Դավիթաշեն թաղամասի բնակիչներ 35-ամյա, 41-ամյա և 39-ամյա երեք տղամարդ խեղդամահ են արել 46-ամյա կնոջը, հայտնում է Ոստիկանությունը։
Օգոստոսի 12-ին Ոստիկանություն ահազանգ էր ստացվել, որ Դավիթաշենի շենքերից մեկի հետնամասում գլխի վնասվածքով կնոջ դիակ կա։ Արտաքին զննությամբ դիակի վրա հայտնաբերվել են քերծվածքի հետքեր: Պարզվել է, որ մահացածը նույն թաղամասի բնակիչ, 46-ամյա Ա․Գ.-ն է: Նրան խեղդամահ են արել 3 տղամարդ օգոստոսի 11-ին ժամը 20.00-ից օգոստոսի 12-ի ժամը 03.00-ն ընկած ժամանակահատվածում։
Նախաձեռնվել է քրեական վարույթ: Երեք տղամարդիկ կալանավորվել են:
2022թ. առաջին կիսամյակի ընթացքում Ոստիկանությունը հաղորդել է կնասպանության առնվազն 5 դեպքի մասին՝
Հունիսի 21-ին Արարատի մարզում 46-ամյա ամուսինը ծեծել էր կնոջը՝ պատճառով, որ վերջինս միջամտել է իր և որդու վեճին։ Կինը մահացել էր հիվանդանոցում։
Մայիսի 22-ին Գյումրիում 49-ամյա ամուսինը դանակով սպանել էր 42-ամյա կնոջը։
Մայիսի 5-ին Երևանում 31-ամյա ամուսինը սպանել էր 35-ամյա կնոջը։
Ապրիլի 22-ին Արմավիրի մարզում 44-ամյա տղամարդը որսորդական հրացանով սպանել էր կնոջ հորն ու մորը։
Մարտի 11-ին Կոտայքի մարզում 46-ամյա ամուսինը պայթեցրել էր 46-ամյա կնոջը։