Անցյալ տարվա հոկտեմբերին ամուսնու կողմից փողոցում սպանվեց Լեյլա Աբդուլլաևային՝ երեք երեխաների ու բազմաթիվ վկաների ներկայությամբ, դանակի 20 հարվածով։ Նույն ամսին մահացավ 36-ամյա Ջավահիր Ակբարովան՝ ամուսնու կողմից հանտելով գլխին հասցված հարվածից։ Մի քանի տարի առաջ 11-րդ դասարանի աշակերտուհի, 17-ամյա Այթաջ Բաբաևան սպանվել էր մի տղայի կողմից՝ «իր սիրուն չպատասխանելու համար»։
Պաշտոնական վիճակագրության համաձայն, Ադրբեջանում 2018 թվականին ընտանեկան բռնության զոհերի 74.9 տոկոսը կանայք էին։
Միայն անցյալ տարվա հոկտեմբերին երկրում 12 կին է սպանվել, որոնցից 6-ը՝ երեխաների աչքի առաջ։
Եվ սա միայն պաշտոնական տվյալներն են, միայն այն դեպքերը որոնք քիչ թե շատ աղմուկ են առաջացրել։ Իրականում պատկերը շատ ավելի անհանգստացնող է, գրում է Մեյդան TV-ն։
«Ոչ բոլոր դեպքերն են մեդիաներին հասնում, նույնիսկ Ներքին գործերի նախարարության քրեական քրոնիկաներում բոլոր դեպքերը չեն լինում», – պատմում է Կանայք հանուն ռացիոնալ զարգացման կազմակերպության ղեկավար Շահլա Իսմայիլը։
2010 թվականին Ադրբեջանում սպանվել է 91 կին, 2011-ին՝ 120, 2012-ին՝ 96, 2013-ին՝ 101, 2014֊ին՝ 144, 2015֊ին՝ 99, իսկ 2016֊ին՝ 110 կին։
Փորձը ցույց է տալիս, որ ֆեմիցիդի զոհ հիմնականում դառնում են կանայք, ովքեր տարիներով դիմացել են ամուսնու, զուգընկերոջ, հոր, եղբոր բռնությանը։
«Չեմ կարծում, որ կնոջ սպանությունն ընտանիքում՝ պահի ազդեցության տակ կայացված որոշում է, որը հնարավոր չէր կանխագուշակել,- պատմում է գենդերային ակտիվիստ Գուլնարա Մեխտիևան,- Կարծում եմ, դա վերջին կետն է, որին նախորդել են ֆիզիկական ու հոգեբանական բռնությունը։ Երբ տուժողն այլևս չի կարողանում իրեն փրկել՝ սպանություն է կատարվում»։
Մեյդան TV-ի հետ զրույցում սպանված Լեյլա Մամեդովայի մայրը՝ Ֆլորա Մահմուդովան պատմեց, որ ամուսնության յոթ տարիների ընթացքում Լեյլան ամուսնու կողմից միշտ ճնշումների է ենթարկվել։ «Երբ աղջկաս բժշկի էր տանում, գիրք էր տալի, որ գրքով դեմքը ծածկի։ Պետք է միշտ գլուխը կախ քայլեր։ Աղջիկս այդ ամենն անում էր, ամեն ինչին համաձայնում էր»։
Գենդերային ակտիվիստ Գյուլնարա Մեխտիևայի խոսքով, ադրբեջանցի կանայք հաճախ չգիտեն էլ, որ բռնությունը վատ է․ փոքրուց ուրիշ բան են լսել։ «Ադրբեջանական ասացվածք կա՝ «Երբ մեկը կրակն է, մյուսը պետք է ջուրը լինի»։ Այդ «ջրի» դերում միշտ կինը պետք է լինի։ Կանանցից միշտ լռություն ու հնազանդություն են պահանջում՝ բռնությանն ի պատասխան»։
Երբեմն, բռնության մասին պատմելով՝ կինը կարող է կանխել իր իսկ սպանությունը։ Բայց ավելի հաճախ նրանք նախընտրում են լռել, քանի որ ադրբեջանական հասարակությունը հիմնականում կանանց է մեղադրում իրենց նկատմամբ բռնության մեջ։
«Երևի մի բան արել է, հասցրել է տղամարդուն, մեկի հետ խոսացած, շփված մի բան արած կլինի, ջղայնացրել է տղամարդուն։ Այ այս տիպի բաներով արդարացնում են կնոջ սպանությունը»,֊ պատմում է Գյուլնարա Մեխտիևան ու նշում, որ նման արդարացումներ հնչում են ոչ միայն հասարակության, այլև իրավապահ մարմինների կողմից։
Իրավաբան Սամիրա Ագաևան կարծում է, որ Ադրբեջանում նման դեպքեր կատարվում են «անպատժելիության պատճառով»։ «Դրա համար էլ այսպիսի սպանությունների թիվն ամեն տարի աճում է», – բացատրում է Ագաևան։
Գյուլնարա Մեխտիևան նշում է, որ իր դիտարկած բոլոր դեպքերում, ոստրիկանությունը ոչ թե պատժում է մեղավորին, այլ «խաղաղաշինությամբ» է զբաղվում, այսինքն, աչք փակելով ամեն ինչի վրա, կնոջը համոզում է «հաշտվել ամուսնու հետ»։
«Ոստիկանությունում հիմնականում կարծում են, որ ընտանիքում կնոջ նկատմամբ բռնությունն ամուսնալուծության կամ բռնարարին պատժելու առիթ չէ։ Բռնության արդարացման համար ոստիկանությանը հերիք է այն, որ բռնարար տղամարդը կնոջ ամուսինն է, հայրը, եղբայրը կամ այլ մտերիմ մարդ։ Արդյունքում, կինը ստիպված է լինում բռնարարի մոտ վերադառնալ»։
Ակտիվիստը կարծում է, որ Ադրբեջանում մեծ բարոյական, ֆիզիկական ու նյութական ռեսուրսներ են պահանջվում գործը մինչև վերջ հասցնելու ու բռնարարի պատժին հասնելու համար, քչերն են դիմանում։
Իրավաբան Սամիրա Ագաևայի խոսքով, հաճախ կանայք եթե անգամ դիմում են իրավապահներին՝ հարազատների կամ անգամ ոստիկանների ճնշման տակ հետ են վերցնում բողոքը։
Նույնիսկ ամուսնալուծման դիմումը ներկայացնելուց ու բաժանվելու հետո էլ կանայք սպանվելու վտանգից չեն ազատվում։
Սպանված Լեյլա Մամեդովայի մայրը՝ Ֆլորա Մահմուդովան, Մեյդան TV-ին պատմեց, որ իր դստերը սպանել են ամուսնալուծության դիմումի պատճառով։ Կնոջ խոսքով, Լեյլան մի քանի անգամ փորձել է բաժանվել, բայց ոչ մի անգամ գործը մինչև վերջ չի հասել, քանի որ ամուսինը սպառնացել է սպանել կնոջն ու իր հարազատներին։
Նույն թվականի փետրվարի 1-ին Բաքվի 37-ամյա բնակչուհի Դիլարա Զեյնալովան ծայրահեղ ծանր վիճակում վերակենդանացման բաժանմունք է տեղափոխվել։ Նրան դանակով բազմաթիվ հարվածներ էր հասցրել նախկին ամուսինը, ում հետ կինը բաժանվել էր երկու տարի առաջ։ Նախկին ամուսնու նկատմամբ քրեական գործ է հարուցվում։
Դիլարայի հարազատների պնդմամբ, ամուսինը հաճախ էր կնոջը նվաստացնում։ Վերջապես, 2018-ին կինն այլևս չի դիմանում ու բաժանվում է, բայց ամուսնու սպառնալիքներից ազատվել չի ստացվում։ Հարազատները պատմում են, որ Դիլարան ոստիկանություն բողոք է ներկայացրել, բայց բողոքը չի քննվել։
2020 թվականի հունվարի 29-ին Մասալինի շրջանի Խոշչոբանլի գյուղում հարսանիքից երկու շաբաթ առաջ սպանվում է 16-ամյա Ֆաթիմա Համբարովան։ Ամուսինը ձերբակալվում ու ինքնախոստովանական ցուցմունք է տալիս։ Գլխավոր դատախազության ու Ներքին գործերի նախարարության համատեղ հայտարարությունում ասվում է, որ ամուսինը Ֆաթիմային ձեռքերով խեղդել է ընտանեկան վեճի ժամանակ։
Ադրբեջանում ամուսնության թույլատրելի տարիքը 18-ն է։ Բայց վաղ ամուսնությունները, հատկապես մայրաքաղաքից դուրս՝ տարածված երևույթ են։ Քանի որ 18 տարին չլրացածները չեն կարող օրինական ճանապարհով ամուսնանալ, նրանց համար «ժողովրդական ավանդույթների» համաձայն հարսանիք են կազմակերպում՝ առանց ամուսնության պաշտոնական գրանցման։
Շատ հաճախ ֆեմիցիդի զոհ են դառնում հենց անչափահաս տարիքում ամուսնացած կանայք։ Ամենախոցելի խմբերից են։ Այդ կանայք, տարիներով ամուսնու կողմից նվաստացումների արժանանալով, գրեթե երբեք չեն ստանում հարազատների աջակցությունը, չեն ունենում բավականաչափ գիտելիքներ իրենց պաշտպանելու համար, չեն իմանում ինչ պետք է անի պետությունն այդպիսի դեպքերում։
«Նման դեպքեր շատ են հանդիպում․ անչափահաս աղջկան ամուսնացնում են, մի վատ բան է լինում, բայց ոչ ոք իր վրա չի վերցնում պատասխանատվությունը՝ ոչ իշխանությունները, ոչ ծնողները, ոչ էլ այլ կառույցներ,- պատմում է Սամիրա Ագաևան,֊ Նման դեպքերում ընտանիքների հետ աշխատող մարմիններ առհասարակ չկան»։
Ադրբեջանը ՄԱԿ֊ի Կանանց նկատմամբ խտրականության բացառման կոմիտեի անդամ է սկսած 1995 թվականից։ Իր ստանձնած պարտավորությունների համաձայն, Ադրբեջանն այդ կառույցի հետ սեռով պայմանավորված հանցագործությունների մասին խորհրդակցում է չորս տարին մեկ։ Վերջին լսումներն իրականացվել են 2015 թվականի փետրվարի 18-ին։ Փաթեթային փաստաթուղթ է կազմվել՝ «Դիտարկումներ և խորհուրդներ Ադրբեջանին» անվանմամբ։ Խորհուրդներից էր Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումը։
«Եթե Ադրբեջանը միանա Ստամբուլյան կոնվենցիային, կանայք կկարողանան իրենց խնդիրները քննարկել միջազգային հարթակներում», – բացատրում է Իրավաբան Ագաևան։
Կառավարությունը չի շտապում վավերացնել կոնվենցիան, թեև պարբերաբար հայտարարում է, որ «խիստ հետաքրքրված է» դրա ստորագրմամբ։
հոդվածն ամբողջությամբ՝ Մեյդան TV-ի կայքում
https://youtu.be/15qtssDRvjg