Մասնագետ պայքարողների մասին
Օպորտունիստի խոհեր
Ես ոչինչ չեմ ասում Ամուլսարի խնդրի մասին մի քանի պատճառով. մեկ. էկոլոգիայից և հանքերից գլուխ չեմ հանում: Ավելի կարևոր. վստահել, թե՞ չվստահել Փաշինյանի կառավարությանը: Չվստահելու պատճառ չունեմ: Կառավարությունը իդեալական չէ, բայց աշխատում է նոր սկզբունքներով, թեկուզ խնդիրներով: Մյուսը. անարխիստական կառնավալը դեռ հեղափոխություն չէ. Մյուսը. քաղաքական ընտրության խնդիրը. տուսովկային լավ էր Սերժի ժամանակ. Ամուլսարը տուսովկայի առիթ չէ, այլ երկար/անվերջ բանակցությունների առիթ: Ով խոսում է ուլտիմատումով, ոչ թե հեղափոխությունը առաջ է տանում, այլ զրկում է հեղափոխությունը շարունակականությունից: Ուզում եմ լինեն ռացիոնալ, միջնորդություն ընդունող, բանակցային էկոլոգիստներ:
50-ական թթ. Հայաստանը շատ հետամնաց էր Վրաստանի կամ Ադրբեջանի համեմատ: Վերամշակող արդյունաբերություն չկար, Արարատյան դաշտում աճեցնում էին բամբակ և բրինձ: Հայաստանը Կովկասի Տաջիկիստանն էր: Հայաստանը կարող էր զարգանալ միայն էկոլոգիական կատաստրոֆի ճանապարհով՝ Սևանի ոչնչացման: Ընդունվեց քաղաքական որոշում. զարգանալ էկոլոգիական կատաստրոֆի գնով:
Ես համարում եմ, որ էկոլոգիական շարժման մասնակիցները քաղաքական պատասխանատվությունը վատ են պատկերացնում և այդ պատճառով չեն քաղաքականացնում իրենց շարժումը; Հեշտ է ասել – ես պաշտպանում եմ բնությունը և այլ խնդիրները անտեսել:
Քաղաքական ընտրությունը Ղարաբաղը կամ էկոլոգիան է, և ես գիտակցաբար ընտրել եմ Ղարաբաղը:
Կա նեոլիբերալ էկոլոգիա, կա սոցիալիստական էկոլոգիա: Վերցնենք գեյերին: Կա գեյ վարքագիծ և կա օտարացված գեյ ինքնություն, երբ գեյը կոպիտ ասած՝ մասնագիտություն է: Կապիտալիզմը հիմնված է աշխատանքի բաժանման-մասնագիտացման սկզբունքի վրա: Նեոլիբերալիզմի ժամանակ կապիտալիզմը մասնագիտական տրոհման է ենթարկում սեքսուալությունը, պայքարները: Հայտնվում են մասնագետ էկոլոգ պայքարողներ, որոնց չի հետաքրքրում սոցիալականը, տնտեսականը, մշակութայինը, գենդերայինը: Նրանք այդ ոլորտների համար պատասխանատու չեն:
Մասնագետ պայքարողները դեմ են իրենց պայքարը քաղաքականացնելուն, այդ դեպքում մասնագետ էկոլոգիստ պայքարողները պետք է պատասխան տան նաև, ասենք, տնտեսական ոլորտի համար:
Էկոլոգիստները մասնակցել են հեղափոխությանը և, ի տարբերություն մեծամասնության, շատ լավ գիտեին, թե ինչ թիմ է գալիս իշխանության: Այդ իմաստով նրանք պատասխանատու են կառավարության գործողությունների համար: Դա չի նշանակում, որ չի կարելի քննադատել կառավարությանը, բայց այս էկոլոգիական շարժումը այն մերժում է: Հո Պավլիկ Մառոզովը չե՞ք
Վարդան Ջալոյան