2022թ. առաջին կիսամյակի ընթացքում ընտանեկան բռնության 391 քրեական գործ է քննվել Քննչական կոմիտեի վարույթում։ Արձանագրվել է սպանության 8 դեպք, դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու 33 դեպք, ծեծի 183 դեպք․․․
Կնասպանությունների մասին առանձին տեղեկատվություն չկա։ Ոստիկանության հաղորդած կնասպանության դեպքերն են՝
Հունիսի 21-ին Արարատի մարզում 46-ամյա ամուսինը ծեծել էր կնոջը՝ պատճառով, որ վերջինս միջամտել է իր և որդու վեճին։ Կինը մահացել էր հիվանդանոցում։
Մայիսի 22-ին Գյումրիում 49-ամյա ամուսինը դանակով սպանել էր 42-ամյա կնոջը։
Մայիսի 5-ին Երևանում 31-ամյա ամուսինը սպանել էր 35-ամյա կնոջը։
Ապրիլի 22-ին Արմավիրի մարզում 44-ամյա տղամարդը որսորդական հրացանով սպանել էր կնոջ հորն ու մորը։
Մարտի 11-ին Կոտայքի մարզում 46-ամյա ամուսինը պայթեցրել էր 46-ամյա կնոջը։
Ըստ Վիճակագրական կոմիտեի «Կանանց նկատմամբ ընտանեկան բռնության հետազոտություն, 2021 թ.» զեկույցի՝ հարցված կանանց (15-59 տարեկան՝ 2560 հոգի) 14․8%-ը (378 հոգի) ենթարկվել է ֆիզիկական բռնության, 6․6%-ը (168 հոգի)՝ սեռական բռնության, 31․8%-ը (814 մարդ)՝ հոգեբանական բռնության։
Զեկույցի համաձայն՝ զուգընկերոջ կողմից ֆիզիկական կամ սեռական բռնության ենթարկված կանանց 43.3%-ը լռում է բռնության մասին, 12%-ը դիմել է օգնության որևէ պատասխանատու կառույցի, 76.5%-ը շարունակում է ապրել բռնարարի հետ։
«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա»-ի հանրային կապերի պատասխանատու Զարուհի Հովհաննիսյանը հայտնում է, որ 2021թ․-ին թեժ գծի միջոցով 5500 զանգ են ստացել բռնության ենթարկված կանանց կողմից։
2022թ. առաջին կիսամյակի ընթացքում ընտանեկան բռնության 391 քրեական գործի շրջանակներնում, ըստ ՔԿ-ի, արձանագրվել է՝
— Սպանության 8 դեպք
— Անզգուշությամբ մահ պատճառելու 1 դեպք
— Դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու 33 դեպք
— Ծեծի 183 դեպք
— Ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու 11 դեպք
— Մարդուն առևանգելու 3 դեպք
— Սպանության կամ առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքի 51 դեպք
— Սեքսուալ բնույթի բռնի գործողությունների 1 դեպք
— 16 տարին չլրացած անձի հետ սեռական հարաբերության 3 դեպք
— Ծնողներից երեխային ապօրինի բաժանելուն կամ երեխային փոխելու 2 դեպք
— Ծնողի կամ այլ մերձավոր ազգականի և երեխայի միջև տեսակցության իրականացմանը խոչընդոտելու 31 դեպք
— Խնամքը ստանձնելու նպատակով երեխայի առքին կամ ստանձնողի խնամքին հանձնելու նպատակով երեխայի վաճառքի 1 դեպք
— Ծնողի կողմից երեխային պահելուց չարամտորեն խուսափելու 9 դեպք
Ընտանիքում կատարված հանցագործություններից 94-ը կատարվել են տղամարդու կողմից, 10-ը՝ կնոջ կողմից, 4-ը՝ եղբոր/քրոջ կողմից, 3-ը՝ պապի/տատի կողմից, 9-ը՝ զավակի կողմից, 4-ը՝ թոռան կողմից, 4-ը՝ ամուսնու ծնողների կողմից:
391 քրեական գործից 53-ն ավարտվել է մեղադրական եզրակացությամբ, 123 քրգործի վարույթ կարճվել է, որից 39-ը` արդարացնող, իսկ 84-ը` ոչ արդարացնող հիմքով, 8 քրեական գործի վարույթ կասեցվել է, 145 քրեական գործ փոխանցվել է 2022թ. հուլիս ամիս։