հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / ԼԳԲՏ+ / Ծիածանից վիրավորվածները․ ինչո՞ւ է Լեհաստանը համարվում Եվրամիության ամենահոմոֆոբ երկիրը

Ծիածանից վիրավորվածները․ ինչո՞ւ է Լեհաստանը համարվում Եվրամիության ամենահոմոֆոբ երկիրը

ԼԳԲՏ ակտիվիստներին ազատազրկմամբ են սպառնում Քրիստոսի արձանի վրա ծիածանագույն դրոշ կախելու համար, առանձին քաղաքներ, գյուղեր, վոյեվոդություններ իրենց հայտարարում են «ԼԳԲՏ գաղափարախոսությունից ազատ», առաջատար քաղաքական գործիչները գենդերային փոքրամասնություններին որպես ազգի թշնամի են որակում։ «Իրավունք և արդարություն» (ԻևԱ) ազգայնական֊պահպանողական կուսակցության կառավարման հինգ տարիների ընթացքում Լեհաստանը՝ իրավապաշտպանների գնահատմամբ, դարձել է Եվրամիության ամենահոմոֆոբ երկիրը։

Օգոստոսի սկզբին Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայի ոսիկանները ձերբակալել էին երեք ԼԳԲՏ ակտիվիստների, ովքեր գիշերը Հիսուս Քրիստոսի 3 հուշարձանների և մեկ արձանի վրա ծիածանագույն դրոշներ էին կախել։

Մալգոժատա Շուտովիչին, Կանա Մադեին և երրորդ ակտիվիստին, ով նախընտրում է անանուն մնալ, մեղադրանք է առաջադրվել հուշարձանների պղծման և հավատացյալների զգացմունքները վիրավորելու հոդվածներով։ Նրանց մինչև երկու տարվա ազատազրկում է սպառնում։

Քրիստոսի արձանի մոտ էր եկել անձամբ վարչապետ Մաթեուշ Մորավեցկին։ Լեհական մամուլի փոխանցմամբ, նա այս ակցիան որակել է որպես վանդալիզմ, որն «անցել է բոլոր սահմանները»։

Իշխող «Իրավունք և արդարութուն» կուսակցության մի շարք ներկայացուցիչներ հրապարակայնորեն դատապարտել են ակցիան։ Պաշտպանության փոխնախարար Մարչին Օչեպան, օրինակ, ռադիոհարազրույցի ժամանակ ասել է, որ նման գործողությունները ցավ են պատճառում մարդկանց, և որ ակտիվիստներին պետք է ազատազրկման դատապարտել։

«Կարծում եմ, նմանատիպ ակցիաների համար ոչ թե տուգանել է պետք, այլ՝ նստացնել՝ ցույց տալու համար, որ լեհական պետությունը մտադիր չէ նմանատիպ ակցիաներ հանդուրժել», – Օչեպայի խոսքերից մեջբերել է Notes From Poland լրատվականը։

Ի տարբերություն պաշտոնյաների, իրավապաշտպանները վրդովված են ոստիկանության անհամաչափ գործողություններից։

«Պարզապես ոստիկանական բաժանմունք հրավիրելը բավական կլիներ։ Բայց ոչ․ մարդկանց, ովքեր մեղադրվում են ամենևին ոչ ամենավտանգավոր հանցագործության մեջ, կալանավորել են ամենակոպիտ ձևով։ Նրանց ոչ թե հանցագործության մեջ են մեղադրում, այլ հուշարձանների վիրավորման․ ինչպես կարող է ծիածանը վիրավորել»,- լրագրողների հետ զրույցում նշել է «Արշավ ընդդեմ հոմոֆոբիայի» կազմակերպության փաստաբան Կարոլինա Գերդալը։

Անցյալ տարի Լեհաստանում ռեկորդային թվով՝ 24, գեյ֊փրայդեր են կազմակերպվել տարբեր քաղաքներում։ Հինգ անգամ իշխանությունները փորձել են արգելել փրայդը, բայց բոլոր դեպքերում դատարանում բողոքարկելուց հետո ակտիվիստներին հաջողվել է թույլտվություն ստանալ։ Բելոստոկ քաղաքի փրայդի մասնակիցների վրա էին հարձակվել տեղական աջ արմատականները։ Մյուս բոլոր դեպքերն անցել են առանց վիճաբանությունների, ոստիկանների հսկողության ներքո։

Իշխող կուսակցության ներկայացուցիչները շարունակ հայտարարում են, որ իրենք պաշտպանում են ավանդական քրիստոնեական արժեքներն ու պայքարում են «ԼԳԲՏ գաղափարախոսության» դեմ, որն՝ իրենց պնդմամբ, սպառնում է լեհական մշակույթին ու ինքնաբավությանը։

«Հաճախ են ասում, որ իբր իրենք հոմոֆոբ չեն, պարզապես այդ գաղափարախոսության դեմ են պայքարում։ Բայց նման գաղափարախոսություն չկա, անհեթեթություն է»,- պատմում է «Արշավ ընդդեմ հոմոֆոբիայի» կազմակերպության անդամ Յուստինա Նակելսկան։

Քաղաքական գործիչների այդպիսի հայտարարություններն անհանգստացնում են ոչ միայն ԼԳԲՏ֊ակտիվիստներին։ Դրանք մտահոգություններ են առաջացնում նաև Բրյուսելում։

Լեհական ԶԼՄ֊նեը հայտնում են, որ 2019-2020 թվականների ընթացքում շուրջ հարյուր շրջանների տեղական ինքնակառավարման մարմիններ՝ մեծամասամբ երկրի հարավ֊արևելքում, իրենց «ԼԳԲՏ գաղափարախոսությունից ազատ» գոտիներ են հայտարարել։ Այսինքն, միացել են «Տեղական ինքնակառավարման մարմիններն ընտանեկան իրավունքների մասին» խարտիային կամ «ԼԳԲՏ գաղափարախոսության դեմ» հռչակագրին։

Հուլիսին Եվրոպական հանձնաժողովը՝ որպես սիմվոլիկ ժեստ, հրաժարվել է փոքր դրամաշնորհային նախագծերում ներգրավել այդպիսի զոնաներ հայտարարծված տարածաշրջաններին։ Ֆրանսիական և հոլանդական որոշ քաղաքներ հրաժարվել են համագործակցություն կառուցել «ԼԳԲՏ գաղափարախոսությունից ազատ» համարվող քաղաքների հետ։

Հուլիսին Լեհաստանի արդարադատության նախարար, «ԻևԱ» անդամ Զբիգնև Ժյոբրոն հայտարարել էր, որ Լեհաստանը պատրաստվում է դուրս գալ Ստամբուլյան կոնվենցիայից։ Ավելի ուշ Լեհաստանի կառավարության ադմինիստրացիայի ղեկավարն ու «ԻևԱ»֊ի մամուլի քարտուղարը հայտնել էին, որ նախարարը շտապել է․ կոնվենցիայից դուրս գալու գործընթաց երկրում չի սկսվել։

Ստամբուլյան կոնվենցիայի վերաբերյալ հակասական քննարկումներ պարբերաբար ծավալվում են Արևելյան Եվրոպայի մի շարք երկրներում։ Անհամաձայնությունները մեծամասամբ կապված են «ավանդական արժեքների» և գենդերային փոքրամասնությունների իրավունքներին վերաբերող կետերի հետ։

Լեհաստանը կոնվենցիան ստորագրել և վավերացրել է նախորդ իշխանությունների օրոք։

Եվրամիության արևելյան հատվածի վեց երկրներ՝ Լատվիան, Լիտվան, Չեխիան, Սլովակիան, Հունգարիան և Բուլղարիան կոնվենցիան ստորագրել են 2011 թվականին, բայց մինչև հիմա չեն վավերացրել։

Նախ, կոնվենցիան չվավերացրած երկրների մեծ մասը վստահ է, որ իրենց երկրների պետական օրենսդրությունը բավարար չափով ապահովում է կանանց պաշտպանվածությունը։

Կոնվենցիայի ընդդիմախոսներին դուր չի գալիս 3-րդ հոդվածի «с» կետը․ «գենդերը» սոցիալապես ամրագրված դեր է, պահվածքի, գործունեության և բնութագրիչների համախումբ, որը տվյալ հասարակությունը դիտարկում է որպես տղամարդուն կամ կնոջը բնորոշ։ Շատերը պնդում են, որ նման ձևակերպումը հակասում է իրենց «ավանդական արժեքներին»։

Կոնվենցիան վավերացված չէ նաև Մեծ Բրիտանիանում։ Այստեղ, սակայն, հարցը սկզբունքային անհամաձայնությունները չեն․ կառավարությունը փորձում է կոնվենցիային հարմարեցնել տեղական օրենսդրությունը։