Կորոնավիրուսի տարածման շղթան կոտրելու նպատակով Հայաստանի կառավարությունը որոշում էր կայացրել մեկուսացնել ոչ միայն վարակակիրներին, այլև նրանց հետ սերտ շփում ունեցած մարդկանց։ Մեկուսացվում են նաև ռիսկային համարվող երկրներից ժամանած քաղաքացիները՝ անկախ ինքնազգացողությունից կամ ախտանիշների առկայությունից։ Մեկուսացվածների թիվը այս պահին հասել է 600-ի:
Մեծ մասը պահվում է Ծաղկաձորում՝ «Գոլդեն փելես» հյուրանոցում և Երևանի պետական համալսարանի հանգստյան տանը։ Մի մասը ապրում է Երևանում՝ Անգլիական այգում գտնվող բնակելի շենքում, որը պատկանում է Իտալական «Ռենկո Արմէստեյտ» ընկերությանը։
Մարտի 15-ին Իտալիայից չարթերային թռիչքով ժամանած քաղաքացիները մեկուսացվել են Դիլիջանի Մոնթե Մելքոնյանի անվան վարժարանում։ Նրանց շարքում էին նաև մեր ընկերները՝ Ինեսա Թադևոսյանը և Հայկ Վարձելյանը, որոնք պատմեցին դեսպանատան կազմակերպած Իտալիա-Հայաստան չվերթի և մեկուսացման պայմանների մասին։
Ինեսա
– Իտալիայում մնալն արդեն վտանգավոր էր, որոշեցի հետ գալ Հայաստան։ Փորձում էի «Ryanair»-ով տոմս առնել մարտի 14-ի համար, բայց ամսի 13-ին բոլոր թռիչքները չեղարկվեցին։ Զանգեցի Հայաստանի դեսպանատուն։ Պարզվեց, կառավարությունը մեզ համար չարթերային թռիչք կկազմակերպի։
Ամենաբարդը Սանդրիգո գյուղից Հռոմ հասնելն էր, գնացքները չէին աշխատում։ Անընդհատ զանգում էի դեսպանատուն, իրենք ասում էին՝ «տեղափոխության խնդիրը փորձում ենք լուծել, հանգիստ եղեք»։ Հետո ասացին, որ Վենետիկից ավտոբուս է շարժվելու։ Ես մի հայ աղջկա գտա այնտեղ, խնդրեցի, որ ինձ մեկ օրով հոսթ անի։ Գնացի Վենետիկ, հաջորդ օրը մեզ տարան Հռոմ։
Ոչ մի բանի համար մենք չենք վճարել՝ ոչ ավտոբուսի, ոչ ինքնաթիռի։ Դեսպանատունը նույնիսկ հատուկ գումար էր հատկացրել, որ Վենետիկից Հռոմ ճանապարհին ինչի կարիք ունենանք՝ առնենք։
Երբ հասանք օդանավակայան, դեսպանատան աշխատակիցները պարկեր բաժանեցին՝ ուտելիք, առաջին անհրաժեշտության պարագաներ։
Իտալիայի օդանավակայանում ստուգումները հայերն էին անում․ մեր օդանավի աշխատողներն էին, որոնցից մեկը՝ բժիշկ։ Ինքը մեզ հետ եկավ Դիլիջան։ Իրենք ամբողջությամբ «կոսմոնավտների» հանդերձանքով էին՝ լրիվ փակ։ Մինչև օդանավ մտնելը կանգնացնում էին, ստուգում։ Երկու ժամ տևեց։ Հերթով տաքությունն էին չափում, հարցեր էին տալիս։ Հատ֊հատ սաղին բացատրում էին անվտանգության կանոնները։
Մի հոգի կար, որ իրեն վատ էր զգում։ Վստահ չեմ, որ դա կորոնավիրուսի հետ էր կապված։ Կարող է ուղղակի հոգնած էր։ Երբ հասանք Հայաստան, իրեն շտապօգնության մեքենայով տարան հիվանդանոց, մեզ՝ ավտոբուսներով Դիլիջան։
Ինքնթիռում երկու հոգի կար, որ Դիլիջան գալ չէին ուզում։ Մենք ի սկզբանե չգիտեինք, մեզ ուր են տանելու։ Կար պատկերացում, որ տանելու են Ծաղկաձոր՝ «Գոլդեն Փելես»։ Պարզվեց՝ չէ, Դիլիջանի վարժարան։ Այդ մարդիկ սկսեցին բողոքել․ գոռում էին, որ Դիլիջան չեն գնա։ Ասում էին՝ «Էս չի ձեր Նիկոլը, հո բա՞նտ չի»։ Պահանջեցին իրենց տանել «նորմալ տեղ», ասացին, որ հակառակ դեպքում իրենք օդանավից դուրս չեն գա։ Ու դուրս չեկան։ Մենք իջանք, իրենք մնացին։ Մի ժամ իրենց էինք սպասում։
Իրականում, այստեղ պայմանները շատ լավն են։ Հիմնականում՝ առանձին սենյակներում ենք մնում։ Որոշ մարդիկ սեփական ցանկությամբ ընտանիքի կամ ընկերների հետ են մեկուսացել։ Իրար հետ չփվել չի կարելի։
Սենյակների դռները փակ են։ Նենց վիճակ ա, որ չէին էլ կարող բաց թողնել ու ասել՝ մի բացեք: Շատերը միևնույնն է բացելու էին։
Սնունդը լավն է։ Արտլանչն է ապահովում։ Օրական երեք անգամ։ Ինչ-որ կանայք են բերում, դռան դեմը վախեցած դնում ու փախնում։ Իրենք էլ են ամբողջությամբ փակ՝ պաշտպանիչ հագուստով, բայց միևնույնն է վախենում են։
Ինտերնետ կա։ Բժիշկները օրական մի քանի անգամ ստուգումներ են անում, ջերմաչափում են և այլն։
Հայկ
– Մեր թռիչքը 14-ին էր նախատեսված, վերջին պահին չեղարկվեց։ Դեսպանատան հետ կապ հաստատեցինք, ասեցին՝ Հայաստանից ինքնաթիռ են ուղարկում, որ բոլոր մարդկանց, որոնք մնացել են այդտեղ, հետ բերեն։ 60-70 հոգի էինք, եթե ոչ ավել։
Ինքթանիռում տեղավորեցին ըստ տարածքների։ Միլանից եկածները, օրինակ, առանձին էին նստում, Հռոմից եկածները՝ առանձին և այլն։ Այնտեղ իրավիճակն ու ռիսկերը ըստ քաղաքների տարբերվում էին, փորձել էին դա հաշվի առնել։
Մեզ ձեռնոցներ, դիմակներ, ախտահանիչ նյութեր էին բաժանել։ Ինքնաթիռի մեջ պարբերաբար ձեռնոցներն ու դիմակները փոխում էին, ժամանակ առ ժամանակ տարածքը ախտահանվում էր։
Երբ հասասնք այստեղ, օդանավից իջնելուց դիմակները, ձեռնոցները նորից փոխեցին։ Գրանցեցին ու տեղավորեցին ավտոբուսներով։ Միլանից էկածները մի ավտոբուսում էին, Հռոմից էկածները՝ ուրիշ։
Բոլորիս բերեցին Դիլիջան՝ Մոնթե Մելքոնյանի անվան վարժարան։ Առանձին սենյակներում ենք․ սենյակները բոլոր հարմարություններն ունեն, մաքուր են։ Սենյակից դուրս գալու կարիք չկա։ Սնունդը անընդհատ բերում են, չեն ուշացնում։ Ջուր, սուրճ, թեյ՝ ամեն ինչ կա։ Եթե ինչ-որ մեկը ինչ-որ բանի, օրինակ՝ հիգիենայի պարագաների, կարիք ուներ, տալիս էին։ Ստուգումները պարբերաբար արվում են։ Բողոքելու բան չկա։
Հայաստանում մեկուսացվածներից ոչ բոլորն են պահվում հյուրանոցային պայմաններում․ «Հայաէրոնավիգացիա» ընկերության աշխատակիցները (ինքնա)մեկուսացվել են «Զվարթնոց» օդանավակայանի վարչական շենքերից մեկում։ Նրանց գործընկերներից մեկը մասնակցել է Էջմիածնի հայտնի նշանդրեքին, որտեղ վարակվել է կորոնավիրուսով։ Երկրի օդային երթևեկության շարունակական սպասարկումն ապահովելու համար և կորոնավիրուսի հետագա տարածումը կանխարգելելու նպատակով որոշում է կայացվել ընկերության աշխատակազմին՝ ավիակարգավարներին, ինժեներատեխնիկական մասնագետներին (75 հոգի) 14 օրով մեկուսացնել իրենք աշխատավայրում։
Շենգավիթի արտադրամասերից մեկի աշխատակիցները նույնպես մեկուսացվել են իրենց աշխատավայրում։ Նրանց գործընկերները, որոնց մոտ հաստատվել է կորոնավիրուսի առկայությունը, գտնվում են Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում։
Լուսանկարները՝ Հայկ Վարձելյանի