Բաքվում ուժայինները ձերբակալել են Bakupress.az կայքի գլխավոր խմբագրին՝ թմրամիջոցների ապօրինի վաճառքով զբաղվելու կասկածանքով: Լրագրող Շաֆագ Աղաբալաևան (Աղաջան) հայտարարել է, որ դա զրպարտանք է։ Այս մասին գրում է Kavkaz-uzel-ը։
Իրավապահները հայտնել են, որ Շաֆագ Աղաբալաևան ձերբակալվել է Բաքվի Նարիմանով շրջանում մարիխուանա վաճառելու ժամանակ։ Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։
Մայիսի 1-ին Նարիմանովի շրջանի 5-րդ քաղաքային կլինիկական հիվանդանոցի հարևանությամբ Բաքվի ոստիկանության աշխատակիցները հատուկ գործողություն են անցկացրել՝ թմրամիջոցների անօրինական առքուվաճառքով զբաղվող անձնաց հայտնաբերելու ուղղությամբ։
62 փաթեթ՝ ընդհանուր առմամբ 311 գրամ մարիխուանա վաճառելու ժամանակ էլ ձերբակալվել է ադրբեջանցի լրագրողը։
43-ամյա Շաֆագ Աղաբալաևան Bakupress.az-ի հիմնադիրն է և գլխավոր խմբագիրը։ Խուզարկության ժամանակ նրա մոտ հայտնաբերվել է թմրամիջոցների փաթեթ։
Ֆեյսբուքյան իր էջում լրագրողը հայտարարել է, որ ինքը միշտ թմրանյութերի դեմ է ելույթ ունեցել։ Նա հայտնել է, որ իրեն զրպարտել և մոլորեցրել են և իր կողմնակիցներին կոչ է արել մայիսի 3-ին տեղի ունենալիք դատական նիստին ներկա լինել և աջակցել իրեն։