Լիբանանում կանայք դուրս են եկել մասշտաբային բողոքի ակցիաների առաջնագիծ։ Բարձրացված ընդհանուր հարցերին՝ աղբահանությունից մինչև կոռուպցիա, գումարվել են գենդերային հավասարության պահանջները՝ ապահովել հավասար հնարավորություններ սեռերի միջև, կանխել ընտանեկան բռնությունը։ Նաև պահանջում են խմբագրել պետական հիմնը՝ «Մեր լեռներն ու հովիտները, որոնցում խիզախ տղամարդիկ են ծնվում», ավելացնելով կանանց։
Գենդերային հավասարության վարկանշային ցանկում Լիբանանը վերջին տեղերում է։ Երկրում ծանր քաղաքական-տնտեսական ճգնաժամ է։ Բողոքի ակցիաների ճնշման տակ վարչապետը հրաժարական էր ներկայացրել, բայց կարող է վերադառնալ։
Սկսվեց WhatsApp֊ի հարկից
Լիբանանում ցույցերը սկսվել են հոկտեմբերին՝ WhatsApp-ի և այլ մեսենջերների համար սահմանված հարկը չեղարկելու պահանջով։ Իշխանություններն այս հարցում նահանջեցին, բայց բողոքի ալիքը միայն ընդլայնվեց․ մարդիկ դժգոհություն էին հայտնում քաղաքացիական պատերազմից հետո ձևավորված քաղաքական համակարգի նկատմամբ, որում արմատացած էր կոռուպցիան և գործազրկությունը երիտասարդների շրջանում։
Բողոքի ակցիաներին մասնակցում են երիտասարդ աղջիկներ ու հասուն կանայք, ակտիվիստներ, տնային տնտեսուհիներ, ոմանք՝ մահմեդական գլխաշորերով, մյուսները՝ բաց շապիկներով։
«Կանայք կորցնելու բան չունեն, հակառակը, բողոքը նոր հասարակություն ստեղծելու հնարավորություն է, – ասում է Վանեսան, ով մի քանի տարի առաջ Շվեյցարիայից Լիբանան է վերադարձել։ – Գուցե միամիտ թվա, բայց մենք փողոց ենք դուրս գալիս հիմքեր ստեղծելու մի հասարակության համար, որում մարդկանց միջև հավասարությունը, շրջակա միջավայրի նկատմամբ հոգատարությունն ու գենդերային հավասարությունը աշխատանքի վարձատրության մեջ սովորական կլինեն»։
Ուսանողուհի Սակարի փոխանցմամբ, կանայք ապահովում են ցույցերի խաղաղ ընթացքը։ Ոստիկանության կողմից հնարավոր բռնության առաջին իսկ նշանների դեպքում կանայք կենդանի պատ են ստեղծում ոստիկանների և մյուս ցուցարարների միջև։
Նոր իրականություն, հին օրենքներ
«Լիբանանյան հասարակության մեջ կանանց դիրքը վերջին տարիներին անհամեմատ բարելավվել է, բայց փոփոխութունները չեն արտացոլվել օրենսդրական համակարգում»,֊ պատմում է Լիբանանում 1998 թվականին ստեղծված Կանանց գործերով ազգային կոմիսիայի խորհրդական Ժումանա Աբուրուս Մուֆարեժը։
Խտրականությունն արտահայտվում է թե հասարակական, թե ընտանեկան կյանքում․ ամուսնալուծության դեպքում կանայք ավելի քիչ իրավունքներ ունեն երեխայի նկատմամբ, ավելի քիչ ժառանգություն են ստանում, աղջիկներին հաճախ շուտ են ամուսնացնում։
Կանանց իրավունքների ոտնահարման հետ կապված խնդիրները հաճախ քննարկվում են կրոնական համայնքներում։ Ցուցարարները պահանջում են հավասարությունն ամրապնդել քաղաքացիական իրավունքի մակարդակով։