Նորակոչիկներին վազեցնում էին գիշերով․ զոհ և վիրավորներ Ճամբարակի վթարից
Ճամբարակ-Վահան ավտոճանապարհին «Գազ-53» բեռնատարը վրաերթի է ենթարկել յոթ նորակոչիկների։ Զինվորներից մեկը՝ Սուրեն Մամբրեի Վարդանյանը, մահացել է, երեքը գտնվում են զինվորական հոսպիտալում՝ բժիշկների հսկողության տակ։
Պաշտպանության նախարարությունը հաստատել է՝ դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 19-ին, ժամը 21։00-ի սահմաններում։ Քննչական կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու հոդվածով: Վարորդը ձերբակալվել է:
Ճամբարակի վատ զորամասը
Դեպքը Ճամբարակի զորամասից մոտ 200 մետր հեռավորության վրա է եղել՝ երեկոյան 21։20-ին։ Ավտոճանապարհի այդ հատվածը լուսավորված չէ, դեպքի պահին նորակոչիկները վազում էին այնտեղ՝ պատմել է Վահան գյուղի վարչական ղեկավար Արշակ Մկրտչյանը։ Զոհված զինծառայողը զրահաբաճկոնով էր։
Ըստ կարգացուցակի՝ երեկոյան 9-ին զինվորները պիտի զորամասում լինեն։ Ժամը 22։30 քնի ժամն է։ Ինչո՞ւ էին գիշերվա մթին նորակոչիկները վազում զորամասից դուրս գտնվող չլուսավորված ավտոճանապարհով։
«Ազատություն» ռադիոկայանի տեղեկություններով՝
Ճամբարակի զորամասի սպան այդպես պատժում էր նրանց ճաշարանում աղմկելու համար։
«Հրապարակի» տեղեկություններով՝
Զինվորներին ստիպել են վազել հակագազերով, այդ իսկ պատճառով նրանք չեն լսել և չեն նկատել մոտեցող բեռնատարին։ Վիրավոր զինվորներից մեկի մայրն ասել է, որ իր որդին «հոդվածավորված» էր և ազատված ֆիզիկական ծանրաբեռնվածությունից։
Պաշտպանության նախարարությունից չեն մեկնաբանում այս տեղեկությունները՝ «ծառայողական քննություն է ընթանում»։
Վրաերթից զոհված Սուրեն Վարդանյանը ընդամենը մեկ ամիս առաջ էր զորակոչվել։ Ապրում էր Ձորաղբյուրում, անցած տարի ավարտել էր տեղի միջնակարգ դպրոցը, տարկետում էր ստացել մեկ տարով՝ սրտի խնդիրների պատճառով։ Հուլիսի 22-ին նրան տարել էին բանակ։

Սուրեն Վարդանյանը, լուսանկարը՝ սոցցանցերից
Ճամբարակի զորամասի սպայակազմում այս պահի դրությամբ պաշտոնանկություններ չկան։ Մեկ ամիս առաջ էլ այս զորամասում հայտնաբերվել էր 20-ամյա զինծառայող Նարեկ Թորոսյանի մարմինը։ Քննիչները ենթադրում էին, որ Նարեկը ինքնասպան է եղել։ Նրան անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու մեղադրանքով այն ժամանակ ձերբակալել էին կրտսեր սերժանտին և շարքային համածառայակցին։
Քննվում է որպես ՃՏՊ խախտում
Օգոստոսի 19-ի վթարի գործով մեղադրանք է առաջադրվել Վահան գյուղի 34-ամյա բնակչին, որը «Գազ -53» բեռնատարով գյուղ էր վերադառնում Ճամբարակից։
Ըստ համայնքի ղեկավարի՝ նա պայմանագրային զինծառայող է, հերթափոխից հետո գյուղատնտեսական աշխատանքով էր զբաղվում։ «Ինքը եղել է սթափ անմիջապես դեպքից հետո։ Ես երևի մի 5-10 րոպեի ընթացքում դեպքի վայրում եմ եղել։ Խմած չի եղել ընդհանրապես։ Պայմանագրային զինծառայող է, երեք հատ անչափահաս երեխա ունի, չորրորդով էլ կինը հղի է։ Ձայներ էր հանում շատ ուժեղ, լացում էր, իրեն կոտորում էր, այդ վիճակն էր», — ասել է Արշակ Մկրտչյանը։
Դեպքի վայրի լուսանկարներից երևում է, որ բեռնատարը խարխուլ վիճակում է, նույնիսկ պետհամարանիշներ չունի։ Հետագայում պարզվել է, որ վարորդն էլ առանց վարորդական վկայականի էր երթևեկում։
Վարչական ղեկավարի խոսքով՝ հնամաշ մեքենան կանոնավոր չի օգտագործել, այլ տարվա մեջ մոտ 20 օր՝ խոտ տեղափոխելու համար։
Ինչպե՞ս է վթարը տեղի ունեցել։ Վահանի վարչական ղեկավարը միայն գիտի, որ ճանապարհի այդ հատվածը լուսավորված չէ․ «Դե զինվորները վազելիս են եղել։ Դե արդեն չես կարող պատկերացնել՝ ճանապարհի մեջտեղով են վազել, թե եզրով են վազել»։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկվա ճեպազրույցին հայտարարել է, թե այս դեպքը ցույց է տալիս, որ խնդիրները համակարգային են։ Փաշինյանը ոչ թե բանակի մասին է խոսել, այլ հնամաշ մեքենաների։
«Երբ պարեկային ծառայությունը մտնում էր, Հանրապետությունից տասնյակ տարբեր տեղերից զանգեր էի ստանում, որ գյուղում մարդիկ դե խոտ են տանում, այդ մեքենաներին պետք չի համար պահանջել, տեխզննում պահանջել և այլն և այլն: Մենք ասեցինք՝ չէ, պետք է, պիտի վերջ տրվի այդ ամեն ինչին։ Այդքանից հետո էլ այսպիսի դեպք ենք ունենում, երբ շահագործման ոչ ենթակա մեքենան բարձում են քիչ չի, վարում են, մի հատ էլ բարձում են և մի հատ էլ այդ միջադեպն է տեղի ունենում», — ասել է նա:
Ինչո՞ւ էին նորակոչիկները գիշերվա մթին զրահաբաճկոններով և սաղավարտներով վազում զորամասից դուրս գտնվող չլուսավորված ավտոճանապարհով, ո՞վ է նրանց այդպիսի հրաման տվել։ «Դա պետք է պարզվի՝ ինչի էին դրսում», — ասել է Փաշինյանը։
Տարեսկզբից առնվազն 30 զինվորական է մահացել
Անցած 8 ամիսների ընթացքում հայկական բանակում 30-ից ավելի զինծառայող է մահացել, մահերից առնվազն 18-ը արտադատական կարգով որակվել են որպես բանակով չպայմանավորված, 12-ը՝ զինվորական ծառայության հետ կապված։ Պաշտպանության նախարարությունը ոչ բոլոր մահերի մասին է հաղորդել։
Օգոստոսի 13-ին էր հաղորդվել է զինծառայող Գրիգոր Էդգարի Զաքարյանի մահվան մասին։ Նրան գտել են հրազենային վնասվածքով։ Հիմնական վարկածը կրկին ինքնասպանությունն է՝ արդեն 6-րդը անցած 8 ամիսների ընթացքում։ Զինվորին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու մեղադրանքով կալանավորել են մեկ անձի։
Բանակային չդադարող մահերին Կառավարությունը առաջ արձագանքում էր հասարակական բարքերի մասին պատրաստի կարգախոսներով։ Պաշտպանության նախարարը 2026-ը հռչակել էր բանակում քրեական ենթամշակույթի դեմ պայքարի տարի, և հենց 2026-ին մահերի վիճակագրությունը կտրուկ աճել է։ Գրեթե ամեն ամիս հաղորդվում է «ինքնասպանության» կամ սպանության, կամ դժբախտ պատահարի մասին։
Փաշինյանն ՊՆ ղեկավարին և ԳՇ պետին պատասխանատու չի համարում։ Պաշտոնյաները մինչ այս հիմնականում խոսում էին հասարական վատ բարքերի, խաղամոլության, երիտասարդ տղաների հոգեկան վիճակի մասին։ Անցած շաբաթ Կառավարության ղեկավարը պատասխանատվության սլաքներն ուղղել է Ռազմական ոստիկանապետի և բարոյահոգեբանական վարչության ղեկավարի ուղղությամբ։ 4 հոգու պաշտոնանկ են արել։ Պաշտոնից հեռացվել են նաև նախարար Սուրեն Պապիկյանի երկու խորհրդականները՝ Սյունիքի նախկին մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը և Արագածոտնի նախկին մարզպետ Ռազմիկ Պետրոսյանը։
Ռազմական ոստիկանապետի պաշտոնում շուրջ վեց տարի առաջ նշանակված Աշոտ Զաքարյանին փոխարինել է նախկին ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը։
Սուրեն Պապիկյանն այս օրերին լուսանկարներ էր հրապարակում մարտական դիրքերից։ Հաղորդվում էր, թե նախարարը ստուգայցերի է գնացել։ Մինչ այդ Կառավարությունից տեղեկացրել էին, թե Զինված ուժերում որոշել են ստեղծել ինքնասպանությունների և ոչ կանոնադրային հարաբերությունների հարցերի առնչությամբ համակարգային լուծումներ մշակող միջգերատեսչական աշխատանքային խումբ: