հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Բանակ / Լելե Թեփեի «հակագրոհը»․ Ջալալ Հարությունյանը արդարացվել է

Լելե Թեփեի «հակագրոհը»․ Ջալալ Հարությունյանը արդարացվել է

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանն արդարացվել է «2020թ․ հոկտեմբերի 7-ին իրականացված հակահարձակման»՝ Լելե Թեփե բարձունքը հետ գրավելու փորձի դրվագով։ 

Մեկ տարի առաջ Քննչական կոմիտեն հայտարարել էր, թե 48-ամյա գեներալ-լեյտենանտի գործողությունների հետևանքով Լելե Թեփե բարձունքում ձախողվել է բանակային հակահարվածը, առնվազն 20 զինծառայող զոհվել է, առնվազն 19 տանկ՝ խոցվել, ռեզերվային ստորաբաժանումները դարձել են անմարտունակ, առնվազն մեկ ռազմավակարան նշանակության զորամաս գրավվել է։

Գեներալին մեղադրանք էր առաջադրվել պաշտոնեական անփությունյան, մասնավորապես՝
1) ուժերի 1։5 հարաբերակցության պայմաններում Հորադիզ-Ջաբրայիլ ուղղությամբ հակագրոհ կազմակերպելու,
2) օպերացիայի ձախողումից հետո ռեյդեր անելու,
3) զինվորներին չստուգված տեղեկություններ փոխանցելու համար։

տե՛ս Գեներալ Ջալալ Հարությունյանի մեղադրանքը

Հունիսին Ջալալ Հարությունյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը ժամանակավորապես կասեցվել է։ Հայտարարվել է, թե Քննչականում «հանձնաժողովային ռազմագիտական փորձաքննություն է նշանակվել», որի եզրակացությունը «էական նշանակություն կունենա արարքներին վերջնական իրավական գնահատական տալու համար»։

Գեներալ-լեյտենանտը հենց այս եզրակացության հիմքով է արդարացվել։

«Շուրջ 306 էջանոց Ռազմագիտական հանձնաժողովային փորձագիտական եզրակացությամբ թվով 11 փորձառու ռազմագետների կողմից միակարծիք փաստվեց, որ Հարությունյանի գործողություններում հակահարվածի դրվագով հանցակազմ չկա, վերջինս հակահարձակման ժամանակ գործել է բարեխիղճ, զգոն և գրագետ», – գրել է Հարությունյանի փաստաբան Արսեն Սարդարյանը։

Իրավապահները մոտ մեկ տարի առաջ վկայակոչել էին մարտական կանոնադրությունը, համաձայն որի՝ եթե հակառակորդի ուժերը երեք անգամ շատ են, չպետք է հարձակվել։ Ըստ Քննչականի, Հարությունյանը հոկտեմբերի 7-ին հակահարձակման հրաման է տվել, երբ հայկական ուժերը մոտ 5 անգամ զիջում էին ադրբեջանականին։ Ինչպե՞ս է սա մեկնաբանել ռազմագիտական փորձաքննությունը՝ պարզ չէ։ Փաստաբանը հրաժարվել է մանրամասներ հրապարակելուց՝ խոստանալով, որ առաջիկայում մամուլի ասուլիս կհրավիրի։

Պատերազմի ժամանակ ծանր վիրավորված Ջալալ Հարությունյանն անցած տարի նախ կալանավորվել, ապա ստորագրությամբ ազատ էր արձակվել։ Նրա փաստաբանը պնդում է, որ ռազմագետների հանձնաժողովը եզրահանգել է, որ Ցորի զորամասի դիվիզիոնի վրա հակառակորդի հարձակման հետևանքով ունեցած կորուստների հարցում նույնպես պաշտպանյալը մեղք չունի, բայց իրավապահները այս դրվագով նրա հետապնդումը չեն դադարեցրել։

Հարությունյանին շարունակում են մեղադրել նաև Ֆիզուլիի շրջանի Ջուվառլու կոչվող բնակավայրի մոտակայքում հոկտեմբերի 12-ի դեպքերի համար։ Այնտեղ կրակային դիրքի ուղղությամբ 100-ից ավելի զինծառայողներից բաղկացած խմբի տեղաշարժ է նկատվել, խմբի մեջ են եղել նաև Հայաստանի զինված ուժերի համազգեստ կրող անձինք։ Հայկական ստորաբաժանումից ռադիոկապով զեկուցել են՝ կասկածներ ունեն, որ մոտեցողները ադրբեջանական դիվերսիոն խմբի անդամներ են։ Ջալալ Հարությունյանը, ըստ մեղադրանքի, առանց համակողմանի ուսումնասիրության նշել է, որ տվյալ խմբավորումը յուրային է, ինչը փոխանցվել է դիվիզիոնի անձնակազմին: Այս ամենի հետևանքով զինվորները հայտնվել են հակառակորդի թիրախում՝ 20 զինծառայողներ զոհվել են, 7-ը՝ վիրավորվել, փոխգնդապետի գտնվելու վայրը մինչև հիմա անհայտ է։ Զորամասն անցել է Ադրբեջանի հսկողության տակ։

տե՛ս Ինչպե՞ս է խոցվել հրետանավորների դիվիզիոնը․ ծնողները անուններ են տալիս

Լելե Թեփեի ձախողված օպերացիան

Լելե Թեփեն օպերացիայի մասին 2021-ին Ազգային ժողովում խոսել էր նաև Հայաստանի վարչապետը։ Նիկոլ Փաշինյանը վստահեցրել էր՝ մասնակցել է սպասվող հակագրոհի շուրջ քննարկումներին, բայց որևէ կարծիք չի հայտնել. «Հիմա էլ ասում են՝ ես եմ որոշել։ Իբր ասել եմ՝ Սերժ Սարգսյանը Լելե Թեփեն հանձնել է, գնացեք, գրավեք, և այդ համատեքստում 700 զոհ է եղել։ Սա կատարյալ անհեթեթություն է: Այդ օպերացիայի առաջարկի հեղինակը եղել է գեներալ, այդ առաջարկը ընդունելի է համարել գեներալ, այդ առաջարկը կյանքի կոչելու հնարավորության գնահատումն իրականացրել է գեներալ»:

2021-ի ապրիլին օպերացիայի մասին որոշ մանրամասներ է հայտնել նաև Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը, որը 44-օրյա պատերազմի ժամանակ Լեռնային Ղարաբաղի Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնն էր զբաղեցնում․

«Նստած տեղները պաշտպանողական մարտեր են վարել՝ հակառակորդը հեռվից խփում էր, իրենք հետ էին քաշվում անընդհատ։ Վերջին օրերին ակտիվ Լելե Թեփե են ասում, չէ՞։ Գաղափարը ես եմ առաջարկել, բայց ի՞նչ վիճակում։ Հոկտեմբերի 5-6-ին, երբ հակառակորդի մի թևն արդեն Ջաբրայիլի բերանն էր, մյուս թևը Հադրութի բանաձոր գյուղերն էր վերցրել, երրորդ թևը գնում էր դեպի Խուդաֆերին։ 

Կապվում է պրն Փաշինյանը սելեկտրով [Հայաստանի ԶՈՒ ԳՇ պետ] Օնիկ Գասպարյանի հետ, թե՝ ստեղի գեներալները սենց բան են ասում։ Ես միջամտում եմ, ասում եմ՝ լսի, եթե դուք կարում եք էտ տարածքում պաշտպանություն կազմակերպել, կանգնեցնել հակառակորդին՝ կարանք չանենք, բայց եթե [այդտեղ պաշտպանություն կազմակերպել չեք կարողանում]՝ մեր միակ քայլը մնում է դա։ Մարդը ասում է, որ այնտեղ պաշտպանություն կազմակերպել չի լինում, չունենք ռեսուրսներ, որ կանգնեցնենք հակառակորդին այս երեք ուղղություններով։ Այսինքն՝ մնում է միայն Քյանդ Խորադիզը։ Լելե Թեփեն 9-10 կմ է այդտեղից հեռու։  Քյանդ Խորադիզից մի հատ ուղիղ ճանապարհ է իջնում մինչև Արազ գետ՝ 12 կմ։ Եթե մենք այդ 12 կմ-ն չենք կարողանում փակենք, ապա 100 կմ-ում ո՞նց ենք պաշտպանություն ստեղծելու։ 93 թվին այդ տարածքները մենք այսպես ենք ազատագրել։ ․․․Ճանապարհը փակել ենք, օղակի մեջ ենք վերցրել, սեղմել ենք Իրանի սահմանին․․․ Այս առաջարկը ընդունել է և՛ Ջալալ [Հարությունյանը], և՛ Օնիկը Գասպարյան, որ, այո, դա է միակ ձևը։ Այս օպերացիան որոշողը, կայացնողը Ղարաբաղի հրամանատարն է եղել։ Երկու բրիգադ է կցվել, որ այս օպերացիան իրականացվի։ Ամսի 7-ին օպերացիան սկսել են։ Ղարաբաղի ամբողջ շտաբը եղել է այդ կամանդնի պունկտում՝ Ֆիզուլիում։ Կառավարվել է այնտեղից, ամբողջը նկարահանված է, արխիվացված է։ Պետք է առգրավվեն, բերեն ու ծանոթանան, որ հասկանան՝ ստերի աստիճանը ինչ է լինում։

Օպերացիան սկսել են։ Տանկային բրիգադը ճեղքել է ու մտել։ ՑՈՐ-ի Մոտոստրելկովի բրիգադը մի 150 հոգու խփել է ու էլ չի շարժվել առաջ, կանգնել է։ Երբ որ տանկային բրիգադը հասկացել է, որ իրա մեջքը պահողը չի մտնում, իրենք էլ են կանգնել, էկիպաժները դուրս են եկել․․․ Ընդհանուր առմամբ 11 տեխնիկա տանկային բրիգադից խփվել է, մի մասը թողել են, մի մասը մնացել է այնտեղ․․․ Հետո երեք տեխնիկա հանել են այնտեղից։ Իսկ երկրորդ բիգադից՝ մի տանկ ԱԹՍ-ն է խփել, երկրորդ տանկը ԲՄՊ-ն գցել է ձորը։ Վարորդը լավը չի լինում, գցում է ձորը․․․ Էտ օրը՝ ամսի 7-ին, զոհվել է երկու հոգի՝ տանկային բրիգադի գումարտակի հրամանատարը և կոնկրետ վաշտի հրամանատարը ՑՈՐ-ի բրիգադից։ 10-ից ավել էլ վիրավոր կար։ Բայց խոսվում է 700 զոհից, 44 տեխնիկայից, թե բա տարել են գլուխները կերել և այլն։ ․․․Օպերացիան որպես այդպիսին չի կայացել։ Գցել են իրար վրա՝ չի կայացել։ Եկեք չասենք դավաճանություն, թող լինի քննություն։ Կա՛մ վախեցել են, կա՛մ սաբոտաժ է եղել», – ասել է ղարաբաղցի նախկին զինվորականը։

տե՛ս Ստերով կերակրվող բանակի և պատերազմի մասին․ Սամվել Բաբայանի «ցուցմունքը»