Home / Շուկա / Դեղին բաճկոնները կամ շնչակտուր նեոլիբերալ պետությունը

Դեղին բաճկոնները կամ շնչակտուր նեոլիբերալ պետությունը

Արդեն երկար ժամանակ է, ինչ բազմաթիվ ձայներ ահազանգում են հետևյալ փաստը. կապիտալիզմն իր նեոլիբերալ տարբերակով առաջ է բերում անհավասարությունների սարսափելի աճ, որն այս պահին հասնում է սոցիալական խզման կետին և ժողովրդավարական օտարման զգացում է առաջացնում՝ կործանելով ներկայացուցչական ինստիտուտների հանդեպ վստահությունը։

Դեղին բաճկոնները երևան հանեցին խզման երկակիությունը. շատ մարդիկ, գուցե մեծամասնությունը, այսօր պարզապես չի կարող ապրել այս տնտեսական համակարգում:

Վարձու աշխատողներն ու միջին դասի պաշտոնյաները, ծառայողները և աղքատ աշխատավորները, միայնակ ծնողների կամ «խառնածին» ընտանիքները բավարար չեն վաստակում՝ վարձավճարները կամ դրամական փոխառությունները տալու, իրենց և իրենց երեխաների առօրյան ապահովելու, ուղղակի և անուղակի հարկերը վճարելու համար:

Համաձայն գերմանացի սոցիոլոգ Կլաուս Օֆֆի մի դասական վերլուծության (Herausforderungen der Demokratie : zur Integrations – und Leistungsfähigket politischer Institutionen, Campus Verlag, 2003)՝ զարգացած կապիտալիզմի շրջանակներում պետությունը ուն(եր)ի երկակի գործառույթ. մի կողմից՝ այն ծառայում է իշխողների շահերին՝ պահպանելով կարգը և աշխատուժի տրամադրումը, բայց մյուս կողմից այն փոխհատուցում է անհավասարությունների դիմաց և վերաբաշխում արտադրված հարստությունն այնպես, որ կայուն կենսապայմաններ ստեղծի աշխատավորների, ծառայողների և մյուսների համար:

Քեյնսական փոխզիջման կամ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո «սոցիալ-դեմոկրատական տասնամյակների» այս հավասարակշռությունը խախտվեց  նեոլիբերալիզմի տասնամյակներով: «Պետության կառավարչացումը» («gouvernementalisation de l’Etat»), որ վերլուծել է Ֆուկոն նեոլիբերալիզմի շուրջ իր դասընթացներում, այնքան զգալիորեն է ծառայել մասնավոր շահին, խոշոր արդյունաբերական ընկերություններին, ֆինանսիստներին, բանկիրներին և ամենահարուստ մարդկանց՝ ի վնաս սոցիալական ծառայությունների, ծայրահեղ աղքատների և միջին խավի, որ բնակչության գնալով ավելի մեծ մասն աղքատանում է, սոցիալական նպաստները և գնողունակությունը նվազում են, և հարկային բաժիններն ավելանում:

Իշխանության վերայուրացումը ժողովրդի կողմից

Նախքան դեղին բաճկոնները, ըստ էության, Մակրոնն ինքն էր, որ ցույց տվեց այս՝ նրան որպես բումերանգ վերադարձած «հակադրությունը». «Հարստության հարկի»[2] (մասնակի) վերացումը, կապիտալից ստացված եկամուտների և բոնուսների հարկի թեթևացումը, ձեռնարկություններին տրվող անպայմանական դրամանպաստները, «միաժամանակ» նվազող «Անհատական կացարանային օժանդակությունը»[3], սոցիալական կացարանային օժանդակությունը և սոցիալական ծախսերը, որ ներկայացվում են իբրև «խելահեղ ծախսեր»։

Նրա քարոզարշավի «միաժամանակ»-ը ավելի շուտ իր ծրագրի լիբերալ ոգևորությունը ձախ ճկումներով հավասարակշռելու մտահոգություն առաջացրեց, բայց գործնականում տեղ բացեց կառավարության տնտեսական և սոցիալական գործարքները ծայրահեղ լիբերալ աջականներին հանձնելուն, անհավասարությունների դեմ պայքարը թողնելուն՝ բացառությամբ ծերության նվազագույն թոշակի բարձրացումը ու «Առաջնահերթ կրթության գոտու»[4] դասարանները կիսելը: Մնում է միայն ընդունել գործող նեոլիբերալ բարեփոխումների օրակարգը, ինչպես օրինակ աշխատանքային օրենսգիրքը, որ կարողացավ մասամբ արդարացիորեն բարձրաձայնել «ավտորիտար լիբերալիզմի» մասին։

Դե՜հ ոչ, սա այլևս չի գործում, արդեն բավական է։ Ինչպես կրկին նշում է Կլաուս Օֆֆը, քանի որ կառավարությունները, ընկնելով կանխորոշված օրակարգի հետևից (պարտքի հատուցում, 3%-ից ավելի պակասորդի արգելք, աշխատավորների պաշտպանության կրճատում հանուն մրցակցության, պետության ծախսերի կրճատում, խստացում…), կորցրել են տնտեսական քաղաքականության նկատմամբ վերահսկողությունը, քաղաքացիները կորցրել են վստահությունը կառավարության քաղաքականությունների հանդեպ ժողովրդավարական վերահսկողության արժանահավատության գաղափարի նկատմամբ։

Եթե նեոլիբերալիզմը ծնվել է «բարեկեցիկ պետության ճգնաժամից», ինչպես ինքն է իրեն ախտորոշել, այն կարող է մեռնել «նեոլիբերալ պետության ճգնաժամից», երբ դադարի արտադրել այն, ինչից ցանկանում էին խուսափել նրա՝ 1930-ականների առաջին տեսաբանները (գերմանացի «օրդոլիբերալները»[5]). աղքատ աշխատավորների, միջին խավի և գործազուրկների դուրսմղում, որոնք, այլևս «չգտնելով իրենց», երես կթեքեն լիբերալ ժողովրդավարությունից և կգայթակղվեն մշտապես բացահայտ զանազան տարբերակներով՝  սոցիալական շարժում ապստամբական շեշտադրումներով, «հակաքաղաքական» անարխիզմ, ֆաշիզմ (այժմ կերպարանափոխված), «աջական պոպուլիզմ» կամ կոմունիզմի տարատեսակներ (որ այսօր ավելի շուտ լիբերալիստական են):

Հատելով հակադիր հոսանքները՝ այս անառաջնորդ շարժման առավելություններն ունեն թերություններ. պահանջների ցրվածություն, քաղաքական հորիզոնի անորոշություն, երբեմն մտահոգիչ ատելություն դեպի ներկայացուցչականությունն ու ներկայացուցիչները:

Բայց դեղին բաճկոններն ուրվագծում են այլ խոստումնալից ուղիներ. սոցիալ-դեմոկրատիայի պահանջ, իշխանության վերայուրացումը ժողովրդի կողմից առավել ուղիղ ժողովրդավարության եղանակով՝ քաղաքացիների համաժողով (Սենատի փոխարեն), ժողովրդական նախաձեռնության հանրաքվե՝ տնտեսական և սոցիալական քաղաքականության փոփոխություն՝ ի նպաստ նվազ բարեկեցիկների և միջին խավի:

Պետության ղեկավարի երկչոտ արձագանքը ճշգրիտ պահանջներին ամբողջությամբ բաց է թողնում ժողովրդավարական վերահաստատման և ավելի արդար տնտեսական համակարգի հիմնադրման այս նախագիծը:

*Հոդվածն առաջին անգամ թարգմանվում է հայերեն ըստ Les gilets jaunes, ou l’Etat néolibéral à bout de souffle. 18.12.2018 դրությամբ հասանելի է՝ https://www.liberation.fr/debats/2018/12/14/les-gilets-jaunes-ou-l-etat-neoliberal-a-bout-de-souffle_1697846։ 

Հեղինակ՝ Ժան-Կլոդ Մոնո[1]

Ֆրանսերենից հայերեն թարգմանեց Արփի Մանուսյանը

Խմբագրեց Նազարեթ Կարոյանը 

Հրապարակվել է socioscope.am-ում 

[1]Ժան-Կլոդ Մոնոն Գիտական հետազոտության ազգային կենտրոնի (Centre National de la Recherche Scientifique) տնօրենն է, ինչպես նաև l’Ecole normale supérieure-ում՝ պրոֆեսոր։

[2]Ա.Մ.՝ 2011-ից ի վեր Impôt de solidarité sur la fortune -ը հարստության ուղղակի տարեկան հարկ է, որ գործադրվում է Ֆրանսիայում նրանց վրա, ում ունեցվածքը գերազանցում է 1,300,000 եվրոն: Ի սկզբանե անվանվելով IGF (Impôt sur les Grandes Fortunes) կամ խոշոր ունեցվածքի հարկ, այն չեղարկվեց 1986-ին Ժակ Շիրակի աջական կառավարության կողմից, սակայն վերահաստատվեց 1988-ին՝ իբրև ISF (հարստության հարկ) Ֆղանսուա Միտեղանի վերաընտրվելուց հետո:

[3]Ա.Մ.՝ APL կամ Aide personnalisée au logement:

[4]Ա.Մ.՝ ZEP կամ Zone d’éducation prioritaire: Է.Մակրոնի՝ կրթության ոլորտին վերաբերող  նախընտրական խոստման համաձայն բազմաթիվ տարրական դպրոցների դասարաններում աշակերտների թիվը կրճատվեց: Սկզբում այս նախագիծն իրագործվեց Ֆրանսիայի բարձր առաջնահերթություն ներկայացնող հատվածներում՝  ծավալվելով դեպի ծայրամասեր: Համաձայն այս ռեֆորմի, բարձր առաջնահերթություն ներկայացնող դպրոցներում նախկին առավելագույն 24 աշակերտից բաղկացած դասարաններում աշակերտների թիվը նվազում էր մինչև 12 աշակերտ:

[5]Ա.Մ.՝ Օրդոլիբերալիզմը սոցիալ-լիբերալիզմի գերմանական տարատեսակն է, որի իդեալները Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո դարձան Գերմանիայի սոցիալական շուկայական տնտեսության ստեղծման հիմքը՝ առաջ քաշելով պետության մի այնպիսի դեր, որով այն կապահովեր պայմաններ ազատ շուկայի՝ իր տեսական ներուժին համարժեք արդյունքներ գրանցելու համար: