Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Գայանե Վարդանյանն այսօրվա նիստին մասնակցել է 2 ամսական որդու՝ Լեոյի հետ։
Lրագրողների հարցերին պատասխանելով, Վարդանյանը պատմել է, որ ավագանու նիստին առաջին անգամ է գալիս երեխայի հետ, սակայն նախկինում Լեոյի հետ մասնակցել է խմբակցության նիստերին, նաև՝ բազմաթիվ աշխատանքային հանդիպումներին տարբեր վարչությունների և շահառու խմբերի հետ։
«Հաճախ ենք տեսնում մայրերի, ովքեր երեխա ունենալով ամբողջությամբ նվիրվում են իրենց երեխաներին և մոռանում իրենց ու իրենց աշխատանքը։ Իհարկե առաջնային միտումը չէ, ես պարզապես ավագանու պարտավորություններ ունեմ, դրա համար նիստին եկա, բայց այս քայլով ուզում եմ ուղերձ հղել բոլոր մայրիկներին, բոլոր աղջիկներին, ովքեր մտածում են, որ երեխա ունենալուց հետո իրենց անձնական կյանքը վերջանում է։ Չկա նման բան։ Երեխա ունենալով միայն բազմապատկվում է այն ուրախությունն ու ոգևորությունը, որ մարդ կարող է վայելել իր ցանկացած հաջողությունից։ Լեոյի ուղեկցությամբ տարբեր աշխատանքների գնալը, տարբեր խնդիրներ լուծելը միայն ոգևորում է։ Երեխայի ներկայությունը կյանքում բացարձակ չի խանգարում և բացարձակ չի սահմանափակում իմ գործով զբաղվելը։ Այնպես որ բոլորին կասեմ, որ մայրանալն ավելի շատ էներգիա է բերում, գնացեք, զբաղվեք ձեր սիրած գործով։ Մենք ասպիսով պիտի հասարակությանը սովորեցնենք, որ ավելի բաց ու դրական վերաբերվեն այս տեսակի փորձառությանը։ Երեխային ոչինչ չի պատահում դրանից, մորը՝ ոչինչ չի պատահում, և մենք կարծես ավելի բարի ենք դառնում, երբ տեսնում ենք, որ փոքրիկ մարդուկ կա հարևանությամբ»,- պատմել է Գայանե Վարդանյանը։
Նա նշել է, որ երեխային իր հետ վերցնելու հիմնական պատճառը կրծքով կերակրելն է․ «Երբ կերակրելու կարիք է լինում, ես պարզապես առանձնանում եմ, կերակրում եմ ու վերադառնում իմ աշխատանքին»։