Ադրբեջանում իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցության գործադիր քարտուղար Ալի Ահմեդովը բոլոր քաղաքական կուսակցություններին կոչ է արել մասնակցել 2020 թվականի փետրվարի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին։
««Նոր Ադրբեջան» կուսակցությունը կոչ է անում բոլոր կուսակցություններին մասնակցել Միլլի Մեջլիսի ընտրություններին, փորձարկել սեփական ուժերը, օգտվել ժողովրդի հետ անկեղծ երկխոսության հնարավորությունից։ Ցանկացած դեպքում ընտրություններին մասնակցելը օգտակար է կուսակցության համար։ Ով չի ուզում այս շանսից օգտվել, նա նենգ մտադրություններ ունի», – ասել է Ահմեդովը։
Նրա խոսքով, կուսակցությունները, որոնք բոյկոտում են ընտրությունները, այդպիսով խախտում են քաղաքական կուսակցությունների գործունեության հիմնարար սկզբունքները։ Նա նաև նշեց, որ վերջին սոցիոլոգիական հարցումների համաձայն ընդդիմության վարկանիշն ընկնում է։
Ավելի վաղ մի շարք ընդդիմադիր կուսակցություններ հայտարարել էին, որ չեն պատրաստվում մասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին։
Դեկտեմբերի 1-ին ընդդիմադիր Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդը (ԺՈւԱԽ) հանդես եկավ ընտրությունների մասին ելույթով, որում մասնավորապես ասվում էր, որ ընտրություններ իրականացնելուց առաջ նախ պետք է ընտրական համակարգը բարեփոխել։
ԺՈւԱԽ-ն առաջարկում է պայմաններ ստեղծել ժողովրդավարական ընտրությունների անցկացման համար․ ընտրական հանձնաժողովների վերակազմավորում, ագիտացիայի հավասար հնարավորությունների ստեղծում, հավաքների լիարժեք ազատության ապահովում Բաքվում և մարզերում, դիտորդների համար ձայների հաշվարկի վերահսկման հնարավորության ստեղծում, քաղբանտարկյալների ազատ արձակում։
Հակառակ դեպքում, հայտարարել է ԺՈւԱԽ֊ը, իրենք չեն մասնակցի նախապես հայտնի արդյունքներով ընտրություններին։
Դեկտեմբերի 3-ին Ադրբեջանի ընդդիմադիր կուսակցությունները քննարկում էին արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հարցը։ Քննարկումներին մասնակցում էին Ադրբեջանի Ժողովրդական ճակատը, Մուսավատը, Հանրապետական Այլընտրանքը։ Ելույթ ունեցածների մեծամասնությունը մասնակցելու կողմնակից էին, չնայած ոչ բարենպաստ միջավայրին․ ոչ դեմոկրատական ընտրական օրենսդրություն, ընտրական հանձնաժողովների ենթակայություն իշխանություններին, հավաքների ազատության սահմանափակումներ և այլն։
Քննարկման մասնակիցները որոշեցին շարունակել խորհրդատվությունները՝ յուրաքանչյուր կուսակցության դիրքորոշումը հստակեցնելու համար։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել է խորհրդարանի լուծարման մասին կարգադրությունն ու արտահերթ ընտրություններ նշանակել 2020 թվականի փետրվարի 9-ին։