Home / Հայաստան / Կնոջ հերոսականությունը պետք չէ կապել միայն պատերազմի և մայրանալու հետ

Կնոջ հերոսականությունը պետք չէ կապել միայն պատերազմի և մայրանալու հետ

«50 կանայք, որ փոխեցին աշխարհը» գրքի հեղինակները որոշել են որպես հիմնական ընթերցողների դիտարկել 40 տարեկան և դրանից բարձր տարիքի կանանց, քանի որ Հայաստանում համարվում է, որ արդեն ամուսնացած և երեխաներ ունեցողների համար կյանքն ավարտված է, այս կանայք անելիք չունեն և մնում է միայն մեկ բան՝ երեխաներ մեծացնելը։ Սակայն գիրքը կարող է ուսանելի լինել նաև տղամարդկանց՝ հայրիկների համար, որոնք, հնարավոր է, այն կընթերցեն իրենց երեխաների հետ միասին։

«Ի՞նչ է պահանջում ծնողը։ Նա ուզում է, որ իր երեխան երջանիկ լինի։ Ի՞նչ է ուզում երեխան։ Որ մաման երջանիկ լինի։ Արդյունքում ոչ մեկ երջանիկ չի, որովհետև էդ երջանկությունը բեռի նման է, գալիս է, բկներին կանգնում և ոչ֊ոք չի հասկանում՝ ո՞նց են լինում երջանիկ, առհասարակ», ֊ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է բանաստեղծ, «50 կանայք, որ փոխեցին աշխարհը» գրքի հեղինակ Հասմիկ Սիմոնյանը։

Քանի որ հայաստանյան իրականությունում դպրոցական երեխաները դասերը ծնողների հետ միասին են անում, երեխաների համար գիրք գրելուց հեղինակները գիտեին, որ այն անպայման կկարդա իրենց կողմից թիրախավորված խումբը՝ մայրիկները։

Իսկ ինչո՞ւ հենց կանայք․ «Մենք ապրում ենք մի մասկուլին տարածաշրջանում, որտեղ որոշումներ կայացնողները տղամարդիկ են, տղամարդը պարտավոր է լինել կարող, կնոջն էլ թույլատրվում է՝ կարող է և չանել, նույնիսկ պարտադրված է, որ ինքը չանի։ Ու էսպիսի բան կա․ եթե կնոջը հաջողվում է որևէ բան անել, դա նշանակում է՝ տղամարդը «պիտի անի ու անի»։

Ըստ համահեղինակ Արմինե Դանիելյանի՝ խոսքն այն գործողությունների և փոքրիկ արարքների մասին է, որոնք նպատակ չեն ունեցել հեղաշրջում անել, բայց որոնցից հետո աշխարհը երբեք նույնը չի եղել։

«Նրանց գործունեությունից, առանց հավակնության ինչ֊որ արարքներից հետո մենք վայելում ենք էն ազատությունները, որոնք ունենք։

Այսօր, հարցնելով նույնիսկ իմ ամենապահպանողական ընկերներին ընտրությունների մասին, զարմացած հայացքների եմ հանդիպում։ Բայց բացատրում եմ՝ դուք գիտե՞ք, որ դրա համար [ընտրություններին մասնակցելու համար] կանայք պայքարել են, տառապել են, դժվարություններ են հաղթահարել, որպեսզի մենք այսօր ընտրենք։ Այսօր շատ դժվար է զարմացնել տաբատ հագած կնոջով, բայց դրա համար կանայք կրկին տառապել են ու շատ են տառապել։ Ամենապահպանողական իմ ընկերները շալվարով աղջկան ոչինչ չեն ասում արդեն։ Արդեն, բայց դա շատ երկար ժամանակ էր տևել և դա փոփոխություն է։

Կոնկրետ Կոկո Շանելը, որին գիտենք որպես թիթիզ դիզայներ, իրականում հեղաշրջում արեց ո՛չ թե որովհետև հատուկ նպատակ էր դրել, այլ որովհետև ցանկանում էր ազատություն և հարմարավետություն իր համար և իր նման բոլոր կանանց համար։ Սրանք այն կանայք են, որոնց շնորհիվ աշխարհը երբեք հինը չի լինի։ Փառք Աստծո», ֊ ասել է Դանիելյանը։

Հայաստանում կանանց վերաբերող մեծ ծավալի գրականություն կա, իր հերթին, նշել է գրող, PEN կենտրոնի նախագահ Արմեն Հայաստանցին, սակայն այդ գրքերում կնոջ հերոսականությունը կապվում է պատերազմի, սխրագործության և նահատակության հետ․ «Սովետի շրջանում էլ աշխատանքի հերոսներ էին, սուպերարգանդներ, որոնք պետք է տասը երեխա ունենային։ Այս ամենինչով հանդերձ մենք չունեինք ուղղակի մարդկային պատմություններով մի գիրք, որ երեխաներին կարդայինք»։

Եվ չնայած ֆիդայական շարժմանը մասնակցած ու նահատակված կանանց մասին արյունալի պատմություններ գրվել են, Արմեն Հայաստանցին փաստում է՝ մենք չունենք ազգային հերոս կին։

Վերջին տարիներին գրախանութներում ֆեմինիստական տասնյակ գրքեր են հայտնվել, ինչը նա կապում է համաշխարհային թրենդի հետ, «որին միացել ենք նաև մենք»․

«Սա ծիծեռնակն է։ Ինձ թվում է՝ շատ֊շատ գրքեր են լինելու առաջիկայում»։

Խոսելով այն մասին, թե նոր գիրք ստեղծելու ի՞նչ կարիք կար, եթե կարելի էր թարգմանել արդեն գոյություն ունեցողներից մեկը, Արմեն Հայաստանցին ունիկալ անվանեց «50 կանայք, որ փոխեցին աշխարհը»․

«Նախ, ընտրանքի առումով․ այստեղ նաև հայուհիների պատմություններ էլ կան։ Դրանով իսկ արդեն ունիկալ է»։

Ասուլիսի կազմակերպիչները լրացրել էին գրքի անվանումը, և լրագրողների հետ հանդիպումն անցնում էր «50 կանայք, որ փոխեցին աշխարհը: 51-րդը կարող ես լինել դու…» խորագրի ներքո։ Հայաստանի PEN կենտրոնի նախագահը դրա՛ն էլ անդրադարձավ։

«50 պլյուս մեկն իմ կողքն է, – նայելով կին բանախոսների ուղղությամբ, ասաց նա, ֊ պլուս երկուսը՝ մյուս կողմից։ Եթե աշխարհը չեն փոխում, գոնե մեր միջավայրն են փոխում և դրանով էս գիրքն արդեն շատ ավելի արժեքավոր է դառնում»։

Գրքում հիշատակվում է նաև 16-ամյա էկոակտիվիստ Գրետա Թունբերգը, ով բրիտանական հայտնի The Times թերթի կողմից «Տարվա մարդ» ճանաչվեց, ինչը հուշում է՝ օրինակելի լինելու կամ հերոսանալու համար պարտադիր չէ մեծանալ և մայրանալ։ «Երեխա լինելով դու արդեն կարող ես․․․», ֊ ասել է Արմեն Հայաստանցին։