«Ընտանեկան բռնության դեմ պայքարի ազգային օր»․ ակցիա՝ կառավարության երկրորդ մասնաշենքի դիմաց
Վերջին տասը տարիների ընթացքում Հայաստանում ապրող շուրջ 80 տղամարդ սպանել է իր կնոջը կամ զուգընկերուհուն․ վիճակարգրությունը ներառում է միայն datalex-ում ընդգրկված կամ լրատվամիջոցներում հայտնված դեպքերը։
Ոստիկանությունն ամեն տարի հաղորդում է ընտանեկան բռնության հարյուրավոր դեպքերի մասին։ Քրեական գործերը, եթե անգամ հարուցվում են, տարիներով ձգձվում և հաճախ ավարտվում են սիմվոլիկ պատիժներով։ Ընտանիքի ամուր պատերի ներսում բռնության ենթարկվող կանայք ոստիկանություն դիմելուց մինչ օրս մեծամասամբ խուսափում են։
Կանանց իրավունքներով զբաղվող կազմակերպությունները շարունակում են ահազանգել՝ Հայաստանում ընտանեկան բռնությունը համակարգային բնույթ է կրում, արդյունավետ կանխարգելում չկա, պետական քաղաքականությունը անհամաչափ է, խնդիրը հատուկ լուսանցքայնացվում է։
2010 թվականից ի վեր «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան հոկտեմբերի 1-ը նշում է որպես ընտանեկան բռնության դեմ պայքարի ազգային օր։ Երևանում գրեթե ամեն տարի հիշատակի և իրազեկման միջոցառումներ են արվում։
Իրավապաշտպաններն առավոտյան հավաքվել էին կառավարության շենքի մոտ։ Նիկոլ Փաշինյանին ուղղված նամակը ընդունարանում թողնելուց հետո՝ նրանք տեղափոխվեցին կառավարական երկրորդ մասնաշենքին հարակից այգի։
Կարմիր ժապավենի վրա գրված էին վերջին 11 տարիների ընթացքում ամուսնու կամ ընկերոջ կողմից սպանված շուրջ 80 կանանց անունները, նրանց ծննդյան ու մահվան տարեթվերը․ ակցիայի մասնակիցները ժապավենները փաթաթում էին այգու սկզբանամասում գտնվող ծառերի վրա։
Անցորդներից մեկը բողոքում էր՝ «ի՞նչ է՝ միայն կանա՞յք են մեր երկրում սպանվում», հիշեցնում էր, օրինակ, ինչպես էին վերջերս երկիտասարդ տղաները կրակում իրար վրա, ասում էր՝ «նրանց անուններն ինչո՞ւ չեք կպցնում»։
Ակտիվիստները հակադարձում էին՝ կանանց նկատմամբ բռնությունը քողարկվում է և շարունակ արդարացվում, հասարակությունը հաճախ հակված է մեղադրել զոհին, բարոյականցնել խնդիրը, անտեսել դրա ծավալները, մինչև հիմա համարվում է, որ «ընտանիքի խնդիրները պետք է մնան ընտանիքի ներսում», բռնության մեջ հայտնված կանանց յս պատկերացումները զրկում են պաշտպանությունից, ընդդեմ կանանց հանցագործությունները անգամ իրավապահներն են դիտարկում որպես «ներընտանեկան խնդիր»․․․
Տարեց տղամարդը դժգոհում էր՝ «պատերազմում այդքան տղաներ զոհվեցին, ի՞նչ ընտանեկան բռնություն»։ Այգու աշխատակիցը՝ ակցիայի մասին հարցուփորձ անելուց հետո, խնդրեց «գազոնը չտրորել»։ Անցորդների մեծ մասը լուռ էր։
Ժապավենները ծառերին փակցնելուց հետո իրավապաշտպանները հարցազրույցներ տվեցին տեղում հավաքված մի քանի լրագրողներին, փոխանցեցին Փաշինյանին ուղղված նամակի տեքստը և հեռացան։
Նամակում, մասնավորապես, գրված էր․ «Կոալիցիայի համառ պայքարի շնորհիվ 2017թ․ Հայաստանում ընդունվեց «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքը, որը, սակայն, լրջագույն բացեր ունի։ Դեռևս 2019թ․ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը նախաձեռնեց օրենքի բարելավման ու լրամշակման գործընթաց, որն այդպես էլ մնաց անավարտ։
Չնայած օրենքի ընդունմանը՝ կանանց նկատմամբ բռնությունը նվազեցնելու ուղղությամբ պետության կողմից իրականացվող քայլերը խիստ թերի են։ Ավելին, COVID-19 համավարակով և պատերազմով պայմանավորված մարտահրավերները է՛լ ավելի ակնառու դարձրին կանանց հիմնախնդիրներն ու պետության անբավարար արձագանքը դրանց լուծմանը։ Անհրաժեշտ է, որ պետությունը հստակ քայլեր իրականացնի կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության դեմ պայքարի միջազգային և ներպետական իրավական կառուցակարգերի վավերացման ու բարելավման ուղղությամբ։
Այս հարցերով հստակ ճանապարհային քարտեզ գծելու նպատակով՝ «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան ակնկալում է հանդիպում անձամբ Ձեզ հետ՝ մանրամասն քննարկելու առանց բռնության հասարակություն ունենալու հեռանկարին միտված քայլերի հաջորդականությունն ու միասնականությունը»։