Հարակից անտառից դեպի Մարց գյուղ տանող ճանապարհին ոստիկանները նկատել են առանց պետհամարանիշի մեքենա, փորձել են կանգնեցնել այն, վարորդը չի ենթարկվել, ոստիկանական ՈՒԱԶ-ը սարուձորերով սկսել է հետապնդել փախչող Ֆորդին, վերջինը շուռ է եկել և ընկել ձորը․ երեք ուղևորներից երկուսը տեղում մահացել են։
Նրանց համագյուղացիներն ու հարազանտները քիչ անց հասել են դեպքի վայր, ծեծել ոստիկաններին, կողաշրջել և նույն ձորը գցել ոստիկանանակն ՈՒԱԶ-ը, ավելի ուշ՝ այրել նաև ոստիկանության Թումանյանի բաժնի «Վազ» մակնիշի մեքենան։
Դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 14-ին։ Օգոստոսի 15-ին քրեական գործ է հարուցվել, 4 հոգի ձերբակալվել է։ Սա այն է, ինչ պատմում են իրավապահները։
Պաշտոնական հաղորդագրություններում, սակայն, հետագա բռնությունների և ոստիկանական խոշտանգումների մասին խոսք չկա։ Պատմության այս հատվածը թաքնվում է «անհետաձգելի և մեծածավալ քննչական գործողություններ», «բազմակողմանի և օբյեկտիվ քննություն» հաստիքային ձևակերպումների ներքո։
Իրավապաշտան Արթուր Սաքունցը պատմում է՝ ինչ է տեսել Մարցում և ինչ է լսել Մարցի՝ ոստիկանության կողմից խոշտանգված բնակիչներից․․․
— Մթնոլորտը գյուղում շատ ծանր է, ընդհանուր կարող եմ ասել՝ ահաբեկվածություն․ մարդիկ նույնիսկ վախենում են խոսել անծանոթների հետ։
— Օգոստոսի 15-ի վաղ առավոտյան մի քանի ավտոբուսներով, մեքենաներով ոստիկանության մի ամբողջ խումբ, ամենայն հավանականությամբ՝ հատուկ ջոկատայիններ, կարմիր բերետավորներ, լցվել են գյուղ, ներխուժել են մարդկանց բնակարաններ՝ առանց ներկայանալու, առանց հիմնավորելու, թե ինչ գործով, ինչ կարգավիճակով․․․ Ներխուժել են ննջարաններ, երբ մարդիկ այնտեղ քնած են եղել։ Ամենից շատ վախեցած էին երեխաները․ մայրերից մեկը պատմում էր, որ օգոստոսի 15-ից հետո երեխաները մի քանի օր հաց չէին ուտում․․․
— Առավոտյան 6-7-ին մարդկանց տարել են ոստիկանության Թումանյանի բաժին՝ Ալավերդի քաղաք, և մինչև գիշերը 12-ը, առանձին դեպքերում՝ մինչև 3-ը, պահել, այդ ընթացքում՝ բռնության ենթարկել, և բաց թողել։
— Բռնությունների պատկերը հետևյալն էր․ ոստիկանները պահանջում են, որ մարդիկ՝ ձեռքերը վեր բարձրացրած կանգնեն և ուղղակի պարբերաբար բռնության են ենթարկում նրանց, ծեծում, նվաստացնում, հայհոյում։ Այնուհետև՝ իրականացվում են «քննչական» գործողություններ, և եթե նրանց դուր չեն գալիս մարդկանց բացատրությունները, կրկին վերադառնում են բռնությունների․․․
— Չկա՛ մեկը, որ տարվել է ոստիկանություն բաժին, որ բռնության ենթարկված չլինի։
— Բերման ենթարկել են ոչ միայն Մարց, այլև Աղնիձոր և Լորուտ գյուղի բնակիչներին․․․ Խոսքը տասնյակ մարդկանց մասին է։
— Ուշագրավ է, որ ոստիկանները բերման են ենթարկել մարդկանց ենթադրության հիման վրա, ոչ թե հիմնավոր կասկածի՝ ականատեսներ, վկայություններ և այլն։
— Բերման են ենթարկվել նաև մարդիկ, որոնք ընդհանրապես դեպքի վայրում չեն եղել։
— Բռնության ենթարկվածները մինչև հիմա այնքան սարսափի մեջ են, որ վախենում են նույնիսկ հայտարարություն տալ։
— Այս ուղերձը հիմնականում ուղղում եմ ոստիկանության աշխատակիցներին՝ դադարեցրե՛ք ձեր ահաբեկչական գործողությունները քաղաքացիների նկատմամբ։ Եվ ընդունե՛ք հաղորդում, պարոն գլխավոր դատախազ և ՀՔԾ պետ, հանցագործության մասին՝ ոստիկանության ապօրինի գործողությունների հիմքով։
Եթե քաղաքացիների կողմից հանցավոր գործողությունների համար շատ հրատապ և օպերատիվ, ջանադրությամբ քրեական գործեր եք հարուցում, պետք է անհապաղ քրեական գործ հարուցվի նաև ոստիկանության նման զանգվածային ապօրինությունների, բռնությունների փաստի հիմքով․․․
— Եվ հիմա դուք պետք է գնաք և առնվազն մարդկանցից ներողություն խնդրեք, քրեական գործեր հարուցեք բռնություններ գործադրածների նկատմամբ․․․ Մարդուն շարունակական բռնությունների ենթարկելուց հետո նույնիսկ տեղափոխում են զուգարան, որ նվաստացնեն․․․ Կամ բերման ենթարկելուց սպառնում են, որ նաև իրենց ծնողներին են բերման ենթարկելու, որպեսզի անհրաժեշտ կամ ցանկալի ցուցմունքները կորզեն մարդկանցից․․․ Գեստապոյական մոտեցումները, որ դրսևորվել են այս երկու օրերի ընթացքում՝ օգոստոսի 15-ին և օգոստոսի 16-ին, դադարեցրե՛ք։ Եվ քրեական գործեր հարուցեք։ Եվ ստեղծեք այն միջավայրը, որ մարդիկ ապօրինությունների վերաբերյալ բողոքներ, դիմումներ, վկայություններ տալուց չվախենան․․․ Այս զանգվածային բռնությունների վերաբերյալ վկայությունների բացակայությունը հենց հիմնավորում է այն վախի մթնոլորտը, որ ստեղծվել է ոստիկանության ահաբեկչական գործողությունների հետևանքով։
— Դուք պատկերացրեք, որ ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնության և մեքենայի հրդեհման այդ փաստերը տեղի են ունեցել այն բանից հետո, երբ ծնողը տեսել է, որ իր երեխան մահացել է արդեն մեքենայի մեջ և այդ մեքենայից երեխայի մարմինն է հանում՝ տեղափոխելու համար․․․ Եվ այդ ընթացքում ոստիկանության աշխատակիցները ինչպես են իրենց պահում․․․
Մինչ այժմ ոստիկանության կամ քննչականի որևէ բարձրաստիճան պաշտոնյա, պետ չի բարեհաճել նույնիսկ ցավակցել մահացածների ընտանիքներին՝ քաղաքացիների, որոնք մահացել են ոստիկանության գործողությունների հետևանքով։ Եթե նույնսիկ այդ քաղաքացին կասկածվում կամ մեղադրվում է քրեորեն հետապնդելի արարքի համար, այնուամենայնիվ՝ ոստիկանության գործողությունների հետևանքով են նրանք մահացել։ Մեկը 22 տարեկան երիտասարդ էր, որը զինվորական ծառայությունից վերադարձել էր և արդեն փոխադրվել էր Վանաձորի պետական համալսարան՝ իրավագիտության 4-րդ կուրս, մյուս քաղաքացին մահացած 4 անչափահաս երեխաներ է թողել․․․
— Եթե նույնիսկ հաշվի չեք առնում այն իրավիճակը, որը հանգեցրել է ոստիկանության աշխատակիցների նկատմամբ ոտնձգությունների՝ քաղաքացիների կողմից, ապա ձեր գործողությունները քաղաքացիների նկատմամբ, պարոնայք ոստիկաններ, ընդհանրապես որևէ մարդկայնության, և իրավունքի տրամաբանության մեջ չի տեղավորվում: