2009-2016 թվականներին Արագածոտնի մարզպետի պաշտոնը զբաղեցրած Սարգիս Սահակյանը, իր եղբոր՝ նախկին հանրապետական պատգամավոր Նաիրի Սահակյանի և Կաքավաձոր համայնքի նախկին ղեկավարի հետ, պետությունից խարդախությամբ հափշտակել է շուրջ 72 միլիոն դրամ: Այս մասին հայտնում է Գլխավոր դատախազությունը։
Մասնավորապես՝ Արագածոտնի նախկին մարզպետը, ի պաշտոնե տեղյակ լինելով Հյուսիս-հարավ միջանցքի շինարարության իրականացման ծրագրի մասին, նախնական համաձայնության գալով այդ ժամանակ Կաքավաձոր համայնքի (ճանապարհն անցնելու էր նաև այստեղով) ղեկավարի պաշտոնը զբաղեցնող Ս.Մ.-ի և իր եղբոր՝ Ն.Ս.-ի հետ, խաբեության՝ հողամասի նպատակային նշանակության փոփոխման եղանակով, դրա կադաստրային արժեքը արհեստականորեն բարձրացնելու և հետագայում նույն հողամասը պետությանը զգալիորեն բարձր գնով վաճառելու նպատակով՝ խեղաթյուրել է Ն.Ս.-ի կողմից 2005 թվականին Կաքավաձոր համայնքից աճուրդ-վաճառքով 35 հազար 200 դրամով գնված 7800 մ2 մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողատարածքի գործառնական նշանակության տեսակը:
Նպատակ ունենալով նշված հողատարածքն անհամեմատ բարձր գներով վաճառել ՀՀ-ի անունից հանդես եկող «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ներդրումային ծրագիր իրականացնող կազմակերպություն» ՊՈԱԿ-ին՝ նախկին մարզպետը թույլատրել է իր եղբորը 2009 թվականի օգոստոսի 6-ից հետո իրականացնել ապօրինի շինարարական աշխատանքներ՝ նշված գյուղատնտեսական նշանակության հողատարածքի վրա կառուցել ինքնակամ շինություններ, ապա, օգտագործելով իր հեղինակությունը մարզի տարածքում, ի պաշտոնե ազդելով համայնքի ղեկավար Ս.Մ.-ի վրա, համոզելու եղանակով դրդել է վերջինիս չարաշահել պաշտոնեական լիազորություններն ու կատարել պաշտոնեական կեղծիք:
Ըստ ԱԱԾ-ի՝ Ս.Ս.-ն, եղբորը համասեփականությամբ պատկանող հողատարածքը, 2010 թվականի մարտի 4-ին ՀՀ տարածքային կառավարման նախարարություն ուղարկված գրությամբ ներառել է «Հյուսիս-հարավ միջանցքի ներդրումային ծրագրի շրջանակներում ՀՀ վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքներում բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչելու մասին» օտարման ենթակա տարածքների ցանկում՝ իրական հնարավորություն ստեղծելով ձեռք բերված արժեքը զգալիորեն գերազանցող գումարով այն վաճառելու և այդ կերպ խարդախությամբ պետական միջոցներից հատկացված առանձնապես խոշոր չափերի գումարները հափշտակելու մտադրությունն իրագործելու համար:
2013 թվականին անշարժ գույքի գնահատում իրականացնող համապատասխան ընկերության տնօրեն Մ․Ղ․-ն, իր հերթին, ՊՈԱԿ-ի հետ կնքված պայմանագրի շրջանակներում, գնահատման ենթակա օբյեկտների վերաբերյալ իր կողմից կազմված կեղծ հաշվետվության մեջ ներառել է իրականությանը չհամապատասխանող կեղծ տեղեկատվություն և որպես փաստացի փոխհատուցման արժեք 67 մլն 440 հազար դրամ արժողությամբ գույքը հաշվարկել 139 մլն 994 հազար 233 դրամով:
Վերը նշվածից օգտվելով՝ նախկին մարզպետի եղբայրը, 2013 թվականի դեկտեմբերի 3-ին ՊՈԱԿ-ի հետ կնքել է հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման վերաբերյալ պայմանագիր: Արդյունքում, նշված անշարժ գույքը 67 մլն 440 հազար դրամի փոխարեն վաճառել է 139 մլն 923 հազար 733 դրամով՝ այդ կերպ խարդախությամբ հափշտակելով պետության առանձնապես խոշոր չափերի՝ 72 մլն 448 հազար 533 դրամը:
Դատախազությունը հաստատել է Սարգիս Սահակյանի, Նաիրի Սահակյանի, Ս․Մ-ի և Մ․Ղ․-ի մեղադրական եզրակացությունները։ Մասնավորապես՝
— Ս.Ս.-ի՝ ՔՕ 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ), 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դրդրություն, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ) և 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, առանձնապես խոշոր չափերով խարդախություն) եզրակացությունը,
— Ն.Ս.-ի՝ Քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դրդչություն, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ) և 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, առանձնապես խոշոր չափերով խարդախություն) եզրակացությունը,
— Ս.Մ.-ի՝ ՔՕ 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ) և 38-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, առանձնապես խոշոր չափերով խարդախության օժանդակություն) եզրակացությունը,
— Մ.Ղ.-ի՝ ՔՕ 38-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, առանձնապես խոշոր չափերով խարդախության օժանդակություն) եզրակացությունը:
Դատախազությունը ներկայացրել է նաև գույքային հայց՝ Ն.Ս.-ից, Ս.Ս.-ից, Ս.Մ.-ից ու Մ.Ղ.-ից, հօգուտ Հայաստանի Հանրապետության, պետական բյուջե համապարտության կարգով 72 մլն 448 հազար 533 դրամ բռնագանձելու վերաբերյալ: