– Ամուլսարի վերաբերյալ քրեական գործընթացը մոտենում է ավարտին. ինչ էլ անեն, պրոցեսը չի կարող անվերջ ձգձգվել: Խոստացել են, որ մինչև այս ամսվա վերջ լիբանանյան ընկերության մասնագիտական/փորձագիտական եզրակացությունը կհրապարակեն: Նախքան այդ որոշման հրապարակումը, Հայաստանի կառավարությանն ուզում եմ հրապարակավ տալ ստորև ներկայացված հարցերը: Դրանք հանրության համար ուղենիշային են լիբանանյան ընկերության ընտրության գործընթացում հնարավոր կոռուպցիոն բաղադրիչի առկայությունը գնահատելու համար՝ դրանից բխող մոտիվացիայով և հետևություններով, իսկ կառավարության համար՝ հետագայում քավության նոխազի ընտրության հարցում:
1. Ո՞ր պետական մարմինն է մշակել Ամուլսարի հանքավայրում ուսումնասիրություն իրականացնելու տեխնիկական առաջադրանքը (վարչապետի աշխատակազմ, բնապահպանության նախարարություն, քննչական կոմիտե կամ այլ մարմին):
2. Ո՞ր կազմակերպություններն են հայտ ներկայացրել Ամուլսարի հանքավայրում ուսումնասիրություն իրականացնելու վերաբերյալ հայտարարությանը (բոլոր հայտատու կազմակերպությունների անվանումները սկզբնական և վերջնական/short listed փուլերում):
3. Ո՞ր պետական մարմինն է իրականացրել կազմակերպության ընտրությունը և ի՞նչ չափորոշիչների հիման վրա է ընտրվել հենց լիբանանյան ELARD ընկերությունը:
4. Նշված ընկերության աշխատանքներում տեղական մասնագետներ ներգրավվա՞ծ են: Ովքե՞ր են այդ մասնագետները և արդյո՞ք նրանք նախկինում մասնակցել են հանքավայրի շահագործման նախագծային փաստաթղթերը մշակելու աշխատանքներին:
5. Ինչպիսի՞ փաստաթւղթ է կազմվելու իրականացվող ուսումնասիրության արդյունքում և ի՞նչ իրավական կարգավիճակ է ունենալու կազմված փաստաթուղթը (փորձագիտական եզրակացություն՝ քրեական գործի շրջանակներում օգտագործելու համա՞ր, թե՞ մեկ այլ բան: Ուսումնասիրության արդյունքում կազմված փաստաթուղթը ունենալու՞ է արդյոք այնպիսի իրավական կարգավիճակ, որը կարող է դրվել հանքավայրի շահագործումը թույլատրելի կամ անթույլատրելի համարելու վերաբերյալ՝ կառավարության դիրքորոշման հիմքում):
6. Եվ ի վերջո՝ ինչպե՞ս է որոշվել մատուցվող ծառայությունների համար վճարման չափը («Գնումների մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգո՞վ, թե՞ այլ ընթացակարգով):
Այս հարցերի պատասխանները ես հիմնականում գիտեմ, դրանք պետք է լսի նաև հանրությունը՝ պաշտոնապես: Պրիմիտիվ մանիպուլյացիաների համար տրված ժամանակն անցավ:
Արթուր Գրիգորյան
(աղբյուրը՝ ֆեյսբուքի էջ)