«Մարցի գործով առաջընթաց չկա, ոստիկանական անպատժելիությունը ՀՀ-ում դեռևս չի հաղթահարվել․ խոշտանգում եղել է, բայց խոշտանգողին ԱԱԾ-ն չի գտնում», – ահազանգում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի (ՀՔԱՎ) գրասենյակը։
2021 թ․ օգոստոսի 14-ին ոստիկանության ավտոմեքենայի կողմից հետապնդվելու ընթացքում Մարց գյուղի մոտակայքում վթարի էր ենթարկվել «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով երկու անձ մահացել էր: Դրանից հետո հրկիզվել էր ոստիկանների վարած «Վազ 2106» մակնիշի ավտոմեքենան, որի պատճառով էլ ոստիկանները սկսել էին ահաբեկել Մարցի և հարակից գյուղերի բնակիչներին, բռնության ենթարկել տղամարդկանց։
ՀՔԱՎ-ը զեկույց էր հրապարակել տեղի ունեցածի համատեքստում ոստիկանության ապօրինությունների վերաբերյալ։ Բացի ցուցմունք կորզելու համար խոշտանգում, հոգեբանական ճնշում գործադրելուց՝ ոստիկանները նաև անհրաժեշտ մասնագիտական հմտություններ չեն դրսևորել հուզական լարված վիճակում գտնվող անձանց հետ աշխատանքում, ինչպես նաև՝ ճիշտ գնահատելու հետապնդման հնարավոր հետևանքները և արդարացվածության աստիճանը՝ ստեղծելով վթարային իրավիճակներ ու վտանգ ներկայացնելով նաև գյուղի երեխաների կյանքի համար, չեն ապահովել և խոչընդոտել են անձանց բժշկական օգնություն ստանալու իրավունքը, առևանգել են բնակիչների իրերը, խաթարվել է Մարց գյուղի բնականոն կյանքը։
ՀՔԱՎ-ի հաղորդման հիման վրա Հատուկ քննչական ծառայությունը քրեական գործ էր հարուցել Մարց գյուղի մոտակայքում տեղի ունեցած միջադեպի մասնակիցների և մասնակցելու մեջ կասկածվողների նկատմամբ բռնություն գործադրելու հիմքով։ Քրեական գործը հարուցվել էր 2021 թ․ սեպտեմբերի 24-ին 309.1 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով (մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից խոշտանգում)։ Հարուցված գործի շրջանակում բռնության ենթարկված Ս․Գ․-ը տուժող էր ճանաչվել։
Այժմ ՀՔԱՎ-ը զեկուցում է՝ միջադեպի մասնակիցների և մասնակցելու մեջ կասկածվողների նկատմամբ բռնություն գործադրելու հիմքով հարուցված քրեական գործով որպես մեղադրյալ ենթակա անձը վարույթն իրականացնող մարմնին «հայտնի չէ», մինչդեռ տուժողը հստակորեն մատնացույց է արել մեղավորներին։ ԱԱԾ-ն էլ տուժողին հնարավորություն չի տալիս ծանոթանալու գործի բոլոր նյութերին և հրաժարվում է դատահոգեբանական փորձաքննություն նշանակելուց։
«Սա խոսում է այն մասին, որ քննությունը արդյունավետ չի եղել, քննիչը պատշաճ ջանքեր չի գործադրել։ Քրեական գործի վարույթը կասեցնելով՝ քննիչը փորձ է անում պաշտպանելու ոստիկաններին քրեական պատասխանատվությունից, իսկ տուժողը զրկվում է քրեական գործի նյութերին ծանոթանալու հնարավորությունից, և հայտնի չէ, թե երբ և ինչ հանգամանքներում կվերսկսվի», – ասվում է ՀՔԱՎ հայտարարության մեջ։
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը վարույթն իրականացնող մարմնի որոշումը բողոքարկելու է վերադասության կարգով։