Home / Հայաստան / Մաքսայինի նախկին պետի նվերը օտարվեց 10 մլն դոլարով

Մաքսայինի նախկին պետի նվերը օտարվեց 10 մլն դոլարով

Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցային համալիրը օտարվել է «Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ընկերությանը [հիմնադրվել է 2002-ին, զբաղվում է ալյուրի արտադրությամբ և բեռնափոխադրությամբ]։

ՏԿԵ նախարարի փոխանցմամբ, մրցույթին միայն մեկ հայտ է ներկայացվել․ սահմանվել է 5 միլիարդ դրամի (ավելի քան 10 մլն դոլարի) գնային առաջարկ և առաջիկա 5 տարիներին լրացուցիչ 4.5 մլրդի ներդրումային ծրագիր։

«Գոլդեն Փելես» հյուրանոցը պետությանն է նվիրաբերվել դեռ 2019-ին: Մինչ այդ այն պատկանում էր Մաքսային ծառայության նախկին պետ Արմեն Ավետիսյանին․ վերջինս (շուրջ 7 մլրդ դրամի գնահատված) հյուրանոցային համալիրը պետությանը նվիրելու ցանկություն հայտնեց այն բանից հետո, երբ ԱԱԾ-ն իր դեմ քրեական գործ հարուցեց՝ ձեռնարկատիրությամբ ապօրինի զբաղվելու և փողերի լվացման հոդվածներով։

Միայն համալիրի պահպանության համար անհրաժեշտ էր ամսական շուրջ 6.5 մլն դրամ։

Պետությանը նվիրաբերված հյուրանոցը հայտնի էր դարձել համավարակի սկզբում․ հեղափոխության ալիքի վրա եկած կառավարությունը հենց այնտեղ էր մեկուսացնում այդ շրջանում Հայաստան ժամանող պոտենցիալ վարակակիրներին։