Home / Բանակ / Ինչպե՞ս է խոցվել հրետանավորների դիվիզիոնը․ ծնողները անուններ են տալիս

Ինչպե՞ս է խոցվել հրետանավորների դիվիզիոնը․ ծնողները անուններ են տալիս

Ֆիզուլիի մոտակայքում տեղակայված հրետանավորները հոկտեմբերի 12-ին զոհվել են դիվերսիոն հարձակումից։ Մարտկոցներից մեկին հաջողվել է նահանջել, մյուսը հայտնվել է կրակի տակ։ 21 հոգուց 15-ը զոհվել են։ Նրանց ծնողները մեղադրում են հրամանատարներին․ ղարաբաղյան բանակի արդեն նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը, ադրբեջանցի դիվերսանտներին շփոթելով հայկական զորքի հետ, բունկերից հրամայել է չնահանջել և չկրակել, հրետանու պետ Գենադի Բաղդասարյանի հեղինակած «հակահարվածների» պատճառով մի քանի մարտկոց է խոցվել, հրետանային դիվիզիոնի պետ Գևորգ Գևորգյանը հարձակումից անմիջապես հետո նստել է մեքենան և փախչել…

Ի՞նչ է տեղի ունեցել

Հոկտեմբերի 5-ին ՊԲ 8-րդ մոտոհրաձգային բրիգադի Դ20 դիվիզիոնը Վազգենաշենի դիրքերից տեղափոխվել է Հադրութի շրջան․ իրավիճակն այնտեղ արդեն բավականին ծանր էր։

Զոհված Արթուր Ասրյանի հայրը՝ Արմեն Ասրյանը պատմում է, որ տղաները տեղակայվել են Ջրաշխարհ կոչվող տեղամասում, ավելի ուշ՝ ՊԲ հրետանու պետ Գենադի Բաղդասարյանի ցուցումով, լքել են Ջրաշխարհը, առաջ շարժվել դեպի Հադրութ, անցել քաղաքն ու դիրքավորվել 9-րդ կիլոմետր կոչվող հատվածում։ Հետագայում պարզվել է, որ՝ «հակահարված իրականացնելու համար»։ 

«Հակահարվածի համար անհրաժեշտ էր առնվազն երեք պայման ապահովել։ Նախ՝ հակառակորդը պետք է կանգնեցված լիներ, բայց մենք գիտենք, որ այդ ժամանակ հակառակորդը շարունակում էր առաջխաղացումը։ Երկրորդը՝ հակառակորդը չպետք է ունենար մոտակա ռեզերվներ, իսկ մենք հետագայում համոզվեցինք, որ ռեզերվներ ավելի քան ուներ։ Եվ երրորդը՝ մե՛նք պետք է ունենայինք ռեզերվներ, որպեսզի իրականացնեինք այդ հակահարվածը։ Այս երեք պայմաններից ոչ մեկը չի ապահովվել․․․ Հակահարվածը ձախողվել է», – սեպտեմբերի 9-ին հրավիրված ասուլիսին պատմում էր նախկին սպա, փոխգնդապետ Ասրյանը։

Դիվիզիոնը «մազապուրծ է եղել» 9-րդ կիլոմետրից և վերադարձել Ջրաշխարհ, բայց հրամանատարությունը՝ հանձինս նույն Գենադի Բաղդասարյանի, նորից առաջանալու ցուցում է տվել․․․ Տղաներն առաջացել են և հոկտեմբերի 8-9-ին տեղակայվել Ջուվարլու կոչվող տեղամասում՝ Ֆիզուլիից մի քանի կիլոմետր հեռավորության վրա։

«Հոկտեմբերի 10-ին ԱԹՍ-ների կողմից խոցվել է դիվիզիոնի 3-րդ մարտկոցը․․․Թույլտվություն վերցնելով բանակի հրետանու բաժնից՝ դիվիզիոնը հետ է նահանջել Ջրաշխարհ․․․ Մի քանի ժամ անց, սակայն, կրկին գնդապետ Բաղդասարյանի կողմից ցուցում է տվրել, թե՝ շատ եք հետ գնացել, առաջ գնացեք․․․»։ 

Դիվիզիոնը ստիպված վերադարձել է նույն այն դիրքը, որտեղ ավելի վաղ հարձակման էր ենթարկվել։ Ասրյանը անձամբ է գնացել դեպքի վայր՝ որոնողական աշխատանքների, ասում է՝ կահավորված այլ դիրքեր այնտեղ չկային, տղաները պետք է կա՛մ վերադառնային [Ջուվարլու], կամ տեղակայվեին բաց տարածությունում, ինչը հավասարազոր էր ինքնասպանության։

Երկու օր անց դիրքերը ենթարկվել են դիվերսիոն հարձակման։

«Հոկտեմբերի 12-ին դիվիզիոնի դիտակետը, որը գտնվում էր կրակային դիրքից մոտ մեկ կիլոմետր հեռավորության վրա, հեռու մատույցներում դիտարկում է ինչ-որ խմբի շարժ դեպի իրենց կողմը։ Փոխգնդապետ Հայրապետյանը, նաև դիվիզիոնի հրամանատար Թովմասյանը, անմիջապես զեկուցում են բանակի հրետանու պետ Գենադի Բաղդասարյանին, թե՝ դեպի մեզ ինչ-որ խմբի շարժ կա, ցանկանում ենք ճշտել խմբի պատկանելիությունը։ 

Այդ ընթացքում՝ մինչև խորացված հրամանատարական կետից պատասխան ստանալը, դիվիզիոնի հրամանատարը ստորաբաժանումներին հրամայում է թողնել դիրքերը։ Հասցնում են դուրս բերել այնտեղից զինամթերքի կրման մեքենաներն ու հավաքվել․․․ Խորացված հրամանատարական կետից, սակայն, գալիս է հետևյալ պատասխանը՝ մերոնք են, չկրակե՛ք։

Դիվիզիոնի հրամանատարը խիստ կասկածում է, նորից պահանջում է հրետանու պետից՝ ևս մեկ անգամ ճշտեք։ Կրկին նույն պատասխանն է ստանում՝ դրանք մերոնք են»։

Բանակի հրետանու պետ գնդապետ Գենադի Բաղդասարյանը ծնողների հետ զրույցում հավաստիացրել է՝ չկրակելու և չնահանջելու հրամանը («դրանք մերոնք են») եկել է անձամբ Ջալալ Հարությունյանից։

Երկրորդ անգամ նույն պատասխանը ստանալուց հետո դիվիզիոնի հրամանատարությունը չեղարկում է կրակային դիրքերը թողնելու մասին հրամանը և որոշում մնալ տեղում։ Թուլացվում է նաև առաջացող խմբի նկատմամբ հսկողությունը։ Կարճ ժամանակ անց՝ ենթարկվում հակառակորդի հարձակման։

«Հակառակորդը եկել է հարավային ուղղությունից։ Դիտակետը գտնվում էր բարձունքի վրա, կրակային կետը՝ ոնց որ ափի մեջ, ներքևում։ Այնտեղ երկու կրակային դիրք էր՝ 1-ին և 2-րդ մարտկոցները։ 3-րդ մարտկոցը արդեն նախօրեին խոցվել էր․․․»։

2-րդ մարտկոցը, որը աջաթևյան կողմում էր, առանց խոչընդոտի կարողացել է դուրս գալ այդտեղից և նահանջել։ Առաջինը փախուստի է դիմել դիվիզիոնի շտաբի պետ Գևորգ Գևորգյանը, ով գտնվում էր երկու մարտկոցների արանքում․․․

Դիվիզիոնի շտաբի պետը փախչում է, զորքը՝ մնում

Դիվիզիոնի շտաբի պետը, հիշեցնում են ծնողները, ի պաշտոնե պատասխանատու էր զորքի ինքնապաշտպանության, այդ թվում՝ նահանջը կազմակերպելու համար։

«Բայց նա առաջինն է փախուստի դիմում․ անգամ զինծառայողներից մեկը, որը իր կազմի մեջ էր, չի հասցնում նստել նրա մեքենան․․․ Այդ երեխան ողջ է մնացել, իրան էլ ենք տեսել, մյուս զինվորների հետ էլ ենք խոսել, Գևորգ Գևորգյանի հետ էլ․․․ Հիմա նա կարող է շատ բան երգել, բայց ինքն էլ է խոստովանում, որ թողել՝ գնացել է․․․ Չի ասում, որ դիտավորյալ է թողել, բայց ասում է, որ թողել՝ դուրս է եկել», – պատմում են ծնողները։

Ամիսներ տևած փաստահավաք աշխատանքից հետո, հիմնվելով ողջ մնացած զինվորների, հրամանատարական կազմի հետ զրույցների, տեղանքի և հասանելի տեսագրությունների ուսումնասիրության վրա, ծնողները դիմել են իրավապահ մարմիններին՝ քրեական գործ հարուցելու պահանջով։ Քրեական գործը հարուցվել է։ Օրերս ձերբակալվել է դիվիզիոնի շտաբի վերոհիշյալ պետը։ 

Նրա պաշտպաններն ավելի վաղ ասուլիս էին հրավիրել։ Ընդհանուր առմամբ՝ պատմում էին նույնը, ինչ զոհված զինվորների ծնողները, ճիշտ է՝ պարբերաբար վկայակոչելով իրենց պաշտպանյալի հերոսությունները (մեքենայով մի քանի անգամ վերադարձել է, պահեստազորայինների է տարհանել և այլն):

Քարտեզի պարզ ուսումնասիրությունն, ըստ ծողների, բավական է հասկանալու համար, որ այն տեղանքը, որտեղից Գևորգյանը, ինչպես ինքն է ասում, մարդ է դուրս հանել, գտնվում է իրեն ենթակա դիրքերից կիլոմետրերի հեռավորության վրա, լրիվ այլ բնակավայրի մոտ՝ Տեղ գյուղում, և որևէ կապ նշված դեպքերի հետ չունի․․․

Ստեղծված իրավիճակից ելքեր գտնելու համար պատասխանատու էր դիվիզիոնի կրակի կառավարման կետը, որը՝ հանձինս Գևորգյանի, փախուստի է դիմել։ Ծնողները ասում են՝ նա կարող էր փորձել դուրս հանել առաջին մարտկոցը բաց տարածությունից, օրինակ՝ երկրորդ մարտկոցի ավելի բարենպաստ դիրքից հրանոթ, կրակ, թիկունք ապահովելով, հակառակորդին շեղելով․․․

«Մի հատ (փախուստից առաջ) հրամայել է մեքենաները մոտեցնել (դիրքին), զորքը մոտիկացել է՝ դարձել լավ խոշոր թիրախ։ Նռնականետով խփել են, մեքենաներից մեկը պայթեցրել են՝ զինամթերքը մեջը, մյուսը՝ գնդակոծել», – ասում է Արմեն Ասրյանը։

Ադրբեջանական կողմից հրապարակված տեսագրություններից են ծնողները ճանաչել իրենց երեխաներին․ տելեգրամ-ալիքներում հայտնված վիդեոներում 10 դիակ են հաշվել, որոնումների ընթացքում՝ գտել ևս 4 մարմին, «մի հոգի էլ, որ հաստատ տեսագրությունում չկար, բայց զոհվել է՝ մեր Գեորգին է»։

Մինչ օրս հուղարկավորվել է նրանցից միայն 9-ը։ Մյուս 6-ը դեռևս անհայտ կորած են համարվում։

Գենադի Բաղդասարյանը մեղավոր է 

Զոհվածների ծնողները վստահ են՝ մայոր Գևոգրյանը մեղավոր է, բայց՝ զինվորներին ստեղծված իրավիճակում միայնակ թողնելու, նրանց թիկունք չապահովելու, նրանց դուրս բերելու փորձեր չձեռնարկելու մեջ միայն։ Ինքնին ստեղծված իրավիճակի համար ծնողները մեղադրում են բունկերից հրամաններ արձակող վերադասներին, որոնց «դիտավորության կամ անփութության» պատճառով դիրքերում գտնվող տղաները, այդ թվում հենց ինքը՝ մայոր Գևորգյանը, հարձակման էին ենթարկվել՝ նախօրոք զրկվելով պաշտպանվելու բոլոր հնարավորություններից։

Խոսքը, նախ, բանակի հրետանու պետ Գենադի Բաղդասարյանի մասին է, որը մի քանի անգամ նահանջած զորքին հետ է ուղարկել հակառակորդի թիրախի տակ գտնվող նույն դիրքերը, ըստ ծնողների՝ առանց որևէ հաշվարկի, առանց ռեզերվ կամ թիկունք ապահովելու․․․ Ասում են՝ անձամբ Բաղդասարյանն էր կառավարում դիվիզիոնը, «հակահարվածների» օպերացիաներ մշակում, հրամանները ոչ թե զորամասի հրամանատարությունից էին գալիս, այլ՝ հենց բանակի հրետանու պետից:

«Եթե նշանակետեր տալիս ես,  չգիտե՞ս՝ հակառակորդը որտե՞ղ է գտնվում։ Դուք չէիք իմանո՞ւմ, որ հոկտեմբերի 11-ին Մելիքաշենն արդեն վերցրած էր, որը 4 կմ հեռավորության վրա էր գտնվում այդ կրակային դիրքից․․․ », – հարցնում են զոհվածների ծնողները։

Նրանց որդիների կրակային դիրքը խնդիրներ էր կատարում բացառապես Հադրութի ուղղությամբ․ ըստ ծնողների՝ այդ մասին են վկայում թե պատերազմը վերապրած զինվորները, թե նրանց ողջ մնացած հրամանատարները․․․

Արթուր Ասրյանը հարց է տալիս՝ ինչո՞ւ է Բաղդասարյանը հոմտեմբերի 10-ին հերթական անգամ ստիպել տղաներին Ջրաշխարհի պաշտպանված դիրքերից վերադառնալ այն նույն տեղամասը, որտեղ մեկ մարտկոց արդեն լրիվությամբ խոցվել էր, որի տեղը հակառակորդին արդեն լիարժեք հայտնի էր, որը մշտապես թիրախի տակ էր։ Կրակային խնդիրները, որոնք տրվում էին զորքին, հնարավոր էր կատարել նաև Ջրաշխարհից՝ հեռավորությունը թույլ էր տալիս։ Ո՞րն է պատճառը՝ նրանց թիրախի տակ գցելու։

Ասում է՝ վերադառնալու հրամանը ստանալուց հետո դիվիզիոնի սպաների մեջ վեճ է առաջածել, սպաների մեծ մասը գիտակցում էին, որ իրենց մահվան բերանն են ուղարկում․ «Հրետանու պետը՝ Նորայր Հայրապետյանը, որը մինչ օրս անհայտ կորած է, ասել է՝ «հրամայել են, պետք է գնանք, թե չէ մեզ դավաճան կհանեն»։ Ու գնացել են»։

Ջալալ Հարությունյանի վիրավորումը մարդկանց է փրկել

Մեղավորների բուրգի գագաթին կանգնած է ղարաբաղյան բանակի արդեն նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը՝ «իր սխալ տեղեկատվության պատճառով»։

«Այդ ժամանակաշրջանում Հադրութի ուղղությամբ լրիվ պատռված էր պաշտպանության բնագիծը՝ և՛ հակառակորդի դիվերսիոն խմբեր, և՛ այլ խմբեր ներթափանցած․․․ Ռուսների ասած՝ դարձել էր проходной двор: Ասում էին՝ հաղթում ենք, լավ ա, հանեցինք Հադրութից թուրքերին։ Ոչ մի բան էլ չեն հանել։ Ամսի 10-ին թուրքերը արդեն Հադրութում էին, ամսի 11-ին Մելիքաշեն կոչվող տեղամասը արդեն թուրքը վերցրած է եղել, որտեղ, ի դեպ, 18-րդ դիվիզիայի հրամանատարական կազմից ահագին զոհեր ենք թողել՝ էլի իրենց անտեղյակ լինելու պատճառով, բունկերից եկող սխալ տեղեկությունների, տեղեկության բացակայության պատճառով․․․

Ջալալ Հարութունյանը, ըստ Գենադի Բաղդասարյանի, ասում է՝ «մերոնք են»։ Հստակ է ասում։ Ինչի հիման վրա՞։ Այդքան մանրակրկիտ տիրապետո՞ւմ էր բանակի հրամանատարը, թե որ ձորակով ինչ տիպի զորք է անցնում՝ այն պարագայում, որ քաոս էր տիրում Հադրութի ուղղությունում։ Փոխանակ կասկածելու տեղիք տար․․․ Եթե կասկածելու չնչին տեղ տար, երկու որոշում կարող էր այնտեղ լինել՝ կամ կրակով խոցել դեպի դիրքեր շարժվող զորքը դեռևս հեռավոր մատույցներում, կամ անվտանգ դուրս գալ կրակային դիրեքրից։ Բայց երկու անգամ պնդելով, թե «դա մերոնք են», նա, փաստորեն, չեղարկել է կրակային դիրքը թողնելու՝ ավելի վաղ ընդուված հրամանը․․․ Նա ստեղծված իրավիճակում պարտավո՛ր էր ինքնուրույն որոշում կայացնելու հնարավորություն տար», – ասում է Արմեն Ասրյանը։

Հարությունյանը, ըստ ծնողները, արդեն իսկ ցուցմունք է տվել։ Իրենց երեխաների գործով քննիչը ասել է, որ Ջալալ Հարությունյանը հայտարարել է, թե հրաման չի տվել, «թե ինքը չի ասել՝ մերոնք են, ասել է՝ կարող ա և մերոնք լինեն, նայեք՝ մերոնց չխփեք․․․»։

Սա, ըստ ծնողի, նշանակում է, որ կա՛մ Գենադի Բաղդասարյանն է ստում, կա՛մ Ջալալ Հարությունյանն է հետ կանգնում իր արածից։

«Թող առերեսվե՛ն։ Գենադի Բաղդասարյանը, երբ իրեն և դիվիզիոնի մնացած սպայակազմին հրավիրել էինք հանդիպման, բոլոր ծնողների ներկայությամբ՝ Ստեփանակերտի «Արմենիա» հյուրանոցում ասել է՝ «ես այդ հրամանը, որ եկողները մերոնք են, Ջալալ Հարությունյանից եմ ստացել»։ Ախր ես ճշտել եմ Գենադի Բաղդասարյանից՝ միանշանա՞կ է ասվել, որ մերոնք են, թե՞ կասկածով։ Ասել է՝ առանց կասկածի։ Ախր եթե այդտեղ մի փոքր կասկածի տեղիք լիներ, դիվիզիոնը պարզապես կթողներ կրակային դիրքը, կթողներ ու դուրս կգար․․․», – հավելում է Ասրյանը։

Ջալալ Հարությունյանի հետ ծնողներն անձամբ չեն հանդիպել։

«Հոկտեմբերի 27-ին ինքը վիրավորվել է և դուրս է եկել շարքից, – ասում է զոհված զինվորի հայրը, – Ու լա՛վ է, որ վիրավորվել է։ Լուրջ եմ ասում։  Թե չէ առաջնագծում մի 4-5 գումարտակ էլ էր մնալու․․․ 9-րդ և 1-ին պաշտպանական շրջանների մի քանի գումարտակներ այն ժամանակ գտնվում էին Ֆիզուլիից առաջ՝ անկապ, իրենց առաջնագծում նստած, որևէ գործողություն չէին կարողանում անել, երեք կողմերից շրջապատված։ Թուրքերն արդեն Ֆիզուլիում նստած էին, բայց մենք առաջնագծում գումարտակներ էինք պահում։ Ինչի՞ համար։ Այդ գումարտակները ինչի՞ չենք ժամանակին հետ քաշել ու բերել Թութակ կոչվող տեղամաս․․․

Լավ ա՝ ինքը վիրավորվել է։ Հաջորդ բանակի հրամանատարը մյուս օրը այդ զորքը այնտեղից հանել է՝ մի կերպ, մի փոքր միջանցք էր մնացել․․․ Վիրավորները ծարավ մեռնում էին այնտեղ։ Տղերքը որ պատմում են, ահագին մարդու հետ եմ խոսել այնտեղից, ասում են՝ վիրավորների պռոշները թրջում էին․․․ Ինչի՞ համար են այդ գումարտակներն այնտեղ պահում։ Որ ասենք, թե իբր առաջնագի՞ծ ունենք այնտեղ։ Թուրքը լավ գիտեր, որ այնտեղ մեռած զորք ա․․․ Մարդիկ մի կերպ են դուրս եկել այդ տարածքից»։