Փողերի լվացման համար հանրային քրեական հետապնդում է հարուցվել ԶՈՒ 3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ։
«Միջնորդություն է ներկայացվել 2006-2010 թվականներին ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարի պաշտոնը զբաղեցրած Գ.Խ.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ՝ պաշտոնեական դիրքի օգտագործմամբ հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով անշարժ գույքն օրինականացնելու (փողերի լվացում) համար. միջնորդությունը հսկող դատախազի կողմից բավարարվել է», – հայտնում է Գլխավոր դատախազությունը:
Խաչատուրովին մեղադրանք է ներկայացվել, և նա ձերբակալվել է:
Գրիգորի Խաչատուրովը ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար, Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովի որդին է, ում Հայաստանում սահմանադրական կարգը տապալելու մեղադրանք էր առաջադրված «Մարտի 1»-ի գործով։
2016-ի սեպտեմբերին Գրիգորի Խաչատուրովը, Սերժ Սարգսյանի հրամանով, նշանակվել էր ՀՀ Պաշտպանության նախարարության երրորդ բանակային կորպուսի հրամանատար։ 2021 թվականին Խաչատուրովը միացել էր Զինված ուժերի գլխավոր շտաբի հայտարարությանը՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի և կառավարության հրաժարականը։ Հայտարարությունը իշխանությունները որակել էին ռազմական հեղաշրջման փորձ։
Խաչատուրովի պաշտպանի խոսքերով՝ նախկին հրամանատարի գործը նույն Սեյրան Օհանյանի գործն է։
«Մեղադրանքը առնչվում է փողերի լվացման հետ, սակայն Սեյրան Օհանյանի մասին ԱԺ-ում հնչած միջնորդությամբ նշված դեպքի հանգամանքների հետ որևէ առնչություն չունի։ Այնտեղ խոսքը ինչ-որ գույքեր օտարելու մասին է, Խաչատուրովի դեպքում գույքերից մեկը ձեռք բերելը որակվել է որպես փողերի լվացում։ Ըստ մեղադրանքի՝ այն մոտ 14 տարի առաջ կատարված իրադարձություն է․ տվյալ պարագայում վաղեմության ժամկետը 15 տարի է։ Քրեական գործը Արարատի մարզի Արմաշ համայնքի տարածքում գտնվող զորամասի տարածքի գնմանն է վերաբերում», – ասել է պաշտպանը:
Ըստ դատախազության՝ Սեյրան Օհանյանը կադաստրային արժեքից (որպես կանոն, այն շատ ավելի ցածր է, քան շուկայական արժեքը) մի քանի անգամ ցածր գնով օտարել է Արարատի մարզի Արմաշ համայնքի ՊՆ գործող երկու հատուկ նշանակության հողամասերը՝ զորանոցներով և կից շինություններով հանդերձ։
Դրանցից մեկը ընդամենը 4 միլիոն դրամով օտարվել է Գրիգորի Խաչատուրովին։ Վերջինս այն գրավադրել է առևտրային բանկում՝ արդեն 18 միլիոնով։