Բնապահպաններն այսօր բողոքի ցույց էին անցկացնում կառավարության շենքի դիմաց՝ պահանջելով հանդիպում կառավարության և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Ըստ ցուցարարների, երեկ երեկոյան Քննչական կոմիտեի կողմից հրապարակված Ամուլսարի հանքի շահագործման համալիր փորձաքննության արդյունքները հանրությանը ներկայացվել են թերի և ընտրողաբար, միտումնավոր թաքցվել են փորձաքննությամբ ի հայտ եկած փաստերն ու եզրակացությունները, որոնք անդրադառնում են ՇՄԱԳ-ում տեղ գտած թերություններին և Ամուլսարի հանքավայրի շահագործման բացասական ազդեցություններին։
Օգոստոսի 14-ին հրապարակվեցին Քննչական կոմիտեի պատվերով ELARD ընկերության կողմից իրականացված Ամուսլարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման ծրագրի (ՇՄԱԳ, ԲՍԱԳ) համալիր փորձաքննության արդյունքները: Նույն օրը Քննչական կոմիտեի հատուկ կարևորության գործերի (ՀԿԳ) քննության գլխավոր վարչության պետ, Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ քրեական գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանը հանդես եկավ ասուլիսով, որի ընթացքում խիստ հատվածաբար ներկայացրեց փորձաքննության արդյունքները։ Հատկանշական է, որ բոլոր այն եզրակացությունները, որոնք վերաբերում են ավելի վաղ տրամադրված Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ) թերություններին, անդրադառնում են հավանական բնապահպանական ռիսկերին կամ վկայում ուսումնասիրությունների և դրանց հետևությունների անվստահելիության մասին, ասուլիսի ընթացքում չհիշատակվեցին։ Փոխարենը հայտարարվեց, որ Ամուլսարի հանքի շահագործման ծրագրում կենսաբազմազանության պահպանման առումով որևէ խախտում չի արձանագրվել և քիչ հավանական է, որ աղտոտված ջրերն ազդեցություն ունենան Ջերմուկի աղբյուրների վրա։ Յուրի Իվանյանը նշեց, որ միջազգային փորձագիտական եզրակացությունը ստանալուց հետո վարույթ իրականացնող մարմինը՝ Քննչական կոմիտեն, գտել է, որ հանքի հետ կապված գործով քրեական հետապնդումը շարունակելու հիմքեր չկան։
Ամուլսարի հանքի շահագործման կամ դրա արգելքի վերաբերյալ որոշումը, այնուամենայնիվ, կայացնելու է կառավարությունը: Ցուցարարները, մի կողմից, մտավախություն ունեն, որ փորձաքննության արդյունքները կառավարությանը ևս կներկայացվեն ընտրողաբար՝ «ծաղկաքաղով» և «ի օգուտ շահագործող ընկերության՝ Լիդիանի»։ Մյուս կողմից, մտավախություն ունեն, որ փորձաքննությունը, որն իրականացվել է բացառապես քրեական գործի հանգամանքները պարզելու նպատակով, կառարավրության կողմից կարող է ընդունվել որպես հիմք՝ շահագործման վերաբերյալ վերջնական որոշումը կայացնելու համար։
«Քննչական կոմիտեի ներկայացրած փորձաքննությունը չի կարող հիմք դառնալ կառավարության որոշման համար, որովհետև այդ փորձաքննությունն արված է քրեական հետապնդման հարցը պարզելու համար, – իր ելույթում ասաց իրավաբան Նազելի Վարդանյանը: – Այս փորձաքննությունը փորձաքննություն էլ չի կարելի համարել, որովհետև գնահատվել է միայն շահագործող ընկերության ներկայացրած ՇՄԱԳ-ը և սոցիալական հաշվետվությունը, այսինքն նոր փորձանմուշներ, նոր ուսումնասիրություններ, նոր լաբորատոր անալիզներ չեն արվել։ Այս կիսատ-պռատ փաստաթուղթը հնարավոր չի և ոչ իրավական կլինի կառավարության կողմից հիմք ընդունել և որոշում կայացնել, այն էլ՝ այնպիսի կարևոր որոշում, որով խախտվելու են մեր ժողովրդի իրավունքները, վնասվելու է մեր բնությունը և խախտվելու են մեր հարևան երկրների իրավունքները, վնաս է պատճառվելու մեր հարևան երկրներին»։
Ցուցարարների պահանջը՝ ապահովել հինգ հոգուց բաղկացած պատվիրակության մուտքը կառավարության նիստին, չբավարարվեց։ Սակայն Փաշինյանի օգնական Նաիրի Սարգսյանը հայտնեց, որ վարչապետը պատրաստ է մոտ օրերս հանդիպել բնապահպանների հետ և լսել նրանց մտահոգություններն ու առաջարկությունները։