Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է դիտավորությամբ առողջությանը ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել 32-ամյա տղամարդուն։
Ըստ ՔԿ-ի, Վանաձոր քաղաքի բնակիչը, ծնված 1987թ., 2019 թվականի հոկտեմբերի 7-ին’ ժամը 23:20-ի սահմաններում, իր բնակարանում ծանոթ կնոջ հետ հացկերույթի ժամանակ անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում մարմնական վնասվածք պատճառելու դիտավորությամբ, բռունցքով հարվածել է վերջինիս դեմքի ձախ հատվածին՝ պատճառելով ծանր մարմնական վնաս:
Տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով (դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը, որը վտանգավոր է կյանքի համար կամ առաջացրել է տեսողության, խոսքի, լսողության կամ որևէ օրգանի կամ օրգանի ֆունկցիայի կորուստ կամ արտահայտվել է դեմքի անջնջելի այլանդակմամբ, ինչպես նաև կյանքի համար վտանգավոր այլ վնաս է պատճառել առողջությանը կամ առաջացրել է դրա քայքայում՝ զուգորդված ընդհանուր աշխատունակության ոչ պակաս, քան մեկ երրորդի կայուն կորստով կամ հանցավորի համար ակնհայտ մասնագիտական աշխատունակության լրիվ կորստով կամ առաջացրել է հղիության ընդհատում, հոգեկան հիվանդություն, թմրամոլությամբ կամ թունամոլությամբ հիվանդացում՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից յոթ տարի ժամկետով): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին։
Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին, հայտնում են Քննչական կոմիտեից: