Առավոտյան ժամը 7֊ին մեկնարկեց Ջերմուկից դեպի Երևան ավտոերթը, որը գալիս էր աջակցելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Բաղրամյան 26-ում կայանալիք հանդիպման մասնակիցներին։ Վարչապետի հետ հանդիպմանը կառավարության անդամներից և շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներից բացի մասնակցում էին նաեւ Ջերմուկ համայնքի ավագանու անդամները, կրթական և առողջարանային հաստատությունների ներկայացուցիչները, Գորայք, Զառիթափ, Ջերմուկ համայնքների բնակիչները և Հայկական բնապահպանական ճակատի անդամները։ Քննարկումը, որի ընթացքում Փաշինյանը պետք է ներկայացներ Ամուլսարի հանքարդյունաբերական ծրագրի առնչությամբ հարուցված քրեական գործի մանրամասները և անդրադառնար օգոստոսի 14-ին Քննչական կոմիտեի կողմից հրապարակված միջազգային փորձաքննության եզրակացությանը, անցնում էր դռնփակ։
Փակ հանդիպմանը զուգահեռ շուրջ 200 հոգի հավաքվել էին Բաղրամյան 26-ի դիմաց՝ զորակցելու քննարկմանը մասնակցող ջերմուկցիներին։
Հանդիպման մեկնարկից 40 րոպե անց նրանց միացավ Հայկական բնապահպանական ճակատի անդամ Աննա Շահնազարյանը, ով նույնպես մասնակցում էր Փաշինյանի հրավիրած քննարկմանը։ Շահնազարյանը հայտնեց, որ լքել է դահլիճը՝ Փաշինյանի ընտրած ձևաչափի և ներկայացրած նյութի հետ սկզբունքային անհամաձայնությունների պատճառով։ Ըստ նրա՝ վարչապետը Քննչականի հրապարակած փորձաքննության արդյունքները ներկայացնում էր նույնքան կողմնակալ, որքան օրեր առաջ Քննչական կոմիտեի ներկայացուցիչ Յուրա Իվանյանը (հիշեցնենք, որ Իվանյանի ասուլիսը օգոստոսի 15-ին կառավարության դիմաց բողոքի ցույցի պատճառ դարձավ, որի մասնակիցները պահանջում էին հանդիպում վարչապետ Փաշինյանի հետ՝ Քննչականի կեղծիքները բացահայտելու և «փորձաքննության իրական արդյունքները» նրան ներկայացնելու նպատակով։ Ավելի մանրամասն՝ այստեղ)։ Քննարկումը բոյկոտելու իր որոշումը Շահնազարյանը բացատրում էր կեղծիքի և հանդիսանքի մասնակիցը չդառնալու ցանկությամբ։
Դահլիճը լքելուց առաջ Շահնազարյանը՝ «խախտելով ընթացակարգը», ձայնը բարձրացնելով փորձել է ներկայացնել իր դիրքորոշումը, ինչին Փաշինյանն արձագանքել է բնապահպանին դուրս հրավիրելու կոչով։ Շահնազարյանը հայտարարել է, որ առանց այդ էլ մտադիր է լքել քննարկումը և դուրս է եկել դահլիճից։
Ավելի ուշ, հերթագրվելուց և ելույթ ունենալուց հետո, նույն քայլին է դիմել նաև ՀԲՃ անդամ Անի Խաչատրյանը։ «Վարչապետը հավատում է այն ամենին, ինչ իրեն փոխանցել են Քննչականից։ Բամբասանքների մակարդակով էլ է որոշ բաների հավատում: Նա ասել է, որ ռիսկեր չկան, չկա վտանգ ջրային համակարգի համար, որ ոչ մի իրավական հիմք չունենք՝ հանքի գործունեությունը դադարեցնելու համար։ Փաստացի նա ասում է, որ հանքը պետք է շահագործվի։ Հաշվի չեն առնվել տեղացիների կարծիքները, չի գնահատվել սոցիալ֊տնտեսական ազդեցությունը Ջերմուկ քաղաքի վրա, հանրային լսումներ չեն կայացվել, ոչ֊ոք մարդկանց չի հարցրել՝ իրենք ուզո՞ւմ են իրենց առողջարանի կողքը ոսկու հանք, որ ամեն օր պատուհանից տեսնեն այդ պայթեցումները, թե՝ ոչ։ Մենք իրավունք ունենք ապրելու մաքուր միջավայրում ու մենք մեր իրավունքի տերն ենք։ Ինչ ուզում է՝ լինի, ով ինչ ուզում է՝ գա խոսա, էս հանքը չի՛ բացվելու։ Ես նաև զգուշացրել եմ վարչապետին․ եթե նոր իշխանություններն ուզում են այս հանքը բացել, ուրեմն իրենք պետք է գնան նախորդների հետքերով, Քոչարյանի պես մարտի մեկ անեն, զորք բերեն, բայց դա էլ չի ստացվի, որովհետև այն մարդիկ, ովքեր հեղափոխություն են արել և իրեն նստացրել են այդ աթոռին, այդ մարդիկ կանգնած են հանուն Ամուլսարի», – դահլիճը լքելուց հետո փողոցում հավաքվածներին հայտնել է Խաչատրյանը։
Վարչապետի հետ հանդիպման ավարտից հետո դրսում հավաքվածները որոշեցին հանրային քննարկում կազմակերպել Ազգային ժողովի այգում՝ տեղի ունեցածի մասին խոսելու և հետագա անելիքները որոշելու համար։ ԱԺ-ի մուտքը, սակայն, փակել էին պատ կազմած ոստիկանները։ Ցուցարարների մուտքը բացելու կոչերը անտեսվեցին առանց բացատրության։ Մարդիկ՝ ի նշան բողոքի, սկսեցին դուրս գալ երթևեկելի գոտի։ Փողոցը բացելու հորդորներից հետո ոստիկանները՝ ուժի կիրառմամբ, դուրս մղեցին ցուցարարներին։ 7 հոգի բերման ենթարկվեց։ Քաշքշուքից հետո մարդիկ որոշեցին հանրային քննարկումը տեղափոխել Սարյանի արձանին հարակից այգի։ Վարչապետի հետ հանդիպման մանրամասները ներկայացնելուց հետո հավաքի մասնակիցները համաձայնության եկան նույն վայրում հավաքվել նաև վաղը՝ օգոստոսի 20-ին, ժամը 19։00-ին։