները կիրառել իրենց գովազդային քաղաքականության մեջ։
Այս երևույթն իրականում այնքան էլ նոր չէ։ Օրինակ, հիշենք 1850 թվականը։
Բոստոնում անհաջողակ դերասան Իսահակ Մերիտ Զինգերը փորձում էր գումար աշխատել իր հայտնագործություններով։ Փորձում էր փայտ կտրելու իր սարքավորումը վաճառեր, բայց՝ անհաջող։ Հետո սկսում է կարի մեքենայի վրա աշխատել։
Դա բիզնեսի լավ հնարավորություն էր, չնայած կարող բանվորուհիների աշխատանքի ցածր վարձատրությանը։ Կարելը շատ աշխատատար էր․ մեկ վերնաշապիկ կարելու համար կարող էր 14 ժամից ավել պահանջվել։
Այդ ժամանակ կարում էին ոչ միայն մասնագետները։ Համարվում էր, որ յուրաքանչյուր կին պետք է ինքը հագուստ կարի ամբողջ ընտանիքի համար։
Իսահակ Մերիտ Զինգերը 22 երեխա ուներ տարբեր կանանցից։ Տարիներ շարունակ երեք ընտանիք է ունեցել, որոնք միմյանց մասին չգիտեին, ընդ որում, փաստաթղթերի համաձայն ամուսնացած էր այլ կնոջ հետ։ Սիրուհիներից մեկի պնդմամբ, Զինգերն իրեն ծեծում էր։
Նա ամենևին էլ կանանց իրավունքների պաշտպանության ջատագով չէր։ Կամ գուցե անուղղակիորեն․ նրա պահվածքը կարող էր կանանց ստիպել պայքար սկսել հանուն իրենց իրավունքների։
Նա ուսումնասիրում է կարի մեքենան, որոշ զգալի փոփոխություններ մտցնում ու արտոնագրում իր անունով։ Կատարելագործված կարի մեքենայով վերնաշապիկ կարելի էր կարել ընդհամենը մեկ ժամում։
Զինգերն ու նրա գործընկերը՝ Էդվարդ Կլարկը, ապառիկ վաճառքի տարբերակ էին մտածել։ Նոր կարի մեքենաները ընտանիքի տարեկան եկամտի չափ էին արժենում հաճախ, ինչի պատճառով քիչ ընտանիքներ էին կարողանում գնել։ Զինգերն ու Կլատրկն առաջարկում են վարձակալել մեքենան, վճարել ամսական սահմանված գումարը, իսկ երբ այդ գումարը կհասնի կարի մեքենայի գնին, այն արդեն տվյալ ընտանիքին կպատկանի։
Կարի մեքենաների լավ վաճառքին արդեն խանգարում էր միայն տղամարդկային շովինիզմը։ Այդ թեմայով ծաղրանկարներ կային։
Դրանցից մեկում տղամարդը չի հասկանում ինչու ինքը պետք է կարի մեքենա գնի, եթե ամուսնանալն ավելի հեշտ է ու էժան։ Մյուսում վաճառող տղամարդը պոտենցյալ գնորդուհիներին հավաստիացնում է, որ կարելու վրա քիչ ժամանակ ծախսելու դեպքում կանայք կկարողանան «իրենց ինտելեկտը զարգացնել»։
Զինգերի գովազդային քաղաքականության հիմքն այն էր, որ կանայք կարող են ամեն ինչ անել։ Սրանով նա ցրում էր կասկածները, որ կանայք գուցե արժանի չեն նման թանկ սարքավորման։ Գովազդային վահանակների վրա ցույց էին տալիս, որ կանայք են տանը որոշումներ կայացնում և որ կարի մեքենա ունենալով կանայք կարող են ֆինանսական անկախության հասնել։
Արդեն 1860 թվականին New York Times-ը գրում էր, որ ոչ մի այլ հայտնագործություն այսքան «մեծ նշանակություն չի ունեցել մեր մայրերի ու քույրերի համար»։ Կարող բանվորուհինորը սկսել էին ավելի շատ գումար աշխատել ու ավելի քիչ հոգնել։
Սարա Հեյլը 1860 թվականին ամերիկյան Godey’s Lady’s Book and Magazine ամսագրում գրել էր․ «Կարող կինը կարող է հանգստանալ գիշերը, իսկ օրվա ընթացքում կարող է զվարճանալ, ընտանեկան գործերով զբաղվել և այլն։ Մի՞թե սրանից բոլորը չեն շահում»։