Քննչական կոմիտեի հրապարակած վիճակագրության համաձայն, հայաստանյան ընտանիքներում 2021 թվականին 13 մարդ է սպանվել։ Ընտանեկան բռնության հետևանքով ևս 5 մարդ հասցվել է ինքնասպանության։
13 սպանություններից 9-ի մասին տարվա ընթացքում հաղորդել է նաև ոստիկանությունը։ Մյուս 4 դեպքերի մասին գերատեսչության կայքում ոչինչ չկա։ Մանրամասներ չի հաղորդում նաև Քննչական կոմիտեն։
Ընտանեկան սպանությունների դեպքերը՝ ըստ ոստիկանության հաղորդումների․
2021 թվականի դեկտեմբերի 13-ին Կապանի Ստեփանյան փողոցի 8-րդ շենքում հայտնաբերվել է 77-ամյա տանտիրուհու դին: Ըստ ոստիկանության, կնոջը սպանել է 42-ամյա որդին։
Դեկտեմբերի 3-ին Չարենցավանի 2-րդ թաղամասի 10-րդ շենքի հրդեհվող բնակարանում հայտնաբերվել է 89-ամյա Ռոզա Գյուլումյանի դին: Ըստ ոստիկանության, կնոջը ծեծել և այրել է 36-ամյա թոռնուհին։
Հոկտեմբերի 31-ին Երևանի Սուվորովի փողոցի տներից մեկում հայտնաբերվել է 46-ամյա կնոջ դին։ Ըստ ոստիկանության, կնոջը խեղդել է 52-ամյա տղամարդը՝ խանդի պատճառով։
Սեպտեմբերի 5-ին Երևանի Նելսոն Ստեփանյան փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերել է 1932 թ. ծնված տանտիրուհու՝ Եվգենիա Յասոյանի դիակը։ Ըստ ոստիկանության, մալուխներով ձեռքի մատները կապելով, կնոջը էլեկտրահարել է 83-ամյա ամուսինը:
Օգոստոսի 6-ին Ձորաղբյուր գյուղի Այգեգործական 21-րդ թաղամասի տներից մեկում հայտնաբերվել էր 48-ամյա տղամարդու դին ՝ ծակած-կտրած վերքերով: Ըստ ոստիկանության, տղամարդուն սպանել է նրա 16-ամյա որդին։
Օգոստոսի 11-ին 33-ամյա մի տղամարդ հայտնել է, որ Երևանի Արտաշիսյան փողոցի 54-րդ շենքի շքամուտքում դանակահարել է նախկին կնոջը։
Հունիսի 5-ին Երևանի Ներքին Շենգավիթի 1-ին փողոցի տներից մեկում հայտնաբերվել է 55-ամյա տղամարդու դի։ Ըստ ոստիկանության, տղամարդուն, բակում մեքենա կայանելու վիճաբանության պատճառով, դանակահարել էր 31-ամյա զարմիկը։
Ապրիլի 20-ին շտապօգնություն է տեղափոխվել Գյումրիի Շիրակացու փողոցի բնակչուհի, 65-ամյա մի կին, ով շուտով մահացել էր: Ըստ ոստիկանության, ամուսինը վերադարձել էր տուն, կնոջը չգտնելով` գնացել հարևանի տնակ, վիճել կնոջ հետ և դանակահարել նրան:
Փետրվարի 6-ին Նոր Խարբերդից մեկ տարեկան մի քանի ամսական մահացած երեխա էր տեղափոխվել հիվանդանոց։ Ըստ ոստիկանության, երեխայի մայրը, խորթ հայրն ու խորթ տատը պարբերաբար հարվածներ էին հասցրել երեխային։ Փետրվարի 5-ին ու 6-ին էլ դեղահաբ էին խմեցրել, ինչի պատճառով երեխան մահացել էր։
Քննչական կոմիտեի ամփոփագրի համաձայն, ընտանեկան բռնության դեպքերով 2021-ի ընթացքում 556 քրեական գործ է քննվել։
Արձանագրվել է՝
— Սպանության 13 դեպք
— Ինքնասպանության հասցնելու 5 դեպք
— Դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու 49 դեպք
— Ծեծի 285 դեպք
— Ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու 23 դեպք
— Բռնաբարության 5 դեպք
— 16 տարին չլրացած անձի հետ սեռական հարաբերության 7 դեպք
— Խնամքը ստանձնելու նպատակով երեխայի առքին կամ ստանձնողի խնամքին հանձնելու նպատակով երեխայի վաճառքի 6 դեպք։
Հանցագործություններից 198-ը կատարվել է ամուսնու կողմից, 27-ը՝ կնոջ, 20-ը` զավակի, 14-ը՝ եղբոր/քրոջ, 6-ը՝ ամուսնու ծնողների, 6-ը՝ հարսի/փեսայի, 1-ը՝ թոռան կողմից:
556 քրեական գործերով 272 անձ ներգրավվել է որպես մեղադրյալ, նրանցից 8-ը՝ անչափահաս: 485 անձ ճանաչվել է որպես տուժող, որոնցից 400-ը՝ 18-ից բարձր, 85-ը՝ 12-18 տարեկան:
Ըստ UN Women 2021 թվականի հետազոտության, աշխարհում ֆիզիկական, հոգեբանական կամ սեռական բռնության է ենթարկվում յուրաքանչյուր երրորդ կին, ընտանեկան բռնության հետևանքով աշխարհում ամեն օր 137 կին մահանում է։ Համավարակի պատճառով, ըստ նույն աղբյուրի, ընտանեկան բռնության դեպքերը աճել են 30-ից 60 տոկոսով: