Մայիսի 22-ին՝ ժամը 22:27-ին ահազանգ է ստացվել ոստիկանություն՝ Գյումրի քաղաքի բնակչուհու դանակահարման վերաբերյալ։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է Գյումրի քաղաքի 1979թ. ծնված բնակչուհու դին՝ կտրած-ծակած բազմաթիվ վնասվածքներով։
Քննչական կոմիտեի տվյալներով՝ մայիսի 22-ի երեկոյան 42-ամյա կնոջ և նրա 50 ամյա ամուսնու միջև անձնական հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ վերջինս, բարեկամուհու ներկայությամբ, իր մոտ գտնվող դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել կնոջ որովայնի և ծնոտի շրջանում, ինչի հետևանքով կինը մահացել է։
Տղամարդն ինքնակամ ներկայացել է իրավապահներին, ձերբակալվել, հարցաքննվել դեպքի հանգամանքների շուրջ՝ տալով ինքնախոստովանական ցուցմունք:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով (սպանությունը՝ ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը, պատժվում է ազատազրկմամբ՝ ութից տասնհինգ տարի ժամկետով):
Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է: