Home / Դատարան / Լեհաստանում կանայք նորից փողոց են դուրս եկել՝ ընդդեմ աբորտների արգելքի

Լեհաստանում կանայք նորից փողոց են դուրս եկել՝ ընդդեմ աբորտների արգելքի

Լեհաստանում բողոքի ցույցերի նոր ալիք է սկսվել՝ երկրում աբորտների փաստացի արգելքի մասին որոշման հրապարակումից հետո։

Հիշեցնենք, որ Լեհաստանի գերագույն դատարանը 2020 թվականի հոկտեմբերի 22-ին հակասահմանադրական էր ճանաչել օրենսդրական այն կարգավորումները, որոնք կանանց հնարավորություն են տալիս դադարեցնել հղիությունը՝ պտղի ծանր և անդառնալի խանգարումների կամ կյանքի համար վտանգ ներկայացնող հիվանդությունների ախտորոշման դեպքում։ Կնոջ ցանկությամբ հղիության ընդհատումը Լեհաստանում արդեն իսկ արգելված էր։ Լեգալ աբորտների մեծ մասը (2019 թվականի վիճակագրությամբ՝ 98 տոկոսը) իրականացվում էր հե՛նց պտղի թերզարգացվածության կամ կյանքին վտանգ ներկայացնող հիվանդության հիմքով։

Դատարանի այս որոշումը, սակայն, պաշտոնապես դեռևս չէր հրապարակվել, և դրանում առկա իրավական կարգավորումները չէին գործում։ Իշխանությունները հրապարակման հետաձգման հետ կապված բացատրություններ չէին տալիս։ Տեղական լրատվամիջոցների պնդմամբ, պատճառը հոկտեմբերին երկրում բարձրացած բողոքի ալիքն էր, որի մասշտաբներն անակնկալ էին իշխանությունների համար։

Վճռի ընդունումից հետո Լեհաստանի մի շարք քաղաքներում զանգվածային բողոքի ցույցեր էին սկսվել։ Հազարավոր կանայք երկու օր և երկու գիշեր պահանջում էին չեղարկել որոշումը։ «Սա պատերազմ է», «Ձեր ձեռքերն արյունոտ են»՝ գրված էր պաստառների վրա։ Ոստիկանությունը ցուցարար կանանց դեմ ռետինե փամփուշտներ, արցունքաբեր գազ ու մահակներ էր կիրառում։

Որոշման կայացումից հետո իշխանությունները սկսել էին աշխատել աբորտները կարգավորող օրենսդրությունը «մեղմացնելու» ուղղությամբ։ Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան, մասնավորապես, առաջարկել էր թույլատրելի համարել հղիության արհեստական ընդհատումն այն դեպքում, երբ պտղի մոտ հայտնաբերված հիվանդությունները սպառնում են ապագա երեխայի կյանքին։ Այսինքն, կյանքի հետ համատեղելի ծանր հիվանդությունների ախտորոշման դեպքում կանայք միևնույն է աբորտի հնարավորություն չէինն ունենա։

Առաջարկվում էր նաև կոմպրոմիսային մեկ այլ տարբերակ՝ հանրաքվե, որի շրջանակներում Լեհաստանի քաղաքացիները կկարողանային իրենց կարծիքն արտահայտել աբորտների թույլատրելիության վերաբերյալ։

Այս առաջարկները, սակայն, չիրագործվեցին։ Պատճառներից էր նաև այն, որ աբորտներն արգելող օրենսդրության կողմնակիցներն ակտիվորեն քննադատում էին կառավարությանը՝ դատարանի «արդար» որոշման հրապարակումը հետաձգելու, և «ցուցարարների սադրանքներին» տրվելու համար։ Անգամ սպառնում էին դատախազություն դիմել՝ կառավարության դեմ հետաքննություն սկսելու պահանջով։

Վերջին հինգ տարիների ընթացքում Լեհաստանում իշխում են աջ պոպուլիստները՝ «Իրավունք և արդարություն» պահպանողական կուսակցությունը։ Վերջինիս նախընտրական ծրագրում աբորտներին առնչվող կետեր չկային, բայց կուսակցության ներկայացուցիչները բազմից խոսել են հղիության ընդհատման օրենսդրական կարգավորումների խստացման օգտին։

Հունվարի 27-ի երեկոյան դատարանի որոշումն այնուամենայնիվ հրապարակվեց։ Աբորտները արգելքը փաստացի իրավական ուժ ստացավ հունվարի 28-ից։ Լեհաստանի ավելի քան չորս տասնյակ քաղաքներում գրեթե անմիջապես բողոքի ցույցեր սկսվեցին։

https://twitter.com/mariposarosea/status/1354559907689865216

«Բոլորին անխտիր կոչ ենք անում դուրս գալ փողոց։ Եվ այս անգամ քայլել այնպես, որ հետքերը տեսանելի լինեն։ Արտահայտեք ձեր զայրույթն այնպես, ինչպես ինքներդ կկամենաք։ Այս պատերազմը մենք չենք սկսել», – հայտարարել էր Կանանց համալեհական սթրայքի (ԿՀՍ) անդամ Մարտա Լեմպարտը։

«Վարշավայի պաշարումը»

Ամենախոշոր բողոքի ակցիան «Վարշավայի պաշարումն էր»։ Այն մեկնարկել էր հենց հունվարի 27-ի երեկոյան՝ վճռի հրապարակումից անմիջապես հետո։ Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ, ակցիային մասնակցում էր ավելի քան 2 հազար կին։

Սահմանադրական դատարանի շենքի մոտակայքում կանայք ասֆալտի վրա կարմիր ներկ էին լցրել ու փափուկ խաղալիքներ շարել։ Ցուցարարների մի խումբ փորձում էր դատարանի շենք մտնել, ինչը սակայն, չհաջողվեց․ խմբի բոլոր անդամները ձերբակալվեցին։

Szpila ֆեմինիստական խմբի փոխանցմամբ, ակցիայի ընթացքում բերման է ենթարկվել 13 ցուցարար, որոնցից 8-ը մինչև առավոտ ազատ է արձակվել։

Բողոքի ցույցերի կազմակերպիչները հայտարարել են, որ շաբաթ և կիրակի օրերին նոր ակցիաներ չեն կազակերպվի․ հունվարի 30-31-ը Լեհաստանում ամենամյա միջոցառումների շարք է անց կացվում, որի շրջանակներում հավաքված գումարներն ուղղվում են մանկական հիվանդանոցների կահավորմանը։ Փետրվարի 1-ից աբորտներն արգելող օրենքների դեմ բողոքի ցույցերը կվերսկսվեն։

Աբորտների մասով լեհական օրենսդրությունը մինչ այս ևս ամենախիստն էր Եվրոպայում։ 

1993 թվականին ընդունված ընտանիքի ծրագրման մասին օրենքը հղիության ընդհատման 3 օրինական պատճառ էր թույլատրում։ Օրենսդրական նախագծի դրույթների համաձայն, աբորտ կարելի է իրականացնել, եթե․

― հղիությունը վտանգ է ներկայացնում մոր կյանքի կամ առողջության համար,

― բժշկական հետազոտությունները փաստում են, որ պտղի մոտ ծանր և անդառնալի խանգարումներ կամ կյանքի համար վտանգ ներկայացնող հիվանդություններ կան,

― եթե կինը հղիացել է քրեորեն պատժելի արարքի արդյունքում։

Հոկտեմբերի 22-ին ընդունված որոշմամբ, վերոնշյալ դեպքերից երկրորդը ևս անօրինական է ճանաչվում։