Home / Բանակ / Հայաստանյան դատարանը ֆիքսել է գեներալի մահաբեր հրամանը

Հայաստանյան դատարանը ֆիքսել է գեներալի մահաբեր հրամանը

Սյունիքի դատարանն այսօր Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանին մեղավոր է ճանաչել Քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 3-րդ մասով՝ պատերազմի ժամանակ զինվորական ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք ցուցաբերելու համար, որն առաջացրել է ծանր հետևանք։

Գեներալ Հարությունյանը մեղավոր է ճանաչվել 2020-ի 44-օրյա պատերազմի ժամանակ՝ հոկտեմբերի 12 -ին, Ֆիզուլիի ուղղությամբ՝ Ջուվառլու կոչվող բնակավայրի մոտակայքում, «Ցորի» զորամասի 20 զինծառայողների մահվան համար, ովքեր սխալ հրամանի պատճառով հայտնվել էին ադրբեջանական զինուժի շրջապատման մեջ և սպանվել։

տե՛ս Ինչպե՞ս է խոցվել հրետանավորների դիվիզիոնը․ ծնողները անուններ են տալիս

«Երբ դիվիզիոնը գտնվել է մարտական հենակետում, դիմացից զորախումբ են տեսել եկող, փորձել են ճշտել, թե մերո՞նք են։ Եվ անձամբ ինքը ասել է, որ 100 տոկոս մերոնք են, և դա ասել է 2 անգամ, որի արդյունքում եկել, շրջափակել են այդ երեխաներին։ Երեխաները ինչքան հնարավոր է՝ դիմադրություն են ցույց տվել, բայց ուժերի անհավասարության պայմաններում 20 զոհ է եղել», – ասել է զոհվածների ծնողների ներկայացուցիչ, փաստաբան Լիպարիտ Սահակյանը։

Դատարանը դեռ պատիժ չի սահմանել, դա հաջորդ նիստին կորոշվի։ Մեղսագրվող հանցանքը 5-ից 10 տարվա ազատարկում է նախատեսում։

Ջալալ Հարությունյանն իր մեղքը չի ընդունում, դատարանի որոշումը բողոքարելու է նրա փաստաբան Արսեն Սարդարյանը։

Ըստ իրավապահների՝ հենց Ջալալ Հարությունյանի սխալ հրամանի պատճառով են զինվորները հայտնվել հակառակորդի թիրախում՝ 20 հոգի զոհվել է, 7-ը՝ վիրավորվել, զորամասն էլ անցել է Ադրբեջանի հսկողության տակ։

կոնտեքստ

Դատավճիռը մասամբ զոհված զինծառայողների ծնողների հետևողականության և արդեն տարիներ տևող պայքարի արդյունք է։ «Ցորի» զորամասի շրջափակման պատմությունը հենց նրանք են հետաքննել և հանրայնացրել․ պատերազմից հետո զոհերի հարազատները ասուլիս էին հրավիրել, հրապարակել էին իրենց ունեցած ապացույցները։ Բողոքի ցույցեր էլ են եղել։

Մեղադրանքը մեծամասամբ կրկնում է ծնողների հավաքագրած տեղեկությունները։ Ֆիզուլիի մոտակայքում տեղակայված հրետանավորները հոկտեմբերի 12-ին զոհվել են դիվերսիոն հարձակումից։ Մարտկոցներից մեկին հաջողվել է նահանջել, մյուսը հայտնվել է կրակի տակ։ Զոհված զինվորների ծնողները մեղադրում են հրամանատարներին․ ղարաբաղյան բանակի արդեն նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը, ըստ նրանց, ադրբեջանցի դիվերսանտներին շփոթելով հայկական զորքի հետ՝ բունկերից երկու անգամ հրամայել է չնահանջել և չկրակել, հրետանու պետ Գենադի Բաղդասարյանի հեղինակած «հակահարվածների» պատճառով մի քանի մարտկոց է խոցվել, հրետանային դիվիզիոնի պետ Գևորգ Գևորգյանն էլ հարձակումից անմիջապես հետո նստել է մեքենան և փախչել։

«Հոկտեմբերի 12-ին դիվիզիոնի դիտակետը, որը գտնվում էր կրակային դիրքից մոտ մեկ կիլոմետր հեռավորության վրա, հեռու մատույցներում դիտարկում է ինչ-որ խմբի շարժ դեպի իրենց կողմը։ Փոխգնդապետ Հայրապետյանը, նաև դիվիզիոնի հրամանատար Թովմասյանը, անմիջապես զեկուցում են բանակի հրետանու պետ Գենադի Բաղդասարյանին, թե՝ դեպի մեզ ինչ-որ խմբի շարժ կա, ցանկանում ենք ճշտել խմբի պատկանելիությունը։

Այդ ընթացքում՝ մինչև խորացված հրամանատարական կետից պատասխան ստանալը, դիվիզիոնի հրամանատարը ստորաբաժանումներին հրամայում է թողնել դիրքերը։ Հասցնում են դուրս բերել այնտեղից զինամթերքի կրման մեքենաներն ու հավաքվել․․․ Խորացված հրամանատարական կետից, սակայն, գալիս է հետևյալ պատասխանը՝ մերոնք են, չկրակե՛ք։ Դիվիզիոնի հրամանատարը խիստ կասկածում է, նորից պահանջում է հրետանու պետից՝ ևս մեկ անգամ ճշտեք։ Կրկին նույն պատասխանն է ստանում՝ դրանք մերոնք են», – 2021 թվականի սեպտեմբերի 10-ին հրավիրված ասուլիսին պատմել է զոհվածներից մեկի հայրը։

Բանակի հրետանու պետ, գնդապետ Գենադի Բաղդասարյանը ծնողների հետ զրույցում հավաստիացրել է՝ չկրակելու և չնահանջելու հրամանը եկել է անձամբ Ջալալ Հարությունյանից։

Երկրորդ անգամ նույն պատասխանը ստանալուց հետո դիվիզիոնի հրամանատարությունը չեղարկել է կրակային դիրքերը թողնելու մասին հրամանը և որոշել մնալ տեղում։ Թուլացվել է նաև առաջացող խմբի նկատմամբ հսկողությունը։ Կարճ ժամանակ անց զինվորները ենթարկվել են հակառակորդի հարձակման։

«Հակառակորդը եկել է հարավային ուղղությունից։ Դիտակետը գտնվում էր բարձունքի վրա, կրակային կետը՝ ոնց որ ափի մեջ, ներքևում։ Այնտեղ երկու կրակային դիրք էր՝ 1-ին և 2-րդ մարտկոցները։ 3-րդ մարտկոցը արդեն նախօրեին խոցվել էր․․․»։

2-րդ մարտկոցը, որը աջաթևյան կողմում էր, առանց խոչընդոտի կարողացել է դուրս գալ այդտեղից և նահանջել։ Դիվիզիոնի շտաբի պետ Գևորգ Գևորգյանը, ով գտնվում էր երկու մարտկոցների արանքում և պատասխանատու էր նահանջը կազմակերպելու համար, փախուստի է դիմել։ Առաջին մարտկոցը մնացել է շրջափակման մեջ։ Զոհվածներին ծնողները նույնականացրել են ադրբեջանական տելեգրամ-ալիքներում հրապարակված դաժան տեսանյութերի միջոցով։ Շատերի մարմինները պատերազմից հետո են նոր գտել։

«Զինծառայողներից մեկը, որը իր [Գևորգ Գևորգյանի] կազմի մեջ էր, չի հասցրել նստել նրա մեքենան․․․ Այդ երեխան ողջ է մնացել, իրան էլ ենք տեսել, մյուս զինվորների հետ էլ ենք խոսել, Գևորգ Գևորգյանի հետ էլ․․․ Հիմա նա կարող է շատ բան երգել, բայց ինքն էլ է խոստովանում, որ թողել գնացել է։ Չի ասում, որ դիտավորյալ է թողել, բայց ասում է, որ թողել դուրս է եկել», – պատմել են ծնողները։

Գևորգյանի ձերբակալությունից հետո ծնողները շարունակել են պայքարել՝ գնդապետ Գենադի Բաղդասարյանին և գեներալ Ջալալ Հարությունյանին պատասխանատվության ենթարկելու համար։

Ավելի վաղ Ջալալ Հարությունյանը արդարացվել է մեկ այլ քրեական գործով՝ «2020թ․ հոկտեմբերի 7-ին իրականացված հակահարձակման»՝ Լելե Թեփե բարձունքը հետ գրավելու փորձի դրվագով։ Նրա նկատմամբ քրեական հետապնդումն այդ մասով կասեցվել է։

տե՛ս Լելե Թեփեի «հակագրոհը» որպես առեղծված․ Ջալալ Հարությունյանը արդարացվել է