ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանի մեղադրանքները վարչապետ Նիկոլ Փաշինյանը «համարում է մտացածին ու անհեթեթ և ըստ պատեհության կանդրադառնա դրանց», ֆեյսբուքի իր էջում գրել է վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը։
Նախօրեին հրաժարական ներկայացրած Մովսես Հակոբյանն այսօր ասուլիս է հրավիրել, որի ընթացքում մեղադրել է վարչապետ Փաշինյանին պատերազմի առաջին իսկ օրերին «հանցագործություն» անելու մեջ։
«Երկրի ղեկավարը կանգնեցրել է համալրումը։ ․․․հրաման է արձակել կանգնեցնել լրահամալրումը և փոխարենը կամավորականներին ուղարկել առաջնագիծ՝ պատերազմի երրորդ օրը», – հայտարարել է Մովսիսյանը։ Ըստ նրա, առաջին իսկ մարտի ժամանակ այդ մարդկանց մի մասը զոհվել է մարտի դաշտում, մի մասը՝ խուճապահար փախչել։
Հակոբյանի խոսքերով՝ ամսի 30-ի դրությամբ Արցախն իրականացրել է իր համալրման պլանի 78 տոկոսը, Հայաստանը՝ 52 տոկոսը։ Դրա համար, ըստ նախկին զինվորականի, պատասխանատու են երկրի ղեկավարը, ՊՆ-ն, զինկոմիսարիատը, տարածքային կառավարման նախարարը, բայց ոչ գլխավոր շտաբի պետը։
Հակոբյանը հայտարարել է նաև, թե պատերազմի «5-րդ օրը Արցախում 1500 հոգի մարդ ունեինք փախած, որոնք իզոլացվել են տարբեր տեղեր, որ չգան հետ ու խուճապ չառաջացնեն Հայաստանում։ Եվ էդքան մարդկանց վրա մարդ է նշանակվել, զորքից կտրվել, որպեսզի դրանց պահեն, կերակրվել են զինվորների սնունդով»։
Այնուհետև նա նշել է, թե «մեր հարգարժան» գեներալ գնդապետ Սեյրան Օհանյանը, գնդապետ Բալասանյանը, գեներալ Ալեքսանյանը և տարբեր զինվորականներ «բացատրական աշխատանքներ են տարել, որպեսզի նրանց մի մասին հետ վերադարձնենք բանակի շարքեր»։
Վարչապետի խոսնակը ավելի ուշ գրել է, որ Մովսես Հակոբյանի հայտարարություններով պետք է զբաղվեն իրավապահ մարմինները:
«Իսկ թե վարչապետին վերաբերյալ նրա հրապարակած փաստերը որքանով են հիմնավոր, բերեմ ընդամենը մեկ օրինակ:
Մովսես Հակոբյանը հայտարարել է, թե վարչապետը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ մինչ սեպտեմբերի 30-ը որևէ հեռախոսազրույց չի ունեցել, մինչդեռ վարչապետի պաշտոնական կայքում հպարակված են վարչապետի և ՌԴ նախագահի միջև սեպտեմբերի 27-ին, սեպտեմբերի 29-ին տեղի ունեցած հեռախոսազրույցների մասին մամուլի հաղորդագրությունները: Վերջիններս տարածվել են նաև ԶԼՄ-ներին:
Վարչապետի հասցեին Հակոբյանի հնչեցրած մյուս մեղադրանքները ունեն ճշտության նույնպիսի աստիճան: Ամեն դեպքում, կարծում եմ Հայաստանի իրավապահ մարմինները պետք է քննեն պարոն Հակոբյանի արած բոլոր հայտարարությունները եւ դրանք պետք է հատիկ հատիկ պարզաբանվեն եւ գնահատականի արժանանան», – գրել է Գևորգյանը։
Նա նշել է նաև, որ լիազորված եմ տեղեկացնել, որ Հայաստանի վարչապետը իր հասցեին պարոն Հակոբյանի հնչեցրած բոլոր մեղադրանքները համարում է մտացածին ու անհեթեթ եւ ըստ պատեհության կանդրադառնա դրանց․ «Այդ հայտարարությունները ուսումնասիրվում են նաեւ վարչապետի նկատմամբ սուտ մատնություն անելու համատեքստում: Ուսումնասիրությունների արդյունքում այս կապակցությամբ նույնպես կկայացվի որոշում»:
[թարմացում․ — 16։51] «Գլխավոր դատախազությունում մշտադիտարկման արդյուքնում ֆիքսվել է Մովսես Հակոբյանի կողմից տրված մամլո ասուլիսը: Գլխավոր դատախազի կողմից ասուլիսի տեսագրությունն ուղարկվել է ՀՔԾ՝ նյութեր նախապատրաստելու, ասուլիսի ընթացքում նրա կողմից ներկայացված հանգամանքները քրեադատավարական ընթացակարգով ստուգելու և իրավական գնահատական տալու հանձնարարությամբ», — գրել է Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։