Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի կինը՝ Սուսաննա Գասպարյանը, 2000-2011թթ․-ին պաշտոն է զբաղեցրել ՊՆ ռազմական ոստիկանությունում, 2011-2018թթ․-ին՝ ՀՀ ոստիկանությունում, սակայն պարբերաբար չի ներկայացել ծառայության և վճարվել է ընդհանուր մոտ 37 միլիոն դրամ։ Այս մասին հայտնում է Գլխավոր դատախազությունը։
Մասնավորապես, Ս.Գ.-ն՝
— 2000թ․ մայիսի 11-ից մինչև 2008թ․ հուլիսի 24-ը զբաղեցրել է ՊՆ ռազմական ոստիկանության վարչության՝ զորամասն ինքնակամ լքած զինծառայողների և դասալիքների դեմ պայքարի բաժնի վերլուծության խմբի պետի,
— 2008թ․ հուլիսի 24-ից մինչև 2010թ․ հուլիսի 1-ը՝ նույն բաժնի ավագ սպայի,
— 2010թ․ հուլիսի 1-ից մինչև 2011թ․ նոյեմբերի 24-ն ընկած ժամանակահատվածում՝ զորամասն ինքնակամ լքած զինծառայողների և դասալքության դեմ պայքարի բաժանմունքի ավագ սպայի պաշտոնները, այնուհետև՝ տեղափոխվել Ոստիկանության կադրերի վարչության տրամադրության տակ:
Վերոնշյալ ժամանակահատվածում Ս. Գ.-ին որպես աշխատավարձ և դրամական այլ բավարարումներ փաստացի վճարվել է առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 17 միլիոն 275 հազար 721 դրամ:
Մեկ այլ դեպքով՝ Ս. Գ.-ն 2011թ․ դեկտեմբերի 1-ից մինչև 2018թ․ մայիսի 11-ը, հանդիսանալով Ոստիկանության պետի աշխատակազմի ոստիկանության պետի ավագ ռեֆերենտ, պարբերաբար ծառայության չի ներկայացել և ոչ պատշաճ է կատարել իր ծառայողական պարտականությունները, ավելին՝ տարբեր տևողություններով բացակայել է Հայաստանի Հանրապետությունից:
Այս պայմաններում, Վլադիմիր Գասպարյանը 2011 և 2016 թվականներին իր կնոջը շնորհել է «փոխգնդապետ», ապա՝ «գնդապետ» հատուկ կոչումները, և նրա անվամբ փոխանցել շուրջ 19 միլիոն 422 հազար 319 դրամ գումար:
Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Սուսաննա Գասպարյանի նկատմամբ․ մեղադրանք ներկայացնելու և խափանման միջոց ընտրելու համար որոշումն ուղարկվել է Հակակոռուպցիոն կոմիտե:
Հիշեցնենք՝ ընդամենը մեկ շաբաթ առաջ Գլխավոր դատախազությունը քրեական հետապնդում էր հարուցել նաև նախկին ոստիկանապետի դստեր նկատմամբ։ 2011-2018 թվականներին Վլադիմիր Գասպարյանի դուստրը՝ Յ․Գ-ն, հոր և Ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Լևոն Երանոսյանի հրամաններով տարբեր պաշտոնների է նշանակվել Ոստիկանությունում, սակայն առհասարակ ծառայության չի ներկայացել և վճարվել է շուրջ 9 միլիոն դրամ։