Ղարաբաղյան 44-օրյա պատերազմի ընթացքում Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը զբաղեցրած Սամվել Բաբայանը (1993-1999 թթ. եղել է ՊԲ հրամանատար, հայտնի է նաև «Իժո» մականունով) Սամվել Բաբայանը «Մերոնք» ալիքին տված ծավալուն հարցազրույցում խոսել է պատերազմի ընթացքի, հայկական բանակի կարողությունների, ձախողված որոշ օպերացիաների և հետպատերազմական «մեղավորների» մասին։
Հարցազրույցի հատվածական սղագրությունը՝ ստորև․
— Պատերազմը սկսվել է սեպտեմբերի 27-ի առավոտյան։ Հայկական կողմի Ղարաբաղի թևը 15 րոպեում կորցրել է իր հակաօդային ուժերի 50 տոկոսը, հրետանու՝ 40 տոկոսը։ Հենց առաջին օրը՝ 15-20 րոպեում։
․․․ Դրանից հետո, նույն ձևով, ինչ դեռ 2016 թվականին էի բացատրում, որ մտնելու են և հրետանին կարկուտի պես թափվելու է երեխեքի գլխին, այդ կարկուտը սկսել է աշխատել․ ընդհանրապես՝ ամբողջ ռազմաճակատով, բայց գլխավորապես երկու՝ Թալիշ-Մատաղիս և Քյանթ Հորադիս ուղղությամբ։ Մատաղիսի ուղղությամբ հետ ենք քաշվել և կարողացել պահել դիրքերը, Հորադիսի ուղղությամբ հակառակորդը ճեղքել է բնագիծը և ծավալվել միաժամանակ 4-5 ուղղությամբ՝ Արաքս գետի ափով, դեպի Հադրութի կողմ, դեպի Ջաբրայիլի կողմ և այլն… [Հայկական կողմին] պահել չի ստացվել, նախահարձակման են անցել, զոհեր տվել, էլի հետ քաշվել։
«Սպայական կազմի 70 տոկոսից ավելին իր տեղում չէր»
— Հիմա, երբ գեներալներն իրար են մեղադրում, գցում են մեկը մյուսի վրա, քաղաքականացնում են, թե վերևներից է որոշվել, եսիմ ինչ… ինձ դա ծանոթ է դեռ 1992-ից։ Բայց մի պարզ ճշմարտություն կա՝ պետք էր կարողանալ կազմակերպել…
․․․ Ղարաբաղը պետք է 17 500 ՄՕԲ (պահեստազորային) ռեսուրս հավաքեր, առաջին փուլում՝ 7 500 – 8 000: Առաջին փուլը 90 տոկոսով կատարվել է։ Դրանից հետո չի կատարվել։ Պետությունը պետք է անմիջապես պատերազմական ռելսերի վրա դրվեր, ինչը չի արվել։ Եվ երկրորդ՝ ազատ տեղաշարժ է եղել՝ դուրս գալ, մտել, ով ինչ ուզում է… Դա անթույլատրելի էր, որովհետև եթե ղարաբաղցին Ղարաբաղում չի մնում, չի կռվում, ապա ինչ էլ անենք՝ չի ստացվելու։ Այս 8 հազար [պահեստազորից] էլ մոտ 3 հազարը թողել-գնացել էր։ Հայաստանը, որ պիտի տար 11 հազար պահեստազորային ռեսուրս, տվել է 6-7 հազար, որի մեծ մասն առաջադրանք չի կարողացել կատարել։ Երբ զորքը տեսնում է, որ հակառակորդի ԱԹՍ-ներին ու հրետանուն չենք կարողանում ճնշել, իրենց մեջ վախ է մտնում, խուճապ… Զորամասի հրամանատարներն էլ չեն կարողանում կազմակերպել, որովհետև նրանց ունակությունները 4 000 մարդ ղեկավարելը չէ, նրանց ունակությունը 2 000 մարդ ղեկավարելն է։
․․․ Սպայական կազմի 70 տոկոսից ավելը իրենց տեղերում չէին՝ որակական իմաստով, կարգուկանոնի և այլն։ Փախնողներ էլ կային։ [ՊԲ հրամանատար] Ջալալ Հարությունյանը պարտադրված էր պատերազմի ընթացքում 19 տարեկան երեխային լեյտենանտ տալ, վաշտում հրամանատար նշանակել։ Սպան փախչում է, իրա տեղում չէ, որակապես չի կարողանում։ Սա խոսում է առնվազն վերջին տասը տարվա կադրային քաղաքականության մասին. սպայական կազմը ամբողջությամբ ստի վրա էր հենված։ Ստերով էին կերակրում իրար, զեկուցում տեղից՝ սուտ։ Սա լուրջ խնդիրներ են։ Հիմա գեներալներ են արտահայտվում, թե «ես չեմ մեղավոր, ինձանից հետոն է մեղավոր»։ Դա իրականությանը չի համապատասխանում։ Վերջին տասը տարում ով եղել է շտաբի պետ, նախարար, հրամանատար՝ բոլորը պատասխանատու են…
․․․ Հարավային ուղղությամբ 10 կիլոմետրանոց ռազմագիծ ճեղքելով հակառակորդը ռազմաճակատն ընդհանուր 270 կիլոմետրից դարձրեց 470 կիլոմետր։ Մենք դրա պաշտպանության ռեսուրսներն ունե՞նք, նման գեներալներ ունե՞նք, որ կարող են կազմակերպել այդ պաշտպանությունը։ Ես ձեզ ասում եմ՝ չունենք։
«Գեներալ-գնդապետը հրաժարվում է հրաման կատարել»
— Ես հարավում առաջարկեցի ստեղծել առանձին կառավարման կետ և առաջարկեցի, որ Մոսին [Մովսես Հակոբյանը՝ ՊԲ նախկին հրամանատար, ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ, 2019-2020 թվականներին՝ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ։ Պատերազմի ավարտից հետո հրաժարական ներկայացրեց, ասուլիս հրավիրեց՝ մեղադրելով Նիկոլ Փաշինյանին պատերազմական հանցագործությունների մեջ] գնա այդ ուղղությամբ։ Հետագայում ինքն ասաց, որ քանի որ ես եմ առաջարկել՝ ինքը հրաժարվել է։ Ժողովուրդն էլ ասում է՝ ինչպիսի բացահայտումներ։
Ժողովուրդ, այդ մարդը եղել է շտաբի պետ, առաջին, երկրորդ, հինգերորդ կորպուսին, զորամասերի այդտեղի սպայակազմին ինքն է ճանաչում, ես չեմ ճանաչում։ Երկու տարի առաջ ինքն է եղել։ Ու գեներալ-գնդապետը կանգնում ասում է՝ ես անձնական հին խնդիր ունեմ, չեմ գնում։ ․․․Մարդը այդ կոչման տակ հրաժարվում է կատարել հրամանը։ Հիմա ես հարց եմ տալիս՝ եթե գեներալ-գնդապետը, 4-5 տարի Շտաբի պետի պաշտոնը զբաղեցրած, 8 տարի Ղարաբաղի հրամանատարն եղած մարդը հրաժարվում է կատարել իրենից կախված խնդիրը, դուք կրտսեր սպայից կամ գումարտակի հրամանատարից ի՞նչ եք պահանջում։ Նրանք էլ են հրաժարվում, [մնում է զինվորի հույսին]…
Քյանթ-Հորադիզի ճանապարհը և շրջափակման տապալված օպերացիան
— Երբ հակառակորդը ճեղքում է ու հասնում Ջաբրայիլ, ու ծավալվում դեպի Խուդաֆերին, առաջարկել եմ Քյանթ-Հորադիզի մոտի ճանապարհը փակել ու կտրել հակառակորդի ճամփեն։ Ջալալ Հարությունյանին եմ առաջարկում, և Ջալալը կազմակերպում է, երկու բրիգադ է այս ուղղությամբ հարվածում, մտնում և փակում ճանապարհը։ Ջալալն անձամբ դա կազմակերպում է։ Փակելով այս ճանապարհը՝ այսօրվա իրավիճակը չէինք ստանա, [ադրբեջանական ստորաբաժանումների] հետևից օգնությունը, մատակարարումը փակում էինք։ Օպերացիան անելուց երկու տանկային բրիգադ՝ աջ թև, ձախ թև, գլխավոր ճանապարհով մտնում էր ու, իրար թիկունք պահելով, շարժվում առաջ։
Երբ մեր տանկերը գնում են, ադրբեջանցիները դրոշներով կանգնած մեր տանկերին դիմավորում են՝ չհասկանալով, որ դա մեր տանկերն են։ Ադրբեջանը այդտեղ 150 զոհ է ունենում։ Որևէ դիմադրություն այս ուղղությամբ չի լինում։ Առաջին բրիգադը ծավալվում է, բայց երկրորդ բրիգադը չի փորձում էլ առաջ շարժվել, ամրանալ. հրամանատարը ոտքից վիրավորվում է, տեղակալը հրաման չի կատարում և այլն։ Ես չէի կարող օպերացիա մշակել, ես կարող էի գաղափարը տալ։
․․․ Ես առաջարկում եմ ռազմական դատախազությանը քննել այս օպերացիան. ի՞նչ պատճառով այստեղի բրիգադը չի կատարել իր ռազմական առաջադրանքը և ովքե՞ր են մեղավորները։ Ինչի՞ այդ հրամանը չի կատարվել։ Դու մտնում ես մարտի՝ հրետանին ապահոված, ամեն ինչ նորմալ, բայց հրամանը չես կատարում։ Չէր լինի այս 2000 զոհը, չէին կորցնի այդ տարածքները. ինչի՞ չի արվել։
«Շուշիի օպերացիան» և Մարտակերտի շրջղեկավարը
— Սղնախ գյուղում [ադրբեջանական կողմը] ստեղծել էր բազա ու այդտեղից ձգվում էր դեպի Շուշի։ Օպերացիան հետևյալն էր. երեք գումարտակով, երկուսը՝ Հայաստանից, մեկը՝ Ղարաբաղից, Առաջաձորի գումարտակը պիտի Ավետարանոցով մտներ ու բարձունք վերցներ, հակառակորդին ճանապարհից կտրեր, նաև՝ Սղնախը երկու կողմից պետք է շրջապատեին՝ հակառակորդին ստիպելով Շուշիից հետ գնալ։ Սա շատ հեշտ հնարավոր էր կատարել։
Շոշ գյուղում հրամանատարներին բացատրվում է օպերացիան։ Համաձայնվում են։ Հայաստանի խմբավորման հետ տեղացիներից մարդ է դրվում։ Նոյեմբերի 5-ին խորհդակցությունն է, 6-ին պետք է օպերացիան սկսվի։ Նոյեմբերի 5-ի գիշերը ժամը 2-ին ինձ ասում են, որ Առաջաձորի գումարտակը հրաժարվում է, հետո Հայաստանի երկու գումարտակներն են հրաժարվում կատարել օպերացիան։ Հենց այդպես։ Այնտեղ ամեն ինչը ոչ թե զինվորական կարգուկանոնով էր, կարգուկանոնը շատ թույլ էր, կարային իրենք որոշեին՝ անում են, թե չէ։ Ես հետո փորձում եմ պարզել՝ ինչ է կատարվել։ Պարզվում է՝ երբ մենք Շոշում խորհրդակցություն էին անցկացնում, Մարտակերտի շրջանի ղեկավարը գնում է հանդիպման՝ Վանք գյուղ։ Հանդիպում է այդ [գումարտակների] տղաների հետ և նրանք [հրաժարվում են առաջադրանքը կատարել]։ Հարց է ծագում՝ ո՞վ է շրջանի այդ ղեկավարը և ինչ գործ ուներ այդ հանդիպմանը, որ մի հատ էլ ասի՝ «դուք նստեք, ես վաղը նախագահի հետ կհամաձայնեցնեմ այդ ամենը»… Հետո պարզվում է՝ այդ նույն խորհրդակցության ժամանակ, այդ մարդիկ են ասում, որ ինքը ասել է, թե լիազորված է ղեկավարության կողմից։ Հիմա թող քննություն վարեն ու պարզեն՝ այդ մարդիկ ինչ դեր են խաղացել և ինչու են նման վիճակ ստեղծել։
«Զենք չկար»
— Մենք ի՞նչ ենք արել, որ չպարտվենք։ Պարտությունը այն գլխից է սկսվել։ Որ ասում եմ՝ ուսումնասիրեք, թե վերջին տասը տարում բանակն ի՞նչ էր․․․ Մենք հակաօդային ուժ չենք ունեցել։ ՏՈՌ-երից են խոսում․․․ մենք 6 հատ ՏՈՌ ենք ունեցել Ղարաբաղում, դրանից 4-ը խփվել է հենց առաջին 15 օրվա մեջ։ Հետո՝ ամսի 2-ին, ևս 4 հատ տվել են, բայց դա կարա պահի 40-45 կիլոմետր տարածք։ Ոչ ավելին։ Ես ձեզ արդեն ասացի, որ 270-280 [կմ] տարածք ունեինք, մի 200-ն էլ ավելացել է․․․ Լավ, հետո՞։ Հակաօդային ուժերը զրո էին։
․․․ Հիմա ասում են՝ զենք կար, Հայաստանը չի տվել։ Ես ասում եմ՝ Հայաստանն ինչ ուներ-չուներ՝ ամեն ինչը տվել է։ 6 ՏՈՌ-ից 4-ը տվել են։ Եղել են ԲՈՒԿ համակարգեր, որ պետք է տային։ Ամսի 22-ին մերոնք Ղարաբաղից ուղարկել են հաշվարկները, որ պատրաստվեն։ Պատրաստվել են։ Ամսի 27-28-ին արդեն պարզ դարձավ, որ վեց համակարգից 5-ը փչացած է։ Ամսի 3-ին Մոսկվայից նոր մարդ պետք է գա, որ վերանորոգի․․․ Ամսի 10-ին մեզ տան։ Սա է իրականությունը։
․․․ Այն բոլոր հեքիաթները, որ մենք զենքի խնդիր չենք ունեցել, որ մենք զենք ունեցել ենք, մենք էս, մենք էն․․․։ Ժողովուրդ, ես եմ ձեզ ասում՝ չէ, չենք ունեցել։ Հասկանալի պատճառներով պարտավոր էլ չէր Ռուսաստանը մեզ զենք տալ։ Մենք պիտի ժամանակին գնեինք։ Չենք գնել։ Չենք ունեցել։