Նոյեմբերի 12-ի առավոտից ադրբեջանական «Մուսավատ» կուսակցության մի շարք ակտիվիստներ բերման են ենթարկվել, Turan տեղեկատվական գործակալությանը հայտնել է կազմակերպության աշխատակազմի ղեկավար Գյուագա Ասլանլին։
Իրենց տներից ոստիկանական բաժանմունքներ են տեղափոխվել «Մուսավատի» Սիազանյան շրջանային կազմակերպության տնօրեն Մարդան Մեխտիլին, Հաթայինի շրջանային կազմակերպության ղեկավար Գազանֆար Բախիշովը, Նարիմանյան կազմակերպության ակտիվիստ Վալեհ Գումատօղլուն։
Արդեն մեկ օր տեղեկություններ չկան կուսակցության փոխնախագահ Ռազիմ Ամիրսլանլիի մասին, ում նոյեմբերի 11-ի առավոտյան Բինագադինի շրջանի ոստիկանական բաժանմունք էին կանչել։
Առավոտյան տնից դուրս գալուց հետո հնարավոր չէ զանգել նաև «Մուսավատ» կուսակցության մամուլի քարտուղար Մուստաֆա Հաջիբեյլիին, ում, Ասլանլիի ենթադրությամբ, ձերբակալել են ճանապարհին։
Սումգայիթում ոստիկանությունն այցելել է ակտիվիստ Բարշադ Ջումշուդլուին։ Գյանջայում մուսավատիստներ Ջահանգիր Ամիրխանլիին, Վիդադի Հասանլիին ու Օկտայ Զեյնալովին ժամը 10։00-ին ոստիկանություն ներկայանալու մասին ծանուցումներ են ստացել։
«Մուսավատ»֊ի առաջնորդ Արիֆ Հաջիլին հայտնում է, որ նոյեմբերի 12-ի առավոտից ոստիկաններն ու քաղաքացիականով անձինք փաստացի շրջափակել են կուսակցության շտաբը։ «Ներս մտնել ցանկացողներն անմիջապես ձերբակալվում են», – ասել է Հաջիլին։
Ասլանլին կարծում է, որ զանգվածային ձերբակալությունների նպատակը այսօր ժամը 15։00-ին Բաքվում Գործադիր իշխանության դիմաց «Մուսավատի» կողմից նախատեսվող պիկետների խափանումն էր։