Home / Կանանց իրավունքներ / «Սա պատերազմ է»․ Լեհաստանը վերջնականապես արգելում է աբորտները

«Սա պատերազմ է»․ Լեհաստանը վերջնականապես արգելում է աբորտները

Լեհաստանի Սահմանադրական դատարանի նոր որոշմամբ աբորտները երկրում վերջնականապես արգելվում են։

Բարձր դատարանի դատավորները հակասահմանադրական են ճանաչել օրենսդրական կարգավորումները, համաձայն որոնց կանայք հնարավորություն ունեն դադարեցնել հղիությունը՝ պտղի ծանր և անդառնալի խանգարումների կամ կյանքի համար վտանգ ներկայացնող հիվանդությունների ախտորոշման դեպքում։ Կնոջ ցանկությամբ հղիության ընդհատումը Լեհաստանում արդեն իսկ արգելված էր։ Լեգալ աբորտների մեծ մասը (2019 թվականի վիճակագրությամբ՝ 98 տոկոսը) իրականացվում էր հե՛նց պտղի թերզարգացվածության կամ կյանքին վտանգ ներկայացնող հիվանդության հիմքով։

Սա փաստացի նշանակում է, որ Լեհաստանում հղիության ընդհատումը թույլատրելի է բացառապես այն դեպքերում, երբ հղիությունն անհամատեղելի է մոր կյանքի հետ կամ եթե կինը հղիացել է քրեորեն պատժելի արարքի արդյունքում։ Աբորտ իրականացնել չի թույլատրվում նույնիսկ այն դեպքերում, երբ բժշկական հետազոտությամբ ապացուցված է, որ պտուղը լուրջ հաշմանդամությամբ կամ անգամ մահացած է ծնվելու։

Վճռի ընդունումից հետո Լեհաստանի մի շարք քաղաքներում զանգվածային բողոքի ցույցեր են սկսվել։ Հազարավոր կանայք երկու օր և երկու գիշեր պահանջում էին չեղարկել որոշումը։ «Սա պատերազմ է», «Ձեր ձեռքերն արյունոտ են»՝ գրված էր պաստառների վրա։ Ոստիկանությունը ցուցարար կանանց դեմ ռետինե փամփուշտներ, արցունքաբեր գազ ու մահակներ է կիրառել։ Կան տասնյակ տուժածներ։

https://twitter.com/MarcinTerlik/status/1319414126632984576

Օրենսդրության նման խստացման դեմ պայքարող ակտիվիստներն ու իրավապաշտպանները մտավախություն են հայտնում, որ Սահմանադրական դատարանի այս որոշումից հետո երկրում էլ ավելի կմեծանա «ընդհատակյա» աբորտների թիվը, որոնք հաճախ իրականացվում են կանանց առողջության համար վտանգավոր եղանակներով։

ՍԴ որոշումը ցնծությամբ են դիմավորել աջ և պահպանողական ուժերի ներկայացուցիչները, որոնք մեծամասնություն են կազմում Լեհաստանի ներկայիս իշխանությունների աջակիցների կազմում։ Վերջին հինգ տարիների ընթացքում Լեհաստանում իշխում են աջ պոպուլիստները՝ «Իրավունք և արդարություն» պահպանողական կուսակցությունը։ Վերջինիս նախընտրական ծրագրում աբորտներին առնչվող կետեր չկային, բայց կուսակցության ներկայացուցիչները բազմից խոսել են հղիության ընդհատման օրենսդրական կարգավորումների խստացման օգտին։

«2020 թվականի հոկտեմբերի 22-ը հավերժ կմնա պատմության մեջ։ Մենք վերջ դրեցինք անպաշտպանների զանգվածային սպանությանը՝ 20-րդ դարի տոտալիտար համակարգերի ժառանգությանը», – թվիթերի իր էջում գրել է լեհական սեյմի պատգամավոր Տոմաշ Ժիմկովսկին։

«Երեխա ունենալու կամ չունենալու որոշումն անհրաժեշտ է կայացնել պտղի ձևավորումից առաջ՝ հաշվի առնելով բոլոր հետևանքները, այդ թվում՝ երեխայի մոտ հետագայում ինչ֊որ տեսակի հիվանդությունների հնարավորությունը։ ․․․Երեխաների՝ հաշմանդամության կասկածանքի հիմքով սպանությունը արդարացիորեն հակասահմանադրական է ճանաչվել», – գրել է իրավաբան, գրող Մագդալենա Կոժեվկա֊Կալիշուկը։

Էմոցիոնալ գրառումներ էին ունենում նաև նախաձեռնության ընդդիմախոսները։

«Դժողք կանանց համար․ ահա թե ինչ է նշանակում քաղաքականացված Սահմանադրական դատարանի այսօրվա վճիռը», – գրել է սեյմի փոխնախագահ Մալգոժատա Կիդավա-Բլոնսկայան։

«ՍԴ այսօրվա որոշումից հետո Լեհաստանը պաշտոնապես դարձավ Եվրոպայի առաջին խալիֆայությունը», – կարծում է լրագրող Վիտոլդ Գլովացկին։

https://twitter.com/Elif_Safak/status/1319941531739082752

Իրավապաշտպան Մարտա Լեմպարտի նախաձեռնությամբ, համացանցի լեհական տիրույթում անհամաձայնության ֆլեշմոբ է մեկնարկել․ ՍԴ վճռին դեմ քաղաքացիները, պաշտոնյաներն ու հայտնի մարդիկ 30-վայրկյանանոց տեսանկյութերով իրենց կարծիքն են հայտնում և հոլովակները հրապարակում #PowiedzCoMyślisz (#ԱսաԻնչԵսՄտածում) հեշթեգով։

Փոխզիջման ավարտը

Աբորտների մասով լեհական օրենսդրությունը մինչ այս ևս ամենախիստն էր Եվրոպայում։ Մինչև ՍԴ վերջին որոշումը երկրում «աբորտային փոխզիջում» անունը ստացած օրենսդրական կարգավորումն էր գործում։

90-ականների սկզբին՝ կոմունիստական ռեժիմի տապալումից հետո, Լեհաստանում բուռն քննարկումներ էին սկսվել նոր երկրում աբորտների թույլատրելիության շուրջ։

Լեհաստանում ծայրահեղ մեծ ազդեցություն ունեցող կաթոլիկ եկեղեցին և պահպանողական քաղաքական շրջանակները կոչ էին անում ամբողջությամբ արգելել աբորտների իրականացումը։ Ձախ և ազատական կուսակցությունները պայքարում էին հղիության կամավոր դադարեցման հնարավորության համար։

Արդյունքում, 1993 թվականին ընդունվեց ընտանիքի ծրագրման մասին օրենքը, որը հղիության ընդհատման 3 օրինական պատճառ էր թույլատրում։ Օրենսդրական նախագծի դրույթների համաձայն, աբորտ կարելի է իրականացնել, եթե․

― հղիությունը վտանգ է ներկայացնում մոր կյանքի կամ առողջության համար,

― բժշկական հետազոտությունները փաստում են, որ պտղի մոտ ծանր և անդառնալի խանգարումներ կամ կյանքի համար վտանգ ներկայացնող հիվանդություններ կան,

― եթե կինը հղիացել է քրեորեն պատժելի արարքի արդյունքում։

Օրենքի նման խստացումից հետո Լեհաստանում «աբորտային զբոսաշրջություն» երևույթն էր սկսել․ կանայք անհրաժեշտության դեպքում եվրոպական այլ երկիր էին մեկնում՝ հղիությունն ընդհատելու համար։

Մեծ տարածում էին ստացել նաև «ընդհատակյա աբորտային վիրահատությունները», որոնք հաճախ իրականացվում էին ոչ բարենպաստ բժշկական պայմաններում։

Լեհաստանի առողջապահության նախարարության տվյալներով, վերջին մեկ տարում երկրում հղիության արհեստական ընդհատման 1116 վիրահատություն է իրականացվել։ Ոչ պաշտոնական հաշվարկներով, ապօրինի աբորտների թիվը տասնյակ անգաներ ավելի շատ է։

Իրավապաշտպանները, ֆեմինիստներն ու ձախական կուսակցությունները տարիներ շարունակ պայքարում էին հղիության արհեստական ընդհատումները կարգավորող օրենսդրության ազատականացման համար։ Մասնավորապես, պահանջում էին թույլատրել «սոցիալական հիմքով» աբորտների իրականացումը։

Աջ և պահպանողական շրջանակները, նաև՝ կաթոլիկ եկեղեցու մոլի հետևորդները, պահանջում էին էլ ավելի խստացնել օրենսդրությունն ու առհասարակ արգելել աբորտները՝ անկախ դրդապատճառներից։

2016 թվականին խորհրդարանում քննարկման էր դրել նախագիծ, որի համաձայն պտղի մոտ հիվանդությունների ախտորոշման դեպքում աբորտի իրականացումը քրեորեն պատժելի արարք է համարվում, իսկ հղիության ապօրինի ընդհատման վիրահատություն իրականացնելու դեպքում թե՛ վիրահատված կինը, թե՛ բժիշկը դատապարտվում են 5 տարվա ազատազկման։ Նախագծի ընդդիմախոսների իրականացրած զանգվածային ցույցերի ճնշման տակ, իշխող կուսակցությունը հետ կանգնեց օրենքի ընդունումից։