Մի բան հաստատ փոխվել է այս երկրում, երբ ժամանակին ու ճիշտ ձևով ԱԺ պատգամավորներ Համազասպ Դանիելյանը և Նազելի Բաղդասարյանը («Իմ Քայլը» դաշինք) բարձրաձայնում են ԱԺ-ի ամբիոնից երեկ Գյումրիում տեղի ունեցած ընտանեկան բռնության դեպքի մասին ու դատապարտում ընդհանուր երևույթը, կոչ են անում ավելի խիստ լուծումներ գտնել, Ֆեյսբուքում գրել է իրավապաշտպան Լարա Ահարոնյանը։
Գյումրիում 28-ամյա տղամադրու կողմից ծեծված 43-ամյա կինը ստացված վնասվածքներից մահացել է։ Կնոջ 13 տարեկան դուստրը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել էր Երևան։
Պատգամավոր Դանիելյանը, խոսելով Հայաստանում ընտանեկան բռնության հերթական դեպքի մասին, նշել է, որ սա 2020 թվականի չորրորդ զոհն է․
«Ընդամենը երկու օր հետո մեզանից շատերը մարտի 8-ը կնշեն, փուչիկներ կառնեն, ծաղիկներ կառնեն, կանանց կնվիրեն, կենացներ կասեն։
Մինչդեռ, շատ ավելի կարևոր է, որ մենք հասկանանք՝ մեր, որպես քաղաքացիների, պատկան մարմինների, ոստիկանության, դատախազության դերը պետք է վերաիմաստավորվի, որպեսզի նման դեպքեր այլևս տեղի չունենան և բռնությունն իրապես արմատախիլ արվի մեր հասարակությունից»։
Նազելի Բաղդասարյանը, նշելով, որ դեպքը տեղի է ունեցեր ցերեկը, խիտ բնակեցված թաղամասում, շեշտեց՝ բռնությունը կատարվել էր հասարակության անտարբերության ներքո․ «Ինչո՞ւ եմ սա շեշտում։ Որովհետև հետո տարբեր լրատվամիջոցներին տրված հարցազրույցներում հարևանները փաստել են, որ այդ ընտանիքի անդամները պարբերաբար կապտուկներով են եղել։
Սա հասարակության անտարբերության մասին է խոսում։ Ցավոք, երբ մենք խոսում ենք, որ մեր հասարակության մեջ կա բռնություն, ոմանք ասում են՝ չէ, չկա, մեր ազգային նկարագրին և արժեքներին հարիր չէ։ Կա, հարգելի իմ գործընկերներ։ Իսկ նախօրեին համացանցում վիրավորանքների այն տեղատարափը՝ մահացած կնոջ հասցեին, զարհուրելի էր»։
Նա նաև նշեց, որ նմանատիպ բազմաթիվ դեպքեր կան, որոնց մասին մարդիկ լռում են․
«Անկեղծ եմ ասում, հուզմունքը դժվար է զսպել, որովհետև շատերը՝ նաև այս դահլիճում, երբ խոսում ես բռնությունների մասին, փորձում են անտեսել ու ասել, որ դա դրսից սերմանված արժեքներ են, որոնք մեր ազգային նկարագրին և բարքերին հարիր չեն։
Ես կոչ եմ անում ավելի սթափ նայել իրավիճակին և ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ նաև իրավական դաշտում։ Մեզ անհրաժեշտ են այնպիսի օրենքներ, որոնք կբացառեն ցանկացած տեսակի բռնություն»։
Ավելի վաղ առողջապահության նախարարի հանձնարարությամբ, նրա տեղակալ Արտյոմ Սմբատյանն այցելել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն` տեսակցելու Գյումրուց մայրաքաղաք տեղափոխված բռնության ենթարկված 13-ամյա երեխային։
«Բժիշկների գնահատմամբ` երեխայի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, միացված է արհեստական շնչառության սարք։
Բժիշկները ձեռնարկում են անհրաժեշտ բոլոր միջոցառումները` երեխայի կյանքը փրկելու համար», ֊ տեղեկացրել է Արսեն Թորոսյանը։