2019 թվականի ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի կողմից նախապատրաստվել է ընտանեկան բռնության վերաբերյալ 422 նյութ, վարույթում է գտնվել 635 քրեական գործ: Սակայն իրավապաշտպաններն այլ թվեր են ներկայացնում՝ խնդիրը կապելով օրենքի անկատարության հետ։
Ըստ Քննչական կոմիտեի տվյալների, 2019 թվականի ընթացքում Կոմիտեի վարույթում եղած ընտանեկան բռնության վերաբերյալ վերը նշված 635 քրեական գործերից 14-ը հարուցված են եղել սպանության, 2-ը` անզգուշությամբ մահ պատճառելու, 4-ը` ինքնասպանության հասցնելու, 11-ը` դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու, 12-ը` դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու և մի շարք այլ հոդվածներով։
2019 թվականի ընթացքում ավարտվել է ընտանեկան բռնության վերաբերյալ 468 քրեական գործ, 326 քրեական գործի վարույթ կարճվել է, որոնցից 129-ը` արդարացման հիմքով, 197-ը` ոչ արդարացման հիմքով: Մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 128 քրեական գործ:
Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի տեղեկատվության և հանրային կապերի պատասխանատու Զարուհի Հովհաննիսյանը տեղեկացնում է, որ Կոալիցիայի թեժ գծերին ստացված ահազանգերը տարվա կտրվածքով անցնում են 5 հազարը։
Հովհաննիսյանը պատմում է, որ Կոալիցիան ունի երեք թեժ գիծ՝ Կանանց աջակցման կենտրոնը, Կանանց իրավունքների կենտրոնը և Սեռական բռնության ճգնաժամային կենտրոնը։ Սակայն իրենք էլ չունեն հստակ վիճակագրություն, աշխատում են տարբեր մեթոդաբանություններով, գրանցում են միայն զանգերը։
Ընտանեկան բռնության ծայրահեղ դեպքերին հիմնականում արձագանքում է Կանանց աջակցման կենտրոնը, քանի որ այն ունի նաև ապաստարանի հնարավորություն․ «Սահմանային դեպքերի պարագայում, երբ մարդու կյանքին վտանգ ա սպառնում, իրենց շուտափույթ տեղափոխում ենք կացարան, մինչև սահմանային վիճակը հանդարտանա։ Այնուհետև իրավիճակի մասին տեղեկացնում ենք ոստիկանությանը»։
Կոալիցիան ոչ բոլոր դեպքերում է դիմում ոստիկանություն, լինում է՝ մարդը հոգեբանական կամ իրավաբանական աջակցության կարիք է ունենում։
Ամեն տարի առնվազն հարյուր կին՝ երեխաների հետ ստանում են ապաստարանային ծառայություն, այն պարագայում, երբ Կոալիցիան ունի ընդամենը մեկ ապաստարան։ Ոստիկանությունը ևս կապ է հաստատում Կոալիցիայի կամ Կանանց աջակցման կենտրոնի հետ, եթե տուժածները ծառայության կարիքն ունեն։
Պետությունն ապաստարաններ չունի․ «Ունեն ճգնաժամային կենտրոններ, որոնց կոալիցիան է վերապատրաստել, որպեսզի կարողանան էդ դեպքերով աշխատել, քանի որ այդ աշխատողները եղել են սոցիալական խոցելի խմբերի հետ աշխատողներ, իրենք ընտանեկան բռնություն երևույթի հետ չեն աշխատել»։
Հովհաննիսյանը նշում է, որ ոստիկանությունը 2000֊ից ավել զանգ է ստացել, սակայն քննչական կոմիտեում գործ է հարուցվել 422 դեպքերով, մնացածը ընթացք չեն ստացել, ինչն էլ օրենքի բացն է․ «Առաջնային դերում դիտարկվում է ընտանիքի պահպանությունը»։
Ոստիկանությունն իր վրա է վերցնում նաև հաշտեցնողի դերը․ «Այսինքն դու մի կողմից պետք է պաշտպանես մարդու կյանքը, մյուս կողմից ասում ես՝ դե՛ լավ, ընտանիք ա, մի քիչ հաշտ֊համերաշխ ապրեք։
Ընտանիքի համերաշխությունը չի կարող առաջնային դիտարկվել ընտանեկան բռնության պարագայում, որովհետև ընտանեկան բռնությունը վեճ չի, դա պարբերաբար իրականացվող ցիկլիկ պրոցես է անձի իրավունքների դեմ»։
Խնդիրներ են առաջանում նաև դատական պրոցեսներում, երբ, օրինակ, ընտանեկան ֆիզիկական բռնության դեպքերը ներկայացվում են որպես մեկանգամյա գործողություն, ամբողջ շղթան չի երևում, իսկ պարբերաբար բռնությունները անձի հանդեպ չեն դիտարկվում որպես պատիժը ծանրացնող հանգամանքներ։
Զառա Հովհաննիսյանը նշում է, որ շուտով Կոալիցիան կունենա նաև երկրորդ կացարանը, իսկ իրենց կայքում կստեղծվի վիճակագրական հարթակ, որտեղ էլ կգրանցվեն ընտանեկան բռնության դեպքերը։