Home / Դատարան / Նեմեց Ռուբոն Երեւանին 285 միլիոնի վնաս է պատճառել

Նեմեց Ռուբոն Երեւանին 285 միլիոնի վնաս է պատճառել

Հանրային քրեական հետապնդում է հարուցվել «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա»-ի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ, հայտնում է Գլխավոր դատախազությունը։

Ռ.Հ.-ն, 2002-2018 թվականների ընթացքում զբաղեցնելով «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» իրավաբանական անձանց միության նախագահի պաշտոնը, Աճառյան փողոցի 35/31 հասցեի հողամասերը Միության համար իբր ոչ նպատակահարմար համարելու հիմքով՝ կամովին հրաժարվելու միջոցով, տրամադրել է Երևանի քաղաքապետարանին: Դրանից հետո Ռ.Հ.-ն, շարունակելով իր հանցավոր մտադրությունը, դրդել է Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձանց Աճառյան փողոցի երեք հողամասերը հրապարակային ձևական աճուրդների միջոցով օտարել իր հետ փոխկապակցված անձանց:

Մասնավորապես, Երևանի քաղաքապետի՝ 2002 թվականի սեպտեմբերի 9-ի որոշմամբ՝ Աճառյան փողոցին հարող տարածքում՝ ֆուտբոլի մանկապատանեկան դպրոց հիմնադրելու նպատակով, Միությանն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվել է ընդհանուր 14,0 հա հողատարածք: Սակայն, Ռ.Հ.-ն Միությանը պատկանող՝ Աճառյան փողոցի 35/31 հասցեում գտնվող ընդհանուր 14 հա հողակտորից 0.3026 հա և 2.39295 հա (ընդհանուր՝ 26.955,5 քմ) հողակտորները, իր սեփականությունը դարձնելու նպատակով, 2014 թվականի նոյեմբերի 25-ին դիմում է ներկայացրել Երևանի քաղաքապետին և Միության անունից կամովին հրաժարվել է նշված հողակտորներից, իբր շինարարական աշխատանքների իրականացումը ոչ նպատակահարմար համարելու պատճառաբանությամբ։

Երևանի քաղաքապետի որոշումով՝ 26.955,5 քմ մակերեսով հողակտորը ճանաչվել է Երևան համայնքի սեփականություն և բաժանվել է 8985,35-ական քմ չափերով երեք հավասար մասերի՝ Աճառյան 35/84, 35/85 և 35/86 հասցեներով: Այնուհետև, Ռ.Հ.-ն շարունակելով հանցավոր մտադրությունը, դրդել է Երևանի քաղաքապետարանի դեռևս քննությամբ չպարզված պաշտոնատար անձանց հրապարակային ձևական աճուրդների միջոցով օտարել Աճառյան փողոցի 35/84, 35/85 և 35/86 հողամասերը իր հետ փոխկապակցված անձանց՝ Ա.Ս.-ին, Ս.Ս.-ին և Ա.Գ.-ին:

Արդյունքում, 2015 թվականի հունվարի 26-ին կնքված պայմանագրերով 454 մլն 820 հազար դրամ շուկայական արժեք ունեցող Աճառյան 35/84, 35/85 և 35/86 հողամասերը ընդամենը 169 մլն 820 հազար 910 դրամով օտարվել են Ռ.Հ.-ի հետ փոխկապակցված վերոնշյալ անձանց: Երևանի քաղաքապետարանին պատճառվել է 284 մլն 999 հազար 90 դրամի վնաս:

Այնուհետև, Ռ.Հ.-ն, հանցավոր ճանապարհով ստացված գույքի ձեռքբերումը լեգիտիմացնելու և իրական պատկանելիությունը թաքցնելու նպատակով, ձևական պայմանագրեր կնքելու և օրինական ճանապարհով գույքերի ձեռքբերման պատրանք ստեղծելու միջոցով, օրինականացրել է Աճառյան 35/84, 35/85 և 35/86 հասցեներում գտնվող, առանձնապես խոշոր չափերի, ընդհանուր՝ 161 մլն 733 հազար դրամ կադաստրային արժեքով 8985,35-ական քմ չափերով 3 գույքերը՝ նախնական համաձայնության գալով իր հետ փոխկապակցված Ա.Ս.-ի, Ս.Ս.-ի և Ա.Գ.-ի հետ: 2015 թվականի հունվարի 26-ին կնքված առուվաճառքի պայմանագրերով վերոնշյալ հողամասերն օտարվել են աճուրդներում հաղթող ճանաչված Ա.Ս.-ին, Ս.Ս.-ին և Ա.Գ.-ին: Դրանից 2 ամիս անց՝ 2015 թվականի մարտի 15-ին կնքված անշարժ գույքի նվիրատվության պայմանագրերով 35/85 և 35/86 հասցեների հողակտորները Ա.Գ.-ի և Ս.Ս.-ի կողմից օտարվել են թիվ 35/84 հողակտորը ձեռք բերած անձին՝ Ա.Ս.-ին, որից հետո Երևանի քաղաքապետի՝ 2015 թվականի մարտի 26-ի թիվ 880-Ա որոշումով Աճառյան փողոցի 35/84, 35/85 և 35/86 հասցեներում գտնվող ընդհանուր՝ 26.955,5 քմ մակերեսով հողամասին կրկին տրվել է մեկ՝ Աճառյան փողոց 35/84 հասցեն:

Այնուհետև, Ա.Ս.-ն հողատարածքից 6.955,5 քմ մակերեսով հողատարածքը 2015 թվականի ապրիլի 17-ի նվիրատվության պայմանագրով օտարել է Ռ.Հ.-ի որդուն՝ Ռ.Հ.-ին, իսկ վերջինս իր հերթին ստացված հողատարածքից 2.023 քմ 2016 թվականի դեկտեմբերի 28-ին նվիրատվության պայմանագրով օտարել է քրոջը՝ Լ.Հ.-ին։ Բացի այդ, Ա.Ս.-ն հողատարածքից 3.000-ական քմ մակերեսներով  2 և 14.000 քմ մակերեսներով հողատարածքները՝ համապատասխանաբար 2015 թվականի մայիսի 20-ի, նույն թվականի հունիսի 11-ի և 2016 թվականի հուլիսի 8-ի նվիրատվության պայմանագրերով, օտարել է Ֆեդերացիայի նախագահի հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող Կ.Հ.-ին, Գ.Ս.-ին և Օ.Մ.-ի որդուն՝ Ռ.Մ.-ին։

Դեկտեմբերի 14-ին որոշում է կայացվել Ռ.Հ.-ի նկատմամբ հարուցել հանրային քրեական հետապնդում. մեղադրանք ներկայացնելու համար որոշումն ուղարկվել է Հակակոռուպցիոն կոմիտե: